Ինչու՞ մեր բուհերը չեն պատրաստում որակյալ ու անհրաժեշտ մասնագետներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2012 17:47


“Այսօր աշխատաշուկայում կա մեծ անհամաչափություն առաջարկի ու պահանջարկի միջև: Մեր տնտեսության ռեալ սեկտորը մեծ կարիք ունի որակյալ մասնագետների”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքը հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը` խոսելով Հայաստանի աշխատաշուկայում առկա առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանության մասին:
Բանախոսը, չբացառելով նաև գործատուների մեղքը, հիմնականում մեղադրում է ուսումնական հաստատություններին, որոնք, ըստ նրա, պատրաստում են կադրեր` հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը:
“Ցանկացած բուհում պատրաստում են մեծ թվով իրավաբաններ, տնտեսագետներ, բանկային աշխատողներ, բայց մենք այսօր ունենք ինջեներների, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պահանջարկ, ինչպես նաև որակյալ վարորդների, փականագործների, խառատների պահանջարկ”,- նշեց բանախոսը:
Կիրակոսյանը կարծում է, որ եթե քայլեր չձեռնարկենք, շատ կադրերի պահանջարկն ավելի կմեծանա, բացի այդ, նշեց, որ այսօր մեր բուհերը պատրաստում են դիպլոմավոր գործազուրկներ. “Պետք է այնպես անենք, որ այս երկու համակարգերը` ուսումնական հաստատություններն ու բիզնեսը, աշխատեն միասին”:
Է. Կիրակոսյանի դիտարկմամբ` մոտ ապագայում ատոմային ֆիզիկայի, քիմիայի, արդյունաբերական ոլորտի մասնագետների խիստ կարիք կզգացվի:
Ասուլիսի մյուս բանախոս, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանն էլ խնդրի առաջացման պատճառները գտավ հասարակության մեջ` շեշտելով սխալ մասնագիտություն ընտրելու հանգամանքը. “Մարդիկ շատ հաճախ ընտրում են մասնագիտություններ` պատկերացում չունենալով տվյալ ոլորտի մասին, տեղյակ չլինելով ոլորտի նորություններին: Մասնագիտություն ընտրելիս ընկնում են «մոդայի հետևից» կամ հետևում են ծնողների հորդորներին, ովքեր հաճախ ցանկանում են իրենց երեխայի մասնագիտության մեջ տեսնել իրենց երբեմնի չիրականացած երազանքը”:
Հ. Գևորգյանը նկատում է, որ մասնագիտության ընտրությումը մեկ օրվա կամ մեկ ժամվա խնդիր չէ, մասնագիտության ընտրության համար տարվող աշխատանքները պետք է սկսել դեռևս տարրական դպրոցից, մինչդեռ մեզանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ չեն իրականացվում:
Բանախոսը ավելի շատ կարևորում է աշխատողի անձնային որակները, քան մասնագիտական պատրաստվածությունն ու աշխատանքային փորձը. “Գործատուն պատրաստ է ժամանակի ընթացքում լրացուցիչ վճարել իր աշխատողի համար մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու նպատակով ու ստանալ հենց այն մասնագետը, որի կարիքն ունի ինքը, և ահա թե ինչու նրա համար առավել կարևոր է, որ աշխատողը անձնային բարձր որակներ ունենա ու, իհարկե, կարողություններ և պատրաստակամություն` օգտվելու իր տրամադրած ռեսուրսներից”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply