Պետությունը մտել է թոշակառուների գրպանը. Հազարավոր մարդիկ զրկվել են 2 տարվա կենսաթոշակից

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 29, 2012 6:00

թոշակառուներ51-ամյա Գրիշա Ուռումյանը օրերս է վերադարձել Հայաստան` ստանալու արդեն 3 տարի կուտակված կենսաթոշակը: Նախորդը ստացել է 2009-ի հուլիսին: Ուռումյանը ոստիկանության նախկին աշխատակից է: Ստանում է 68 հազար դրամ կենսաթոշակ, որով, սակայն, չի կարող պահել 4 հոգանոց ընտանիքը. երկու երեխաները ուսանողներ են վճարովի համակարգում, կինն էլ առողջական խնդիրներ ունի և շարունակաբար բուժման կարիք ունի: Այդ իսկ պատճառով էլ Ուռումյանն արդեն տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնում` վաստակելու ընտանիքի օրվա ապրուստը: Իսկ կենսաթոշակը մի քանի տարի հավաքում է հատուկ նպատակով` երեխաների ուսման վարձերը տալու կամ կնոջ բուժման ծախսերը հոգալու համար:

Ոստիկանության ֆինանսատնտեսական բաժնից, սակայն, Ուռումյանին հայտնել են, որ օրենքը փոխվել է, և այժմ կարող է ստանալ միայն մեկ տարվա գումարը` զրկվելով նախորդ երկու տարիների 1 մլն 600 հազար դրամ գումարից:

«Իսկ երկու տարվա գումարը ոչ ոք չգիտի, թե ուր պիտի գնա և ում հասնի: Դա իմ թոշակն է, որ վաստակել եմ տարիների իմ աշխատանքով, տնտեսել եմ, չեմ ծախսել, չեմ հագնվել, հատուկ նպատակով եմ կուտակել,- ասում է Ուռումյանը:- Հույսս կուտակած գումարն է, իսկ այսօր պետությունը մտավ գրպանս ու գողացավ իմ թոշակը»:

Խոսքը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի մասին է, որն ընդունվել է 2010-ի դեկտեմբերին, իսկ վիճահարույց փոփոխությունն էլ կատարվել է 2012-ի մարտին: Ըստ օրենքի 36-րդ հոդվածի`  կենսաթոշակառուն կարող է ստանալ դիմումին նախորդած միայն մեկ տարվա ժամանակահատվածի չստացած կենսաթոշակը (մինչ փոփոխությունը ժամկետը 3 տարի էր):

Սոցիալական ապահովության պետական ծառայության թեժ գծից հաղորդեցին, որ մայիսի 7-ից հետո դիմածներն այլևս իրենց հասանելիք գումարն ամբողջությամբ  ստանալ չեն կարող. «Մայիսի 7-ից հետո դիմողներին միայն  մեկ տարվա գումարն է հատկացվում: Օրենքն ընդունված է, և այլևս ոչինչ հնարավոր չէ անել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանն «Անկախի» հետ զրույցում ասաց, որ օրենքի փոփոխության մասին քաղաքացիներին որևէ կերպ չեն իրազեկել. «3-4 հազար, եթե ոչ ավելի նման մարդ կա, բոլորին ինչպե՞ս էինք տեղեկացնելու: Համենայն դեպս,  օրենքը գաղտնի ընթացք չի ունեցել, ԱԺ-ում քննարկվել է, նախ նախագիծը, ապա նաև օրենքը տեղադրվել է ԱԺ կայքում»:

Սակայն դժվար  է պատկերացնել, թե ինչպես թոշակառու տատիկ-պապիկները ողջ օրը պետք է համացանցում ԱԺ կայքի թարմացումներին հետևեն` տեղյակ լինելու օրենսդրական փոփոխություններին:

«Հատկապես կենսաթոշակային տարիքի մարդկանց համար դժվար է օրենքի փոփոխություններին հետևելը: Նույնիսկ մենք` որպես մասնագետ, մի կերպ ենք հասցնում բոլոր փոփոխություններին հետևել»,- ասում է Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի Երևանի գրասենյակի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Իրավապաշտպանը նշում է, որ արդեն իսկ իրենց դիմել են բողոքներով, բոլորին ուղղորդել են ՄԻՊ գրասենյակ. «Օրենքն արդեն ուժի մեջ է, իսկ օրենքն  ընդունում է միայն Ազգային ժողովը, օրենքի սահմանադրականությունը վիճարկվում է միայն ՍԴ-ում, և այլ մեխանիզմներ չունենք»:

Մեկնաբանելով օրենքի նման փոփոխության դրդապատճառները` Խաչատրյանը նշում է. «Նախաձեռնության դրդապատճառն այն է, որ փորձում են քաղաքացիներին ինչ-որ ձևով նորից Հայաստան վերադարձնել կամ այդ գումարները տնտեսել նրանց չվճարելու միջոցով: Չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է:  Փակուղային վիճակ է ստեղծվում, քանի որ քաղաքացու վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ է տրվում, և քաղաքացիները կորցնում են 2 տարվա կենսաթոշակը: Մինչդեռ կենսաթոշակի իրավունքն անվերապահ է, մարդը ողջ կյանքում աշխատել է ու իր աշխատավարձից համապատասխան փոխանցումներ կատարել պետական բյուջե, և ինքը դա արդարացիորեն վաստակել է»:

Խաչատրյանի կարծիքով` կատարվածը համակարգային փոփոխություն է, իսկ նման պարագայում առնվազն պետք է օրենքի` ուժի մեջ մտնելու ավելի երկար ժամկետ սահմանվի, այսինքն` օրենքն ուժի մեջ մտնի ընդունվելուց վեց ամիս կամ մեկ տարի հետո և այդ ընթացքում ակտիվ իրազեկման քաղաքականություն վարվի. «Հեշտ չէ արտերկրից կարճ ժամանակում գալ և ստանալ գումարը: Բայց այդպես գոնե մարդիկ իրազեկված կլինեն»:

ՄԻՊ գրասենյակի իրավապաշտպան Տաթևիկ Թոխյանն ասում է, որ օրենքի փոփոխության հետ կապված` կենսաթոշակառուներից ստացված դիմում-բողոքների թիվն արդեն անցել է երկու տասնյակը, և դա օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում միայն: Սակայն խնդիրն այն է, որ պաշտպանը դիմումներն ըստ էության չի կարող ընդունել քննարկման, քանի որ նրա լիազորություններից դուրս է դա. օմբուդսմանը  պետական մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների խախտումներն է քննում, մինչդեռ այս դեպքում օրենքն է գործում:

«Միակ ճանապարհը օրենքի սահմանադրականությունը վիճարկելն է և այն հակասահմանադրական ճանաչելը»,- ասում է Թոխյանը` հավելելով, որ առաջիկայում պատրաստվում են ՍԴ-ում վիճարկել օրենքի դրույթի համապատասխանությունը սահմանադրությանը, սակայն ժամկետները դեռևս հստակ չեն: ՄԻՊ-ը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի մեկ այլ դրույթի սահմանադրականությունն է վիճարկում, նախ պետք է այդ դատական գործն ավարտեն:

«Այլեքս» փաստաբանական գրասենյակի իրավապաշտպան Հասմիկ Օհնիկյանն էլ առաջարկում է, որ քաղաքացիները նաև անհատապես պայքարեն: «Գերխնդիրը նորմի դեմ պայքարն է: Անարդարությունից բանավոր դժգոհելով ոչնչի չեն հասնի»,- ասում է Օհնիկյանը` հավելելով, որ պատրաստ են անգամ անվճար կերպով աջակցել քաղաքացիներին` վերջ դնելու աղմկահարույց խնդրին: Օհնիկյանի խոսքով` նախ քաղաքացիները պետք է հետևողական լինեն և պահանջեն իրենց հասանելիք 3 տարվա կենսաթոշակի գումարը: Գրավոր մերժում ստանալուց հետո արդեն պետք է դիմեն վարչական դատարան: Դատական գործի քննության ժամանակ արդեն Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն կառաջանա, և թե՛ քաղաքացին, թե՛ դատարանը կարող են ՍԴ դիմել` օրենքի նորմի սահմանադրականությունը քննելու պահանջով:

Օհնիկյանն ասում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի թե՛ նախկին, թե՛ առավել ևս ներկա շարադրանքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածից բխում է, որ  կենսաթոշակ ստանալու իրավունքը գույքային իրավունք է և համարվում է սեփականության օբյեկտ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս ամրագրել է, որ կենսաթոշակն անձի սեփականությունն է, որը, սակայն, գտնվում է պետական բյուջեում:

ՀՀ վճռաբեկ դատարանն էլ իր բազմաթիվ որոշումներում, հղում կատարելով Եվրոպական դատարանի որոշմանը, կենսաթոշակային հարաբերություններում կիրառում է այս ձևակերպումը` կենսաթոշակը դիտելով որպես անձի սեփականություն:

Սահմանադրական դատարանն էլ, անդրադառնալով կենսաթոշակի հարցին, ամրագրել է. «Կենսաթոշակը, ինչպես նաև աշխատավարձը քաղաքացու վաստակած միջոցներն են և նրա սեփականությունը: Կենսաթոշակի վճարումը սեփականատիրոջը սեփականությունը փոխանցելու միջոց է ընդամենը: Կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, կենսաթոշակառուի սեփականությունն է»:

«Այս տեսանկյունից խնդրի առաջ ենք կանգնում: Մի կողմից` ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը երաշխավորում է անձի սեփականության իրավունքը, մյուս կողմից`  31-րդ հոդվածն ամրագրում է, որ ամեն քաղաքացի իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Նույն հոդվածն արգելում է այլ կերպ, քան դատական կարգով, քաղաքացուն սեփականությունից զրկելը: Նման պարագայում հարց է առաջանում` արդյոք «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի տվյալ  հոդվածը, որը նախատեսում է սահմանափակող նորմ, որ կենսաթոշակառուն հայտնաբերվելու դեպքում կարող է ստանալ միայն մեկ տարվա կենսաթոշակը, արդյոք չի՞ նշանակում, որ անձը զրկվում է իր սեփականության իրավունքից արտադատարանական ճանապարհով»,- ասում է Օհնիկյանը:

Այսինքն` հաջողություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ քաղաքացիները պայքարեն իրենց իրավունքների համար: Իսկ քաղաքացիների պայքարի հաջողված նախադեպ արդեն իսկ կա, երբ անցած տարի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը վերանայվեց քաղաքացիների բուռն արձագանքից հետո:

Դիտվել է 2025 անգամ:
Print Friendly

Leave a Reply