Ուսման վարձը չի թանկանա

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 1, 2012 7:02

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ընդունելության քննություններն անցկացվելու են հուլիսի 3-8-ը: Այս կրթօջախը տարբերվում է մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններից: Բանն այն է, որ անդամագրվել ցանկացողները, բացի լսարաններում քննություններ հանձնելուց, իրենց կարողությունները պետք է դրսևորեն նաև մարզաբազաներում, ցույց տան, թե ինչպես են տիրապետում տարբեր մարզաձևերի հմտություններին, ինչպիսի ընդհանուր ֆիզիկական պարտրաստականություն ունեն: Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանին խնդրեցինք հայտնել, թե առաջիկայում բուհին ինչպիսի համալրում է սպասում:

– Ինստիտուտը համալրելու ցանկություն է հայտնել 500 դիմորդ: Նրանք պայքարելու են 450 տեղի համար: Պետպատվերով  կսովորեն 59-ը: Ընդ որում,  դիմորդներից 18-ը տիտղոսավոր մարզիկներ են` աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ, և նրանց իրավունք է վերապահված առանց ընդունելության քննությունների, միայն հարցազրույց անցնելով, պետպատվերով շարունակել ուսումը: Արտոնյալ պայմաններով բուհին կանդամագրվի նաև զոհված ազատամարտիկի մեկ և երկկողմանի ծնողազուրկ մեկ երեխա: Արտոնյալ պայմաններով բուհ ընդունվելու համար Արցախի ներկայացուցիչներին հատկացված է 4 տեղ:

Անցյալ տարի ընդունելության քննություններից առաջ ծանր իրավիճակ էր. դիմորդների թիվը փոքր էր: Հատկացված բոլոր տեղերն ուսանողներ ունեցա՞ն:

– Ոչ: Անցյալ տարի 120 դիմորդ կար, ընդունվեցին միայն 86-ը, այն դեպքում, երբ ընդունելության համար հատկացվել էր նույնքան տեղ, ինչքան այս տարի: Պարզապես պատիվ չէր բերի, որ մեր բուհն ընդունվեին պատահական մարդիկ: Օրինակ` դիմորդ կար, որը բռնցքամարտի հետ ոչ մի առնչություն չէր ունեցել, սակայն դիմել էր, որ այդ  մարզաձևում մասնագիտանա: Եվ այսպիսի օրինակները եզակի չէին:

Բոլորն էլ կարո՞ղ են դիմել տարբեր մասնագիտությունների գծով` անկախ այն հանգամանքից` տիրապետում են որևէ մարզաձևի, թե ոչ: Նախկինում խնդիր էր դրվում, որ դիմորդները ոչ միայն մարզաձևերի տիրապետեն, այլև որոշակի պատրաստականություն, նաև մարզական կարգեր ունենան:

– Այժմ այդպիսի սահմանափակում չկա: Մարզական լրագրության, կինեզալոգիայի, ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժիններում սովորելու համար այնքան էլ կարևոր չէ, թե դիմորդը մարզական ինչ վարպետություն, պատրաստականություն ունի: Այդուհանդերձ, բոլոր դիմորդները բժշկական հանձնաժողովի հետազոտություն են անցնում: Որպես կանոն, մեծ թվով դիմորդների հանձնաժողովը տարբեր պատճառներով չի թույլատրում մասնակցել ընդունելության քննություններին:

Փաստորեն, բացառվո՞ւմ է, որ զինվորական ծառայությունից առողջական խնդիրներով ազատվողները դիմեն ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտ:

– Այո, բացառություն կարող են կազմել միայն նրանք, ովքեր որոշ խնդիրներ են ունեցել, որոշ ժամանակ բուժման կարիք ունեն, որպեսզի հետո բանակ զորակոչվեն: Այդ մասին հստակ կանոնակարգ կա:

– 2011-ին քիչ ուսանողների համալրումը չի՞ խաթարել բուհի աշխատանքը:

– Ինչ խոսք, դժվարություններ եղել են, սակայն բուհի աշխատանքը բնականոն շարունակվել է: Ի դեպ, նույնատիպ դժվարություններ ծագել են նաև Հայաստանի այլ բուհերում, և դրանց մի մասում դասախոսական անձնակազմի հաստիքների կրճատումներ են կատարվել: Սակայն մեր բուհում փորձեցինք այնպես անել, որ աշխատողներին, լավագույն մասնագետներին ճակատագրի քմահաճույքին չթողնենք: Ընդ որում, բոլորն ըմբռնումով մոտեցան ստեղծված իրավիճակին, մասնագետները համաձայնվեցին պակաս դրույքաչափերով աշխատել, միայն այն բանի համար, որ իրենց գործընկերների մի մասն առանց աշխատանքի չմնա: Այս տարվա ընդունելության քննություններից հետո վիճակը մի փոքր կբարելավվի, սակայն խնդիրները չեն վերանա, քանի որ սակավաթիվ ուսանողներով առաջին կուրսեցիները նոր ուսումնական տարում երկրորդ կուրսում են սովորելու: Մի քանի տարի կպահանջվի, մինչև ամեն ինչ կրկին հունի մեջ ընկնի:

Ո՞ր մասնագիտությունների դիմորդներն են այս տարի շատ: Կա՞ն նոր մասնագիտություններ:

– Կինեզալոգիայի, ֆուտբոլի, բռնցքամարտի, ծանրամարտի մասնագետներ դառնալու ցանկություն ունեցողները շատ են: Ըմբշամարտ մարզաձևի ընդունելության տեղերը մի քիչ կրճատվել են, սակայն դարձյալ դիմորդների թիվը մեծ է, մրցակցություն է սպասվում: Մարզական լրագրության բաժնում ևս շատ են ընդունվել ցանկացողները: Ընդ որում, մեծ մասը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Դա ուրախացնում է, քանի որ վերջին տարիներին մեր բուհում սովորող աղջիկները պակասել են: Բացի այդ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որպես կանոն, բարձր առաջադիմություն են դրսևորում: Այս տարի նոր մասնագիտությունների ընդունելություն չի լինելու:

Ուսման վճարների բարձրացում չի՞ սպասվում:

–  Այդպիսի շարժառիթներ և հնարավորություններ կային, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ ուսման վարձը մնում է նույնը: Բանն այն է, որ մեր բուհին հիմնականում անդամագրվում են մարզիկ-մարզուհիները, որոնք հիմնականում մարզական, սոցիալական դժվարին պայմաններում ապրող ընտանիքների երեխաներ են: Ուսման վճարների բարձրացումը կարող է լուրջ հարված հասցնել հայկական սպորտին:

Բացի ընդունելության քննություններից, բուհն ի՞նչ ընթացիկ խնդիրներ ունի:

– Սովորության համաձայն` ամռանը, երբ դասեր չկան, շինվերանորոգման աշխատանքներ են կատարվելու: Մրցույթ է հայտարարվել, ըստ  դրա էլ կորոշվի, թե շինարարական որ կազմակերպությունն է աշխատանքներ ծավալելու: Նորոգումների համար նախատեսվում է ծախսել 20 մլն դրամ: Կթարմացվեն, տեսքի կբերվեն լսարանները, կկահավորվեն, աշխատանքներ կկատարվեն մարզաբազաներում: Այս տարի հայտ ենք ներկայացնելու, որ հավատարմագրվենք բոլոնյան գործընթացին: Իսկ միջազգային չափանիշներով աշխատելու համար հրամայական պահանջ է բարվոք պայմաններ ունենալը:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դիպլոմը ներկայումս ո՞ր երկրներում է, որ գնահատվում է կամ ինստիտուտի շրջանավարտներին աշխատելու հնարավորություն է տալիս:

– Բոլոր երկրներում: Մեր բուհի շրջանավարտներն աշխատում են աշխարհի շատ երկրներում: Հանգամանքների բերումով տարբեր երկրներ եմ այցելում և առիթ եմ ունեցել տեսնելու, որ մեր բուհի շրջանավարտներին գնահատում են, և նրանք աշխատանքում իրենց կաշկանդված չեն զգում:

Բուհը մարզաբազաների առումով դժվարություններ չունի՞: Ե՞րբ պատրաստ կլինի մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում կառուցվող հաստատության լողավազանը:  

– Մարզաբազաների առումով խնդիրներ չկան: Ի դեպ, ընդունելության քննություններն էլ անցկացնելու ենք մեր բուհի մարզաբազաներում: Օգտվելու ենք նաև «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադաշտից: Ինչ վերաբերում է լողավազանին, ապա մինչև տարեվերջ այն պատրաստ կլինի:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը կրթական համակարգում է, ենթարկվում է Հայաստանի ԿԳ նախարարությանը: Այդուհանդերձ, հաստատությունը չի կարող պատկերացնել իր առօրյան առանց մարզական պետական կառույցի: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նոր նախարար ունի: Կադրային նոր նշանակումը կարո՞ղ է կտրուկ տեղաշարժերի հանգեցնել:

– Նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը մարզաշխարհի ներկայացուցիչ է: Նա, զբաղեցնելով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները, կարողացել է ապացուցել, որ ի վիճակի է շատ բան անել: Ռոստոմյանը Երևանի բժշկական ինստիտուտի, նաև մեր բուհի շրջանավարտ է, երկար ժամանակ խաղացել է Հայաստանի բասկետբոլի հավաքականում, ամենագլխավորը` մարզական բնագավառի ներկայացուցիչներին լավ է ճանաչում, գիտի, թե ինչ խնդիրներ կան, և դրանց վերացման համար պետք է փորձի ուղիներ գտնել: Բոլորին է հայտնի, թե հայկական բասկետբոլն ինչ վիճակում էր, սակայն Ռոստոմյանի` այդ կազմակերպության նախագահ նշակվելուց հետո բասկետբոլում աշխուժություն սկսվեց: Միջոցառումներ էին լինում, երբ մարզասրահներն ի վիճակի չէին լինում տեղավորել բոլոր ներկա գտնվել ցանկացողներին: Նա երիտասարդ է, ժամանակ է պետք, որ կարողանա իրեն լիովին դրսևորել նոր պատասխանատու պաշտոնում: Իսկ մեր խնդիրը կլինի միայն աջակցություն ցույց տալ, այնպես անել, որ հայկական սպորտը զարգանա, վերականգնվեն զանգվածային սպորտի ավանդույթները:

 

Դիտվել է 2090 անգամ:
Print Friendly

Leave a Reply