Մասնավոր ընկերությունների աշխատողները ևս կունենան բժշկական ապահովագրություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2012 15:55


“Բնակչությունը բժշկական ծառայությունների հասանելիության ու մատչելիության բարձրացման կարիք ունի”,- կարծում է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ահա այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մեջ էլ հատկապես կարևորվում է բժշկական ապահովագրության հարցը, ինչի մաիսն էլ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց բժիշկ-պատգամավորը:
“Մենք շատ լավ գիտենք, որ բժշկական նորագույն տեխնոլոգիաները, որ մտնում են կյանք, դրանք մի կողմից, իհարկե, տալիս են աննախադեպ հնարավորություններ` փրկելու մարդկանց կյանքեր և բարելավել առողջությունը, բայց, մյուս կողմից, նրանք հանգեցնում են ծառայությունների զգալի թանկացմանը: Սակայն, ցավոք սրտի, այդ նորագույն տեխնոլոգիաները թվում է, թե դառնում են հարուստ մարդկանց համար նախատեսված բժշկական ծառայություններ, իսկ միջին և ցածր եկամուտ ունեցողների համար նրանք մնում են անհասանելի”,-նկատում է բանախոսը:
Ուստի, այս առումով Բաբլոյանը ողջունելի է համարում Կառավարության այն քայլը, որ այս տարի ներդրվեց բժշկական ապահովության ծրագիրը: Սա, սակայն, առաջին քայլն էր, որն ուղղված է 120.000 պետական աշխատողների ապահովագրությանը, և բանախոսը խոստանում է, որ առաջիկա տարիներին ծրագիրը կընդլայնի իր շրջանակները` ընգրկելով ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր սեկտորի աշխատակիցներին, քանի որ Կառավարության հաջորդ քայլն ուղղված է հենց մասնավոր սեկտորին:
Իսկ թե մասնավոր ընկերությունները որքանով են պատրաստ այս ծրագրի իրագործմանը, բանախոսը նշեց, որ նրանք մի կողմից պատրաստ են, իսկ մյուս կողմից էլ` դեռ շատ պատրաստվելու տեղեր կան, ինչի ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ` նախապատրաստելու մասնավոր ընկերություններին` իրենց աշխատողներին ապահովագրելու հարցում:
“Անկախ”-ի այն հարցին, թե մասնավոր ընկերություննե՞րն են արդյոք վճարելու իրենց աշխատողների բուժապահովագրության համար, թե հենց իրենք` աշխատողները, Բաբլոյանը պատասխանեց, որ հավանաբար կլնի 70/30 հարաբերակցությամբ` հօգուտ աշխատողների: Այսինքն` գումարի մեծ մասը կվճարի ընկերությունը:
Բանախոսը կարծում է, որ սա բավականին ծավալուն աշխատանք է, և 5-10 տարի է պետք, որպեսզի համակարգը լրիվությամբ ներդրվի և հասարակության բոլոր շերտերն ամբողջությամբ ունենան բժշկական ապահովագրություն:
Վահե Մակարյան

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply