Ազգային գրադարանից առանձնապես խոշոր չափերի գողության գործով դատական նիստը չկայացավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2012 16:18

Ազգային գրադարան

Վաժա Ազարիաշվիլու հայաստանցի և վրաստանցի պաշտպանները նորից չներկայացան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հունիսի 25-ին չկայացավ Հայաստանի Ազգային գրադարանից առանձնապես խոշոր չափերի գողության գործով դատական նիստը՝ գործով ամբաստանյալ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլու պաշտպանի բացակայության պատճառով: Նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր նույն պատճառով:
Ի պատասխան նախագահող դատավորի հարցի, Վ. Ազարիաշվիլին հայտնեց, որ իր պաշտպանությունը իրականացնելու համար արդեն պայմանավորվել է փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: Գործում կներգրավվի նաև փաստաբան Վրաստանից, որի մասնակցության համար անհրաժեշտ է գլխավոր պաշտպանի թույլտվությունը: Մ. Մարտիրոսյանն ընդգծեց, որ դատավարության պարբերական ձգձգումները անհարկի են՝ գործը պետք է քննվի ողջամիտ ժամկետում: Դատարանը պարզաբանեց նաև, որ եթե հաջորդ նիստին էլ պաշտպանը չներկայանա, դատարանը համապատասխան որոշումներ կկայացնի՝ ընդհուպ մինչև փաստաբան կհրավիրի Հանրային պաշտպանի գրասենյակից:
Հիշեցնենք, որ ըստ նախաքննական վարկածի, Վաժա Ազարիաշվիլին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի Երևանի Տերյան փողոցի 72 հասցեում գտնվող շենքի գրապահոց ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել այդ շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Ղամբարյանի և ազգությամբ ուկրաինացի ոմն Վլադ Տրուբիցինի հետ:
«Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը` Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին և Վլադ Տրուբիցինը 2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և այնտեղից գողացել` գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր»:
Դատավարությունը կշարունակվի հուլիսի 9-ին:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply