Հրայր Թովմասյան. «Հայաստանը 3-4 տարում կունենա միանգամայն այլ դատաիրավական համակարգ»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 28, 2012 16:24


1990թ. համեմատ Հայաստանը դատաիրավական ոլորտում արձանագրել է էական առաջընթաց, դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է երկրում լիարժեք արդարադատություն իրականացնելու, իրականում արդար, արդյունավետ, հանրության առջև և պատասխանատու դատական իշխանություն ունենալու համար:
Ընդգծելով, որ դատաիրավական բարեփոխումներն անհրաժեշտ են առաջին հերթին Հայաստանին, Հ. Թովմասյանը հայտնեց, որ մշակվել և արդեն հաստատման փուլում է 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը, նախարարի բնորոշմամբ, «մարդակենտրոն ծրագիր է»: Ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն, ըստ նրա, ծրագրի համընդգրկուն լինելն է: Նախարարը կարևորեց, որ առաջին անգամ ծրագիրը նախատեսել է իրավաբանական կրթության բարեփոխումներ: Ծրագրի արդյունավետ իրականացման պարագայում Հայաստանը 3-4 տարվա ընթացքում կունենա միանգամայն այլ դատաիրավական համակարգ, որը շատ ավելի արդար, արդյունավետ, շատ ավելի վստահելի է լինելու հանրության համար:
Նախարարը կարևորեց իրավաբանական անձանց գրանցման համակարգի բարեփոխումները, որոնց արդյունքում Հայաստանն այս գործընթացի արագությամբ աշխարհում գրավում է 4-5-րդ տեղը: Համակարգը հնարավորություն է տվել կոռուպցիոն ռիսկերից, բյուրոկրատական քաշքշուկներից ազատել գործընթացը՝ խնայելով քաղաքացու ժամանակը, նյարդերը և գումարները:
Հրայր Թովմասյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում կա պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի շեշտակի բարձրացման խնդիր: «Մեր գլխավոր թիրախը առաջիկա տարիներին լինելու է քաղաքացի-պետություն այդ ամբողջ պրոցեսները մաքրել բյուրոկրատական քաշքշուկներից, կոռուպցիոն ռիսկերից»,- ասաց նա:
Նախարարը կարևորեց նաև Հայաստանի օրենսդրությունը ռևիզիայի ենթարկող և «Օրենսդրության գիլյոտին» անվանումը ստացած ծրագրի իրականացումը: Այն նպատակ ունի Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափորոշիչներին, ինչպես նաև օրենսդրությունը մաքրել բոլոր կոռուպցիոն ռիսկներից և բյուրոկրատական քաշքշուկների հնարավորություններից:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply