Վաղ թե ուշ Հայաստանում բոլորը կունենան բժշկական ապահովագրություն. Արա Բաբլոյան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2012 16:53

“Առողջապահության ֆինանսավորման լավագույն միջոցը ապահովագրությունն է,- կարծում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Այսօր Կառավարությունը մշակել է ծրագիր, ըստ որի, պետական աշխատակիցներից բացի պետք է պարտադիր ապահովագրության մեջ մտնեն նաև մասնավոր ընկերությունների աշխատողները: Գործընթացը փուլային բնույթ է կրում, և պատգամավորը կարծում է, որ Կառավարության այս հավակնոտ ծրագիրը մեծ նշանակություն կունենա:

Ըստ Բաբլոյանի`վաղ թե ուշ կգա մի օր, որ կընդունվի համապատասխան օրենքի նախագիծ, ըստ որի` բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի բոլորի համար, իսկ հիվանդության համար պարտադիր ապահովագրական վճարները կլինեն ֆիքսված: Առայժմ այս ծրագիրն իրականացվում է քայլ առ քայլ:

Թե ինչն էր խանգարւմ ժամանակին մշակել նմանատիպ օրենքի նախագիծ, Առողջապահության նախկին  նախարարը նշեց, որ ծրագիրն ընդունելու մասին օրենք ինքը գրել է դեռ իր նախարար եղած ժամանակ, սակայն նշեց, որ այն ժամանակ դեռ մտավախություն կար, որ ծրագիրը կարող էր բացասական ազդեցություն ունենալ նոր զարգացող տնտեսության վրա, այդ պատճառով էլ օրենքը չի ընդունվել, իսկ այժմ  տնտեսությունը զարգացել է, և պայմաններ են ստեղծվել ծրագրի իրականացման համար:

Այն, որ Կառավարության նոր ծրագրով մասնավոր ընկերությունների աշխատակիցները ևս կստանան պարտադիր ապահովագրություն, իհարկե, շատ լավ է, բայց արդյո՞ք սա խթան չի հանդիսանա, որ հետագայում մասնավոր ընկերությունները թաքցնեն իրենց աշխատողների հիվանդ լինելը կամ չձևակերպեն նրանց` որպես աշխատող, որպեսզի չվճարեն նրանց բժշկական ապահովագրության համար նախատեսված գումարը, որ կազմում է տարեկան 52.000 դրամ: Այս հարցին Արա Բաբլոյանը մոտեցավ լավատեսորեն` հայտնելով, որ դա կվերհսկվի օրենքով, բայց նաև շատ բան կախված է հենց աշխատողներից, որ նրանք էլ պահանջեն` անպայման գրանցել և ապահովագրել իրենց:

Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի ԻԱՄ տնօրեն Անդրանիկ Օհանջանյանն էլ կարծում է, որ Կառավարության այս ծրագիրը` ողջունելի է և կարելի է համարել ստացված. “Վերջին 2 ամիսներին 10 հազար մարդ դիմել է ապահովագրություն ստանալու, իսկ նրանցից 150-ի դեպքում կատարվել են սրտի թանկ վիրահատություններ”:

Օհանջանյանը թեպետ գտնում է, որ պահովագրական ընկերությունները պատրաստ են, բայց, ըստ նրա, անելիքներ դեռ շատ կան:

“100.000 բնակչի հաշվով պատրաստ լինելը մի բան է, 2 մլն-ի համար մեկ այլ բան. “Վեց ընկերությունները չեն կարող այդ ամբողջը ստեղծել՝ հույս ունենալով, որ մի քանի տարի հետո կստեղծվի նման գործընթաց,”- նկատում է բանախոսը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply