Հին աշխարհում կիրառված զինատեսակները
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | July 3, 2012 12:14
Առաջին զինվորական միավորումները ստեղծվել են դեռևս նախնադարյան հասարակարգում, երբ մարդն ապրում էր ցեղերով ու տոհմերով: Այդ ժամանակ ստեղծված զինված միավորումները երկու խնդիր ունեին իրենց առջև դրված` պաշտպանել համայնքը վայրի կենդանիներից և այլ ցեղերի հարձակումներից, համայնքի համար սնունդ հայթայթել:
Աստիճանաբար այս զինված միավորումները ավելի հստակ ու կայուն կարգավիճակ ստացան և առաջին պետական միավորումների ի հայտ գալուն պես դրանց կարգավիճակն ավելի ամրապնդվեց: Բանակը դարձավ պետության հենասյունը:
Սակայն սկզբնական շրջանում բանակն այն բոլոր ենթակառուցվածքները չուներ, ինչ այսօր կամ ավելի վաղ անցյալում: Չկային կանոնավոր բանակ և օրենքով կարգավորվող հարաբերություններ: Բանակը սկզբնական փուլում ավելի շատ անկանոն կազմակերպված զինված ջոկատներից էր կազմված, որոնք հավաքվում էին ըստ անհրաժեշտության:
Հետագայում` պետական իշխանության ամրապնդման փուլում, բանակն աստիճանաբար ձեռք բերեց իր այսօրվա կարգավիճակն ու կառուցվածքը:
Դրանցում մեծ դեր խաղաց ոչ միայն պետության ամրապնդումն ու հզորացումը, այլև պետական մյուս ինստիտուտների կայացումը:
Դեռ շումերների պետությունում տաճարները կատարում էին նաև զենքի, զինամթերքի պահեստի դեր: Դա էապես մեծացրեց տաճարների դերը բանակում, և հոգևոր դասը նաև քաղաքական ուժ ստացավ: Հայաստանում տաճարներ քրմական դասը անգամ սեփական զինված ուժերն ունեին: Պատմիչները վկայում են, թե ինչպիսի զինված դիմադրություն են ցույց տվել քրմերը Տրդատ Երրորդին, երբ վերջինս Հայաստանում քրիստոնեություն էր տարածում: Այս տաճարների վրա էր դրված նաև պատերազմի ժամանակ աշխարհազորը զինելու պարտականությունը:
Դեռ մ.թ.ա. III հազարամյակից բանակում որոշակի կարգուկանոն, հստակ կանոնակարգված արարողակարգեր կային: Որմնանկարներից դատելով` եգիպտական և Միջագետքի երկրների բանակներում նաև հստակ շարքեր կային: Այսինքն` զորքը երթերի ժամանակ շարային էր քայլում:
Աշխարհում առաջին ռազմական բարեփոխումների պատիվը պատկանում է Միջագետքի Աքքադ պետության թագավոր Սարգոն Աքքադացուն, որ թագավորել է մ.թ.ա. 2316-2261 թթ.: Նա ստեղծեց նաև առաջին կանոնավոր, հիմնական բանակը: Սարգոնը իր զինվորներին հարձակվելու համար տվեց միայն մեկ տեսակի զենք, ինչը նպաստեց այդ զինատեսակի կատարելագործմանը: Նա նաև անկանոն մարտը փոխարինեց հստակ մարտավարությամբ, երբ մարտի ժամանակ օգտագործվում էին զենքի և զորքի բոլոր տեսակներն ու ստորաբաժանումները: Սարգոնը մանավանդ հիմնվում էր հմուտ նետաձիգների վրա, որոնց շնորհիվ կարողանում էր հեռահար մարտ վարել և միաժամանակ խախտել հարձակվող հակառակորդի մարտական դասավորությունը:
Եգիպտոսի Ռամզես Երրորդ փարավոնը (1204-1173 մ.թ.ա.) առաջինն էր որ առանձնացրեց հետևակի ծառայությունը մարտակառքերի ծառայությունից: Նա նաև առաջինն էր, որ մտցրեց օտարազգի վարձկանների ծառայությունը: Առաջինն էր նաև, որ բանակում վերացրեց ծեծը, ֆիզիկական պատիժները և դրանք փոխարինեց աստիճանազրկումով: Նա մեծ ուշադրություն դարձրեց բանակի կարգուկանոնին: Նրա հրամանով` պատվազրկված զինվորն իր պատիվը կարող էր վերականգնել միայն մարտի դաշտում կատարած հերոսությունով: Ռամզեսն առաջինն էր, որ մ.թ.ա. 1200 թ. ծովային և ցամաքային ուժերի մարտավարությունը համատեղեց մեկ ընդհանուր խնդիր լուծելու համար:
Ասորեստանյան բանակում ստեղծվեցին առաջին ինժեներական ստորաբաժանումները: Այստեղ ծառայողները զինված էին բացառապես քլունգներով և այլ նմանատիպ գործիքներով, որոնց նպատակը ճանապարհների, ամրությունների կառուցումն էր կամ թշնամու գրաված ամրոցների քանդումը:
Այս ամենը եղել է նաև Հայաստանում: Քերթողահայր Խորենացին, նկարագրելով Հայկի և Բելի ճակատամարտը, մանրամասն գրում է, թե ինչպես է Հայկը կարգ ու կանոնով դասավորել իր ուստրերին և թոռներին, ըստ էության` հայոց բանակը:
Զենքեր և պաշտպանական միջոցներ Հայաստանում կիրառել են վաղնջական ժամանակներից: Դեռ նախնադարում մարդու առաջին զենքը քարն ու փայտե մահակն էին: Մարդու կողմից մետաղի օգտագործման հետ մեկտեղ զենքերն ավելի կատարելագործվեցին և ճկունություն ձեռք բերեցին:
Հնագույն զինատեսակներից էր պարսատիկը: Այն իրենից ներկայացնում էր երկու ծայրերին պարան կամ կաշվե ամուր թելեր ամրացրած կտոր, որի մեջ փաթաթած քարը նետում էին թշնամու վրա` կաշվի մի ծայրը բաց թողնելով: Առավել տարածված ու արդիական զենք էր նետ ու աղեղը, որ դարձյալ Հայաստանում օգտագործել են հազարամյակներ շարունակ: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են նետ ու աղեղի հազարավոր նմուշներ, որոնց նետասլաքները պատրաստված էին օբսիդիանից, կայծքարից, ոսկրից, պղնձից, երկաթից… Հայաստանի տարածքում գտնված հարյուրավոր ժայռապատկերների մեջ պատկերված է նետաձիգ զինվորը: Այս զենքերը, բնականաբար, սկզբնական շրջանում կենցաղային նշանակություն են ունեցել մարդու համար և նախապես ծառայել են որպես որսի միջոց: Հետագայում` տոհմատիրական կարգերում, առաջին զինված ջոկատներն արդեն լիիրավ սպառազինված են եղել: Հայկական բանակում առանձնահատուկ տեղ են ունեցել նետաձիգները: Նետ ու աղեղը օգտագործվում էր զորքի բոլոր տեսակներում. նրանով զինված էին թե՛ հեծյալները, թե՛ հետևակը: Այն օգտագործվում էր պաշտպանության և հարձակման ժամանակներում: Հայերը լավ նետաձիգներ են եղել:
Հայոց ավանդույթը պատմում է, որ դեռ սրանից հինգ հազար տարի առաջ մեր նահապետ Հայկը ասորաց թագավոր Բելին սպանել է երեքթևյան նետով: Նրա արձակած աղեղը գետնել է Բելին և ծակելով մարմինը կրծքից` դուրս է եկել թիկունքի կողմից: Ուրարտական սեպագիր արձանագրություններից մեկում փաստած է, որ մի մրցույթի ժամանակ Հայոց Արգիշտի Բ արքայի արձակած նետը սլացել է շուրջ 950 կանգուն, որ հավասար է 492 մետրի: Հայկական եռաթև նետերի մասին իր ակնարկում պատմում է նաև հույն զորավար և պատմիչ Քսենոֆոնը:
Միջնադարում նետ ու աղեղն ավելի կատարելագործվեց և այն կիրառական էր աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ: Մանավանդ մոնղոլները հայտնի էին որպես հմուտ նետաձիգներ. հայ մատենագրության մեջ նրանք հայտնի են նաև նետողաց ազգ անվամբ:
Ասորեստանյան բանակում կիրառվեցին առաջին պաշարողական գործիքները:
Թիգլաթպալասար Գ-ն (745-727) առաջինն էր, որ բանակ մտցրեց վարձատրության համակարգը, որով զինվորը ծառայության դիմաց վարձատրվում էր արքայի կողմից: Նա նաև առաջինը ստեղծեց արքայական թիկնազորը:
Ձեռնամարտի ծակող, կտրող զենքերից առավել կիրառական էին սուրը, թուրը, սուսերը:
Սուրը երկար, պողպատե երկսայր, սուր շեղբով և երախակալով կամ դաստանակով զենք է: Սուր հիմնականում կրել են հետևակայինները: Սուրը երկսայր են պատրաստել որպեսզի հնարավոր լիներ հարվածել աջ ու ձախ:
Թուրը, որ հիմնականում հեծելազորայինների զենքն էր, սրից տարբերվում էր փոքր-ինչ կորությամբ և նրանով, որ թրի միայն մի կողմն էր սրած: Մյուս` տափակ կողմը նախատեսված էր թշնամու հարվածները կասեցնելու համար:
Սուսերը համեմատաբար ուշ շրջանի զենք է: Այն բարակ, ճկուն, կլոր շեղբ ունի և նախատեսած է միայն խոցելու համար:
Խոցելու և կտրելու փոքրիկ զենքերից է դաշույնը, որ մարտիկի անբաժան ուղեկիցն է եղել: Սակայն դաշույնը լրացուցիչ զենք է և, որպես այդպիսին, մարտի ժամանակ լայն կիրառություն չի ունեցել:
Սակայն ռազմարվեստն ավելի կատարելագործման հասավ Հին Եգիպտոսում, որտեղ հստակ ստորաբաժանումներ ստեղծվեցին, զորքի տեսակները տարանջատվեցին, նրանք միանման զինվեցին: Հատուկ նշանակություն տրվեց ինժեներական պատրաստվածությանը, զորքի մատակարարմանը, տարբեր ստորաբաժանումների միջև համագործակցությանը: Թութմոս Գ փարավոնը նաև մշակեց զորքերի մարտաշարքով շարժի համակարգը, որ գործում է մինչ օրս. խոսքը շարժի ժամանակ բանակը երեք մասի բաժանելու մասին է. առաջնապահ, հիմնական և ետնապահ ուժեր:
Հայոց բանակի ծանրազեն հեծյալ և հետևակ մարտիկների հիմնական զենքերն էին գեղարդը, տեգը և նիզակը: Սրանք կազմված էին փայտե երկար և կարճ կոթերից, նրանց վրա ամրացված սրածայր շեղբերից և բացառապես կիրառվում էին խոցելու համար: Նիզակը կոչել են նաև աշտե կամ աշտետ: Նիզակի տեսակ է մկունդը: Պատմությունը հետաքրքիր դեպք է ավանդել. 378 թ. հայոց Վարազդատ Արշակունու դեմ ապստամբում է Մանվել Մամիկոնյան սպարապետը: Նա մենամարտի է բռնվում թագավորի հետ և հաղթում նրան: Սակայն չկամենալով սպանել Վարազդատին` հայոց սպարապետը նիզակի պոչով ծեծում է նրան և հալածում մարտադաշտից: Այսինքն` երբեմն մարտի ժամանակ ըստ անհրաժեշտության կիրառվել է նաև նիզակի պոչը:
Սպարտայում տղաներին զինվորական ծառայության էին պատրաստում ծնված օրից: Այստեղ գլխավորը ֆիզիկական, բարոյական և ռազմական պատրաստությունն էր: Հզոր բանակ ուներ նաև Աթենքը, որի թվաքանակը հասնում էր 30000 հետևակի: Բացի դրանից, աթենացիներն ունեին նաև լավ նավատորմ: Հունական բանակների կորիզը ծանրազեն հետևակն էր, որ զինված էր երկու մետրանոց նիզակներով և կարճ թրերով:
Յուրատեսակ զենք է օգտագործվել հեծյալին ձիուց ցած գցելու համար: Այն իրենից ներկայացնում էր երկար ձող` վրան ամրացրած կեռեր: Երբեմն ձողին փոխարինել է երկար պարանը:
Հետևակի կիրառած զենքերից է նաև սակրը կամ վաղրը, որը լայնաբերան կացին է:
Մ.թ.ա. 200 թ., երբ Արտաշես իշխանն ապստամբեց հայոց Երվանդ Դ Երվանդունի թագավորի դեմ, Արտաշեսի զինվորները հենց վաղրով սպանեցին Երվանդ արքային:
Աքեմենյան Դարեհ Ա թագավորը (մ.թ.ա. 522-486) առաջինն էր, որ զորքի արագ տեղաշարժման համար հարմարավետ ճանապարհներ կառուցեց. դրանցից էր Արքայական պողոտան, որի երկարությունը 2400 կմ էր: Նա նաև ճանապարհի վրա յուրաքանչյուր 5-րդ կիլոմետրում փոստային հաղորդակցման կայան ստեղծեց. այսինքն` նա առաջինն էր, որ ուշադրություն դարձրեց կապի միջոցներին և արագ լրատվությանը: 2400 կմ հեռավորությունից թարմ լուրերը արքային էին հասնում երկու օրվա ընթացքում:
Պաշտպանական միջոցներ են զրահը, վահանը, սաղավարտը: Վահանը պատրաստել են պղնձից կամ բրոնզից, երբեմն` փայտից, որի վրա հաստ կաշի էր ամրացված: Զրահը երկաթից էր պատրաստված, սաղավարտը` երկաթից կամ բրոնզից: Զրահը բաղկացած էր մի քանի մասերից. լանջապանակից, որ պատսպարել է կուրծքը, թիկնապանակից, որ թիկունքն է պաշտպանել, դիմակալից, որ դեմքն է պաշտպանել, ուսակալը պաշտպանել է ուսը, զանգապանը` կոնքերը, սրնապանը` սրունքները, բազպանը` բազուկները… Օգտագործվել են հիմնականում թեփակերտ զրահներ, որոնք թուլացրել են հարվածի ուժը:
Զինվորական ծառայության մեջ առաջինը ժամանակացույց սահմանեցին հռոմեացիները: Հին Հռոմում հետևակազորայինները ծառայությունից ազատվում էին 16-20, հեծելազորը` 10 արշավանքի մասնակցելուց հետո:
Օգտագործվել են մեծ և փոքր վահաններ: Մեծ վահաններից կազմված շարքի հետևում զորքը հաջողությամբ պատսպարվել է, ինչես պարսպի հետևում:
Աշխարհազորը զինված էր տեգերով, նետ ու աղեղով, նիզակներով: Դա կարելի է բացատրել նրանով, որ հասարակ բնակչությունը չէր կարող տիրապետել սրով կռվելու արվեստին: Այսինքն` բնակչության սոցիալական շերտավորումը առկա էր նաև հին Հայաստանի բանակում:
Եթե Հայաստանում բանակի մեջ կար սոցիալական շերտավորում, այսինքն` ազատներ և անազատներ կամ հեծյալներ և հետևակ, ապա միջագետքում կային ամուսնացածների և ամուրիների զորաջոկատներ:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
