Կառավարության ծրագիրն ընդունվում է ոչ միանշանակ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 28, 2012 17:57

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական և ներտնտեսական կարևոր հարց էր համարվում Ազգային ժողովին նոր ձևավորված կառավարության ներկայացրած ծրագիրը: ԱԺ-ում ծրագրի մասին կարծիքներն ու տեսակետները բաժանվեցին այն պաշտպանողների և քննադատողների միջև: Գրեթե նույն պատկերն է նաև խորհրդարանից դուրս` հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում: Հասարակական կարծիք ներկայացնողներից ոմանք կարծում են, որ ծրագիրը բարի ցանկությունների ժողովածու է, չի արտացոլում հայաստանյան իրականությունը և չի իրականացվի, քանի որ կառավարությունը, ըստ էության, նույնն է մնացել, իսկ այդ կառավարությունը նախորդ ծրագիրը ձախողեց:

«Սա սին հավակնությունների ծրագիր է, քանի որ այդ ծրագիրը ներկայացրել է այն կառավարությունը, որը վերջին 4-5 տարիներին ցույց է տվել, որ ձախողել է և չի կատարել իր նախորդ ծրագրի մեջ ներկայացված և ոչ մի նախագիծ: Հակված ենք կարծելու, որ անգամ այն դրական բաները, որ կան ներկայացված ծրագրում, իրականանալի չեն, քանի որ այս կառավարությունը վստահություն չի ներշնչում: Բացի այդ, ծրագիրը որևէ մեխանիզմ չի ներկայացնում, որևէ պատասխանատվություն չկա, և ակնհայտորեն դա ժամանակավոր կառավարության ծրագիր է, ինչն իրենք էլ են գիտակցում, ուղղակի օրենքի պահանջը կատարելու համար ներկայացրել էին այդ ծրագիրը: Այնպես որ ես լուրջ չեմ վերաբերվում սրան»,- ծրագրի մասին ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Անդրադառնալով կառավարության ծրագրի շուրջ ընթացող քննարկումների քաղաքական շարժառիթներին` տնտեսագետը նշեց` քանի որ շրջիկ խմբերի և ուռճացված ընտրացուցակների միջոցով ընտրված խորհրդարան և քաղաքական մեծամասնություն ունենք, ոչ լեգիտիմ է նաև կառավարությունը, հետևաբար ոչ լեգիտիմ է նաև այն ծրագիրը, որ ներկայացրել է այդ կառավարությունը: «Բայց դա ժամանակավոր բնույթ ունի և բոլոր հարցերի պատասխանները մենք կստանանաք նախագահական ընտրությունների ժամանակ: Մի բան ակնհայտ է, որ այս կառավարությունն ինչքան շարունակի իր գործունեությունը հանրապետության նախագահի գլխավորությամբ, շարունակի իշխանության ղեկին մնալ, ապա Հայաստանը ժամանակի ընթացքում գնալով կթուլանա, և դրանով էլ ավելի կմեծանա պատերազմի և պարտության հավանականությունը: Իսկ եթե կարողանանք իրական փոփոխություններ անել և՛ իշխանական, և՛ առկա հասարակական-քաղաքական համակարգերում, ապա Հայաստանն ուժեղանալու շանս կստանա և դրանով կզսպի մեր հարևանների ախորժակը, դրանով նաև մեր հասարակության համար բարեկեցիկ կյանք ապահովելու շանս կստեղծվի»,- նշեց Անդրանիկ Թևանյանը:

Գրեթե նման կերպ են վերաբերվում կառավարության ծրագրին գործող իշխանությունների  նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ընդունած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու անհատ գործիչները: Բայց կան նաև այնպիսի գործիչներ ու կարծիքներ, որոնք ծրագրի դրական և բացասական կողմերի միջև հավասարության նշան են դնում, ինչպես, օրինակ` Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը նշում է, թե կառավարության ծրագիրը, իհարկե, իրականանալի է, բայց հարց է առաջանում, թե դրա իրականացումը որքանով է համապատասխանում հասարակության պահանջներին:

Բայց կան նաև գործիչներ, որոնք  վստահաբար դրական են համարում կառավարության ներկայացրած ծրագիրը:

«Իմ տպավորությունները կառավարության ներկայացրած ծրագրի մասին միայն դրական են: Բոլոր դեպքերում ցուցանիշները, որոնք առկա են ծրագրում, շատ չեն: Եվ դրանք ամենակարևոր և հանրապետության համար օրակարգային դարձած խնդիրներ են: Եվ բնականաբար, դրանց լուծումը պահանջում է առաջնահերթություն` բոլոր իմաստներով: Հիմա ուզում եմ մտածել, որ պետք է դրսևորվի և այդ կամքը, և ամեն ինչ, որպեսզի այդ ծրագրերն իրականացվեն: Ես համոզված եմ, որ միայն այդ խնդիրները չեն, դրանց զուգահեռ բազմաթիվ ածանցյալ խնդիրներ են լուծվում, որոնք, ըստ էության, ճգնաժամային երևույթից հետո ոչ ցանկալի վիճակից դուրս գալու գրավական կլինեն»,- ծրագրի  մասին իր դիրքորոշումը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բայց նա միաժամանակ վատ չի վերաբերվում նաև ընդդիմության «բարձրաձայնումներին», այնքանով, որքանով որ նման մոտեցումը զգաստություն է մտցնում կառավարողների մեջ:

«Եթե նախկինում կարող էր խնդիրների լուծման հետ կապված ինչ-որ դանդաղկոտություն կամ անվճռականություն կամ անհետևողականություն լինել, ապա այժմ նման ընդդիմության պայմաններում բոլորը մղվում են հետին պլան, և բնականաբար ծրագիրն իրագործողները կամ որոշում կայացնողները չեն կարող հաշվի չնստել ընդդիմադիր կեցվածքի հետ»,- նշեց Վ. Բոստանջյանը:

Միասնական ընդդիմություն, սակայն, հիմա չի տեսնում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա համոզմամբ` յուրաքանչյուրը ծրագիրը յուրովի է մեկնաբանում:

«Մեծ մասը` չնչին բացառություններով, անպտուղ քննադատություն է: Հատկապես նրանց կողմից, ովքեր ժամանակին լուրջ ձախողումներ են թույլ տվել: Իհարկե, կարելի է քննադատել ցանկացած  կառավարության, ներառյալ ներկայիս կառավարությանը, սակայն քննադատողներն իրենք պետք է դրա բարոյական իրավունքը նախ ձեռք բերեն, և ամենակարևորը` ներկայացնեն այլընտրանքը: Կողքից խոսելը շատ հեշտ է, և պետք է հաշվի առնել, որ իհարկե, մեզ չի կարող գոհացնել այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում, բայց, ամեն ինչ, ինչպես ասում են, համեմատության մեջ է ճանաչվում: Կառավարության ծրագիրը եթե վերցնենք, շատ իրատեսական, շատ հիմնավոր ծրագիր է` մի քանի առումներով: Նախ` արտաճանաչման առումով. որոնք են այսօրվա առաջնահերթությունները, և ինչ խոցելի տեղեր կան, որոնց վրա պետք է աշխատել: Ավելին` ծրագրով տրված են արտաքին ռիսկերն ու մարտահրավերները, որոնցից որևէ մեկը չի կարող խուսափել այսօրվա աշխարհում: Իհարկե, առանձին բաժնով տրված չեն ներքին մարտահրավերները և ներքին սպառնալիքները, բայց  դրա մասին ծրագրի տարբեր հատվածներում անուղղակիորեն խոսվում է»,- նշեց տնտեսագետը:

Ծրագրի ամենաէական կետը նա համարում է այն, որ արդեն ներածության մեջ նշված է, որ պետական բոլոր ինստիտուտները պետք է ուղղվեն դեպի մարդը և ծառայեցվեն ժողովրդին, և եթե միայն այդ մասն էլ կատարվի, Թաթուլ Մանասերյանը կհամարի, որ կարևոր գործ է արված:

 

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply