Ազատամարտիկ. «Բանակում չծառայելուն պատճառաբանություն չկա»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 30, 2012 14:00

Պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանն Արցախյան գոյամարտի ընթացքում մարտնչել է կամավորական ջոկատներում և 5-րդ բրիգադում: Մեզ հետ զրույցում նա վրդովմունք հայտնեց վերջերս տեղի ունեցած  ադրբեջանական դիվերսիոն հարձակումներին հաջորդած հասարակական աղմուկի վերաբերյալ, երբ մի շարք քաղաքական գործիչներ, անհատներ ու փորձագետներ ջանասիրաբար պաթետիկ կոչեր էին անում: Ազատամարտիկը նաև չկարողացավ իր անկեղծ զայրույթը զսպել անցյալի և ներկայիս որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք ո՛չ ծառայել են ազգային բանակում, ո՛չ էլ իրենց որդիներին են ուղարկում հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու:

– Պարոն Բալյան, ադրբեջանական դիվերսիոն հարձակումներից հետո բազմաթիվ քաղաքացիներ ինքնակամ հայտարարեցին պատերազմի դաշտ գնալու մասին, քիչ չեղան նաև այն քաղաքական գործիչները, որոնք իրենց ելույթներով պատերազմի կոչ արեցին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս վերջին դեպքերը:

– Մենք պետք է ավելի իրատեսական լինենք, այդպես մեծ-մեծ «փրթելով» ոչնչի չենք հասնի: Արցախյան գոյամարտի ժամանակ հիմնականում շատ զոհեր ենք տվել այնտեղ, որտեղ այսպես խոսողներ կային: Իսկական կռվող տղերքը համեստ էին իրենց ելույթներում, նրանք գնացին առանց աղմուկ հանելու: Այսօր էլ թող այն տղերքը խոսեն, ովքեր գործ են անելու: Պատերազմի տարիներին շատերը փախան Հայաստանից` ուսումը շարունակելու, բիզնես դնելու պատրվակով, այսօր էլ եկել են ու հոխորտում են` իբր հարգելի պատճառներից ելնելով չեն ծառայել: Բանակում չծառայելուն պատճառաբանություն չկա, միակ հարգելի պատճառն առողջականը պետք է լինի, մնացածը` ասպիրանտուրա և այլն, պետք է բացառվեն:

– Հասարակության շրջանում ներքին բողոք կա` կապված այն բացահայտ խտրականության հետ, երբ լայն հնարավորությունների տեր անձնավորությունների որդիները ծառայում են բնակավայրին մոտ կամ առանց ծառայելու զինվորական գրքույկ են ստանում, իսկ հասարակ ժողովրդի որդիները գնում են սահմանային գոտին պաշտպանելու: Սա՞ ինչպես կմեկնաբանեք:

– Այո՛, հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս են նրանք հայտնվում իրենց բնակավայրին մոտիկ զորամասում կամ չեն ծառայում: Ես գնացել եմ կռիվ, ողջ մարմինս քրքրվել է, առողջ տեղ չունեմ մարմնիս ոչ մի մասում, իմ տղան էլ ծառայել է հենց առաջնագծում՝ ԼՂՀ մարտական զորամասերից մեկում: Հավանական պատերազմի դեպքում ո՞վ է կռվելու, այդ մամայի բալե՞քը, լկստված տղե՞րքը, թե՞ իմ որդին կամ էլ Գարիկ Շառոյանի տղան, որ մահապարտների գումարտակում զոհվեց, իսկ տղան` հերոս լեյտենանտը՝ սահմանային դիրքում: Թող բերեն իմ վիրավորված աչքս կոխեն մի պատգամավորի, մեծ-մեծ խոսողի, կռվի կոչ անողի որդու օրինակն ու ասեն` սա սահմանում է ծառայել: Չկա: Ես անուն չեմ տալիս, բայց միայն մի պաշտոնավորի տղա գիտեմ, որ մի անգամ սխալմամբ եկավ-ընկավ Շահումյան, բայց հաջորդ իսկ օրը Երևանից ուղղաթիռով եկան ու այդ տղային հետ տարան: Դա է մեր պատմությունը: Աստված չանի, որ կռիվ սկսվի, ճակատ է գնալու Մանվել Գրիգորյանն իր երկրապահներով, Արաբոյի Մանվելը` իր տղերքից ում կարողանա հավաքի-չհավաքի, կռիվ է գնալու Ջերմուկի Համոն, որ 4-5 անգամ վիրավորված, մի վերքը դեռ չլավացած, վիրակապված, ոտքը գիպսի մեջ, ձեռնափայտին հենված` ռազմաճակատում էր: Նրանք, ովքեր ռազմաճակատից փախան, այսօր բարերարներ, պատգամավորներ, մարդասերներ են դարձել: Մեր նախագահը փայլուն պատկերացնում է Արցախյան ազատամարտը, ուստի քայլեր է ձեռնարկում հերթական պատերազմից խուսափելու համար և զուսպ է իր ելույթներում, իսկ ոմանք պատերազմի դառնությունը չեն գիտակցում, դրա համար էլ մեծ-մեծ «փրթում» են: Տո, մի ասող լինի էն հանրահայտ կինոյի Մուրադի խոսքերով` այ, շուն, շան որդիներ, դուք ո՞ր օրվա կռվողն եք, որ ձեր գլխից մեծ-մեծ դուրս եք տալիս: Մեր պաշտոնավորների համար լավ դաս կարող է լինել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի օրինակը, որ Աֆղանստանում է ծառայել: Նրա կերպարը չափազանց ուսանելի էր ու ոգեշնչող` փոշոտ, չսափրված, իր զինակից ընկերների հետ զինվորական կաթսայից շիլա ուտելիս:

– Բայց դա միգուցե լավ պլանավորված PR-ակցիա էր:

– Թող մերոնք էլ նման մի բան անեին, մեր նախկին նախագահների տղերքից մեկին ցույց տային Հորադիզի, Օմարի որևէ դիրքում, ինքնաձիգը ձեռքին: Կարող եմ հիշատակել միայն մեկ օրինակ. մեր երկրի պաշտպանության նախարարի երկու զավակները, ունենալով շատերից էլ մեծ հնարավորություններ, այսօր ծառայում են սահմանամերձ գոտիներում, ինչպես որ վայել է արժանապատիվ սպայի զավակներին:

– Ադրբեջանական դիվերսիոն հարձակումներից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակն ու հավելյալ ուժերի կարիք չունեն: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ես վստահ եմ, որ մեր բանակը կազմակերպված ու կայուն է: Բանակի հրամկազմի մի մասին, ինչպես նաև Գերագույն գլխավոր հրամանատարին ճանաչելով` վստահ եմ, որ մեր երկրի զինված ուժերն ամուր են, բայց որ սպառնալիքներ շատ կան, անկասկած է:

– Ինչի՞ հետ է դա կապված:

– Տեսնում եմ, որ իմ թվարկած հանգամանքներից ելնելով` հայրենիքը բաժին-բաժին անողների տղաները մեկնում են օքսֆորդներ, սորբոններ և քեմբրիջներ: Ներկայիս Ազգային ժողովն արդեն որերորդ տարին է, ինչ փորձում է ընդունել մի օրենք, որով բոլորը հավասար ծառայեն ազգային բանակում, բայց այնտեղ նստած «պրոֆեսորները» համառում են, թե գիտությունը կոչնչացվի: Եթե բանակը թուլանա, գիտությունն էլ հետներս կոչնչանա, ուրեմն առաջին հերթին պետք է մտածենք պաշտպանության մասին: Պետական պաշտոնյան պետք է ծառայած լինի, վառոդի հոտն առած լինի, ինքնաձիգի զգացողության հետ առնչվի, գոնե մեկ անգամ սոված մնա, մի անգամ ոտը թող զինվորական կոշիկը հարի, մեկ անգամ թող հոգնածությունից նստած տեղը քնի, որ մի քիչ էլ կյանքը քաղցրանա: Դուրս է գալիս` հայրենիքի յուղոտ մասերն այդ իշխանավորներին, իսկ դառը մասերը` պաշտպանելն ու զրկանք կրելը, հասարակ ժողովրդին է հասնում: Մենք լիովին վստահ կարող ենք լինել մեր հայրենիքի պաշտպանության ու անվտանգության խնդրում, եթե բոլորի երեխաները հավասար ծառայեն բանակում: Այ, հենց այդ ժամանակ իրոք կլինենք անպարտելի, իսկ հայրենիքը բոլորիս համար կդառնա թանկ ու սիրելի:

 

Հարցազրույցը վարեց Գագիկ Ղազարյանը

Դիտվել է 1828 անգամ:
Print Friendly

Leave a Reply