iDram-ն ու Պրոմեթեյ բանկը թողարկել են նոր Master Standart քարտեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 28, 2012 16:59
iDram ՍՊԸ
“Թողարկվել են նոր տեսակի Master Standart քարտեր, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում այն մարդկանց համար, ովքեր iDram համակարգում ունեն էլեկտրոնային փողեր: Այդ վիրտուալ փողերը համակարգի հաճախորդները ոչ միայն կարող են տեսնել իրենց հաշվառման հաշիվներում և օգտագործել, այլև կարող են փոխանցել Master Standart քարտերի վրա և այն օգտագործել բոլոր բանկոմատներում ու աշխարհի ցանկացած կետում”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին և նոր տեսակի քարտը ցուցադրեցին iDram ՍՊԸ-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը և նրա խորհրդական Գևորգ Պողոսյանը:
Քարտը թողարկվել է Պրոմեթեյ բանկի հետ համատեղ, տրամադրվում է անվճար և զերծ է բոլոր տեսակի սպասարկման վճարներից, ինչը բանախոսների կարծիքով կարևոր առավելություն է քարտի համար, և կունենա մեծ շրջանառություն, քանի որ շատ լավ պրոդուկտ է հայաստանյան շուկայի համար:
Պրոմեթեյ բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշեց, որ իրենց բանկը Հայաստանում առաջինը գրանցված առևտրային բանկն է, և, լինելով հին բանկ, ունենալով պատմություն, այն բացարձակապես հնաոճ չէ. “Մեր բանկը միշտ խրախուսել է մեր երկրում նորամուծությունների ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը: iDram ընկերությունը վերջերս ԿԲ-ի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու լիցենզիա: Դա լուրջ իրադարձություն է Հայաստանում, և մենք համատեղ բանակցությունների ու քննարկումների արդյունքում որոշեցինք այս պրոյեկտը թողարկել”:
Վիրտուալ փող ունենալու գլխավոր առավելություններից մեկն այն է, որ վիրտուլ հաշիվներն ունեն մինչև յոթ աստիճանի անվտանգություն, և, ինչպես նշեց Տիկին Ստեփանյանը, ինտերնետ միջավայրում գործող անվտանգության բոլոր համակարգերով իրենք զինել են iDram համակարգը, որպեսզի հնարավորինս անխոցելի լինեն հաճախորդի հաշիվները: Նա նաև նշեց, որ աշխարհում այսօր գործում են վճարման տարբեր համակարգեր, և միտումը տանում է դեպի վիրտուալ գործարքներին ու հաշիվներին, ինչից Հայաստանը ևս հետ չի մնում, և, այժմ, շատ այլ երկրների նման, մենք ևս ունենք մեր էլեկտրոնային փողը` iDram-ը:
Master Standart քարտ գործում է Հայաստանում և ԼՂՀ-ում ավելի քան հազար բանկոմատներում և շուրջ 5 հազար առևտրի ու սպասարկման կետերում, ինչպես նաև` 200 երկրներում գործող միլիոնավոր բանկոմատներում և սպասարկման կետերում: Այս քարտը հնարավորություն է տալիս կատարել գնումներ ՀՀ էլեկտրոնային խանութներում, կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ և վարկերի մարումներ, որից բացի` դրամը ամբողջ աշխարհում կարելի է կանխիկացնել «Mastercard» սպասարկող բանկոմատներից, իսկ էլեկտրոնային գումար ավելացնել կարելի է «Telcell» տերմինալների շնորհիվ` բջջային հեռախոսներով լիցքավորելով և մի շարք այլ մեթոդներով, որոնց մի մասը հասանելի է հիմա, իսկ մյուս մասը ՀՀ քաղաքացիներին մատչելի կդառնա շատ շուտով:
iDram ՍՊԸ-ի տնօրեն խորհրդական Գևորգ Պողոսյանը նշեց, որ ելեկտրոնային փող ունենալու նկատմամաբ պահանջարկը Հայաստանում բավականին մեծ է, և համակարգի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: Նրա հավաստմամբ` այս պահին iDram-ն ունի շուրջ 40-50 հազար հաճախորդ, որոնցից 4-5 հազարը համարվում են ակտիվ օգտագործողներ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
