Մինչև օլիմպիական խաղերը` առանց դադարի

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 3, 2012 7:00

Մարզասերները տեղյակ են, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի չորս մարզիկ` 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը, Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), Յուրի Պատրիկեևը (120 կգ) վարկանիշային մրցաշարերում իրավունք են ստացել մասնակցելու 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Այդուհանդերձ, ըմբշամարտում օլիմպիական ուղեգրերը հավաքականինն են համարվում, և այդ քաշային կարգերում այդ մարզիկների փոխարեն կարող են մրցավայր ուղևորվել այլ ըմբիշներ: Ընդ որում, այդպիսի դեպքերն այլ երկրների հավաքականներում քիչ չեն: Սակայն մարզչական խորհուրդը որոշել է օլիմպիական ստուգատեսում իրենց կարողությունները դրսևորելու հնարավորություն տալ այն մարզիկներին, որոնք քրտինքով կատարել են առաջադրանքը, օլիմպիական ուղեգրեր են բերել:

Այժմ նախապատրաստության եռուն շրջան է: Հունիսի 4-20-ը Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք անցկացրեց Ղրիմում` Ալուշտայում: Հավաքականը երկու կազմով էր` ամեն քաշային կարգում մարզվողներն իրենց մրցընկերներն ունեին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ զուգահեռ ուսումնամարզական հավաքներ էին անցկացնում նաև մեկ տասնյակ երկրների հավաքականներ: Ընդ որում, դրանց թվում էին այնպիսի պետություների թիմեր, որոնք ըմբշամարտում համարում ունեն: Ասվածը վերաբերում է Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի հավաքականներին:

Հավաքականը կարճատև հանգստից հետո` հունիսի 25-ից մարզումները վերսկսեց Ավանում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզաբազայում: Պարապմունքները շարունակվելու են մինչև հունիսի 30-ը: Հուլիսի 5-ին հավաքականը կմեկնի Բելառուսի Ստայկի օլիմպիական մարզաբազան և համատեղ կմարզվի Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Բելառուսի ներկայացուցիչների հետ: Պարապմունքները կշարունակվեն մինչև հուլիսի 22-ը: Հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 2-ը մեր ըմբիշները կրկին կնախապատրաստվեն ֆուտբոլի ակադիմիայի մարզաբազայում, որից հետո կուղևորվեն Անգլիայի մայրաքաղաք:

Ջուլֆալակյանը հայտնեց, որ մեր երկրի հավաքականի հսկան` Պատրիկեևը, ներկայումս Երևանում է, նախապատրաստվում է իր թիմակիցների հետ և ամեն ինչ նախատեսված հունով է ընթանում: Ինչ վերաբերում է նրա մրցընկեր ունենալուն, ապա այդ հարցը մասամբ է լուծվել: Բանն այն է, որ այդ քաշային կարգում նա Հայաստանում չունի արժանի մրցակից և ուժերն է չափում այդ քաշային մեր այնպիսի ըմբիշների հետ, որոնք վարպետությամբ զգալիորեն զիջում են:

Մարզչի վկայությամբ` մյուս մարզիկներն էլ քրտնաջան պարապում են: «Ոտքի մի փոքր վնասվածք ունի Արսեն Ջուլֆալակյանը, սակայն կարծում եմ, որ առաջիկայում նա լիովին կապաքինվի և ամեն ինչ կարգին կընթանա: Այս փուլում նա և մյուս ըմբիշները նոր հնարքներ մշակելու կարիք չունեն, պարզապես նրանք պետք է փորձեն աստիճանաբար վերագտնել իրենց լավագույն մարզավիճակը, հոգեբանորեն, ֆունկցիոնալ առումով պատրաստ լինեն, որպեսզի խաղերում դրսևորեն այն ամենը, ինչին ունակ են»,- ասաց Ջուլֆալակյանը:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply