Մտածելուց առաջ պետք է մտածել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 30, 2012 7:00

«Մարմնական բոլոր հիվանդությունները ծնունդ են առնում մարդու ներսում և դրանք հնարավոր է բուժել միայն ներսից»,-  մի առիթով ասաց իմ ռումինացի նյարդահոգեբան դասախոսը: Սակայն մինչ օրս տարբեր մասնագետներ տարբեր կարծիքի են: Ոմանք վստահ են, որ սթրեսը հիվանդության թիվ մեկ թշնամին է, իսկ մյուսների պնդմամբ` մեր յուրաքանչյուր միտք ի զորու է ծնելու համապատասխան մարմնական` սոմատիկ հիվանդություն:

Սակայն  կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանն այլ կարծիքի է. «Այդպես անվերապահորեն չէի ասի: Կան հիվանդություններ, որոնք պայմանավորված են մեր հոգեբանական վիճակով, և ճիշտ հակառակը: Բժշկության մեջ կա «հոգեսոմատիկա» հասկացությունը, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը մարմնական հիվանդությունների առաջացման և ընթացքի վրա,- ասում է նա` ավելացնելով, որ այդ շրջանակում հետազոտվել և հետազոտվում են անձնային բնութագրերի (կառուցվածքային առանձնահատկություններ, բնավորության և անձնային գծեր, վարքագիծ, էմոցիոնալ կոնֆլիկտների տիպեր) և այս կամ այն մարմնական հիվանդության միջև եղած կապերը:-Կարծիք կա, որ մարդու բոլոր հիվանդություններն ի հայտ են գալիս հոգեբանական խանգարումներից, որոնք տեղի են ունենում մարդու ենթագիտակցությունում կամ մտքերում: Սակայն այդ կարծիքը գիտականորեն լիովին հիմնավորված չէ բոլոր մարմնական հիվանդությունների համար: Թերևս առավել ուսումնասիրված մարմնական հիվանդություններից կարելի է համարել բրոնխիալ ասթման, գրգռված հաստ աղիքի համախտանիշը, էսենցիալ արթերիալ հիպերտենզիան, լարվածության գլխացավը, գլխապտույտները, խուճապային հարձակումների (panic attacks) տիպի վեգետատիվ խանգարումները, որոնց հաճախ անվանում են վեգետաանոթային դիսթոնիա»:

Ըստ նրա` մեր հոգեբանությունը կարող է ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդել յուրաքանչյուրիս կազդուրման գործընթացի վրա: Հետազոտություններից երևում է, որ լավատես և հումորով հիվանդները շատ ավելի արագ են կազդուրվում, քան վատատեսները: Թերևս կան որոշ հոգեբանական տիպեր, որոնց բնորոշ են տարբեր մարմնական հիվանդություններ: «Օրինակ՝ 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունը համարվում է տիպիկ հոգեսոմատիկ հիվանդություն, որի դեպքում դիտարկվում է «խոցային բնավորության» խնդիրը և ուղեկցվում իրեն բնորոշ ներանձնային կոնֆլիկտներով: Հիվանդության առաջնային փուլում և սրացման շրջաններում նկարագրվում է հոգեկան սթրեսների առկայություն», – հավելեց մասնագետը:

Աստղագետներն ունեն իրենց մոտեցումն այդ հարցի վերաբերյալ: Նրանք, ինչպես նաև շատ այլ մասնագետներ, մարմնական հիվանդությունների գլխավոր գործոններից են համարում միտքը: Օրինակ, ըստ աստղագետ-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի, ինքնախղճահարությունն առաջացնում է քաղցկեղ, իսկ աստղահոգեբան Նունե Թորոսյանի համոզմամբ` հիշաչարությունն անպայման հանգեցնում է երիկամների քարային հիվանդության: Կարծիքներն անվերջ կարելի է շարունակել, սակայն գրեթե բոլորը սերտ կապ են տեսնում մարմնի և հոգու միջև: «Իհարկե, այդ երկու բաղկացուցիչները սերտորեն կապված են միմյանց, և մեկի առողջությունը նպաստում է մյուսի առողջությանը: Հետևաբար, առողջ հոգեբանություն ունեցող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում և ավելի որակյալ կյանքով են ապրում, քան հիվանդ հոգեբանություն ունեցողները», – ասում է Մ. Մադաթյանը: Իսկ որ մտքերն են առավել վտանգավոր հարցին հոգեբանը պատասխանում է, որ այն մտքերը, որոնք հանգեցնում են չարության, չկամության, նախանձի և այլ նման բացասական զգացողությունների, որոնք առաջացնում են ներանձնային կոնֆլիկտներ կամ բխում են դրանցից, որոնք կարող են արտահայտվել նաև  մարմնական հիվանդություններով: «Սակայն կխուսափեմ որակել մտքերը որպես վտանգավոր: Այն, որ մենք շատ քիչ ուշադրություն ենք դարձնում մեր հոգեկան առողջության վրա, փաստ է: Գրեթե չկա մի մարդ, որը չունենա հոգեբանական խնդիր: Սակայն նույնիսկ այդ դեպքում գերադասում ենք դիմել թերապևտներին և դեղորայք ընդունել, քան մոտենալ հոգեբանի և փորձել լուծել այդ խնդիրները», – հավելում է մասնագետը և շարունակում, որ դեռևս մանկությունից բերում ենք որոշ վախեր և բարդույթներ, որոնց գիտակցական մասը «մոռացվելով»` տեղ է գտնում մեր ենթագիտակցության մեջ: Այդ բարդույթները, փչացնելով յուրաքանչյուրիս կյանքի որակը, ձևավորում են այս կամ այն բնավորության գիծ կամ վարքագիծ,  որը երբեմն կարող է շփման անհարմար կարծրատիպ ստեղծել:

Մեզ հետաքրքրեց նաև այն, թե ինչպես կարելի է վերահսկել սեփական մտքերը և ուղղորդել դրանք: Մ. Մադաթյանը ժպտալով ասաց, որ կառավարել մտքերն ու դրանք ուղղորդել նույնքան հեշտ է, որքան առողջ մարդու համար աջ ձեռքը բարձրացնել և 30 վայրկյան օդում պահել: Խնդիրն ավելի շատ դրդապատճառները և հոգեբանությունն են: Մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ ամենաբացասական մտքերն  ինչ-որ բան են փորձում հուշել, բայց մեր աշխարհընկալման և ճանաչողական սահմանափակումների պատճառով երբեմն հասնում ենք անհեթեթ ընդհանրացումների:

«Հաճախ մեզ թվում է, թե սիրո արժանանալու միակ ճանապարհը դիմացինի մեջ խղճահարություն առաջացնելն է: Գրեթե բոլորս փոքր ժամանակ հիվանդանալիս միշտ հայտնվում էինք  մեր հարազատների ուշադրության կենտրոնում: Եվ այդ վարքագծի արդյունքը գիտակցելով` հավանաբար պահպանում ենք նաև հասուն տարիքում, երբ ուզում ենք ուշադրության արժանանալ. հաջող փորձի դեպքում այդ վարքագիծն ամրապնդվում է մեր ենթագիտակցության մեջ` հանգեցնելով նույնիսկ քրոնիկ հիվանդության»,-  բացատրում է հոգեբանը: Սակայն, նրա պնդմամբ,  այդ վարքագիծը հետզհետե առաջ է բերում համաչափ վերաբերմունք, որոշ դեպքերում էլ` հոգնածություն և անկումայնություն (apathy): Այդ պարագայում հայտնվում ենք իսկապես ուշադրությունից դուրս. ձևավորվում են ինքնախղճահարության, անարդարության զգացողություններ, զոհի և այլ բացասական բնավորություններ: Սկզբում բավարար ուշադրություն ենք ստանում, սակայն սեփական աշխարհընկալման խնդիրների պատճառով այն լիարժեք չենք կարողանում ընկալել և չենք նկատում, որ արդեն վաղուց դադարել ենք ապրելուց:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է 2130 անգամ:
Print Friendly

Leave a Reply