Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը Նարեկ Սարգսյանի` «168 ժամ» թերթում հրապարակված հարցազրույցի վերաբերյալ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2012 13:52

ՀՀ Հանրային խորհուրդն ունի 12 հանձնաժողով և 69 ենթահանձնաժողով, և իր գործունեության 3 տարիների ընթացքում բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ գիտության, կրթության, բնապահպանության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հեռուստատեսության, պետաիրավական և այլ ոլորտների խնդիրների հետ կապված: Սակայն Հանրային խորհուրդն առաջին հերթին բարձրաձայնել է այն խնդիրների մասին, որոնք հանրությունն է կարևորել և առաջ քաշել:

Վերջին շրջանում հանրության և հատկապես երիտասարդության կողմից կարևորվում են բնապահպանական և քաղաքաշինական խնդիրները, և պատահական չէ, որ բազմաթիվ հարցերի հետ միասին ՀԽ նախագահն ակտիվորեն մասնակցեց Հանրային խորհրդում կազմակերպված հանրային քննարկումներին՝ կապված Մաշտոցի պուրակի և Ծածկած շուկայի խնդիրների հետ:

Զարմանալի է, որ Երևանի գլխավոր ճարտարապետը, որ կարծես թե ինքը պետք է մտահոգված լիներ հանրության առջև ծառացած քաղաքաշինական խնդիրներով, անձնավորում և պիտակավորում է Հանրային խորհրդի ակտիվությունն այդ ոլորտում` բավականին հիստերիկ ձևով և բարեկամական կապերի ծիծաղելի ու անտեղի փաստարկներով: Ինչպես երևում է, Հանրային խորհուրդը խանգարում է գլխավոր ճարտարապետին, սակայն ո՞ր հարցում…

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ լինելով քաղաքի գլխավոր ճարտարապետ, կարելի էր Երևանն ուզածի պես և անպատիժ մնալով քանդել կամ ձևափոխել՝ պատճառաբանելով, թե դա Նախագահի կան վարչապետի հրամանն է, արանքում էլ հսկայական գումարներ աշխատել:

Ժամանակն է համակերպվել այն մտքի հետ, որ հասարակությունն ուշադիր հետևում է այն բոլոր հարցերին, որոնք կապված են քաղաքաշինության և Երևանի ապագայի հետ:

Հանրային խորհուրդը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել հանրությանը հուզող խնդիրները` այդ թվում նաև քաղաքաշինական, և հետամուտ է լինելու դրանց լուծմանը` հավատարիմ մնալով իր գործունեության գլխավոր նպատակին, այն է` քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում:

Շնորհակալություն՝

ՀՀ Հանրային խորհրդի լրատվական ծառայություն

 

Հ.Գ.ստորև ներկայացնում ենք

 

«168 ժամ». ՀԽ նախագահի փեսան` ընդդեմ Երևանի գլխավոր ճարտարապետի՞

08:06 • 28.06.12

Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհրդում ավելի շատ քննարկվում են քաղաքաշինությանը վերաբերող հարցեր: «168 ժամի» թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան` Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. «Դա փաստ է, և Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերը այդ երևույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային խորհրդի նախագահի փեսան այդ ակտիվ կազմակերպություններից մեկի ղեկավարն է: Այդ երիտասարդը ագրեսիվ կերպով, շատ դեպքերում սխալ ուղղորդված, իմ դեմ գործողություններ է կատարում` բոլոր հարցերն անմիջապես տեղափոխելով ՀՀ Հանրային խորհուրդ: Ցանկացած նախաձեռնություն` Հրապարակի մետրոյի հարևանությամբ հյուրանոցի կառուցում, Տոնավաճառի հետ կապված նախագիծ կամ այլ ծրագիր, արձագանք է ստացել և քննարկման դրվել Հանրային խորհրդում: Կարելի է ասել, որ Հանրային խորհուրդը վերածվել է քաղաքաշինական խորհրդի: Տպավորությունն այնպիսին է, որ նման կազմակերպություններն ուղղակի կերպով ազդուն են Հանրային խորհրդի վրա»: Ի դեպ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վագգեն Մանուկյանի դստեր ամուսինը` Սարհատ Պետրոսյանը, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ցանցերում` հանդես գալով քաղաքաշինական խնդիրների, և մասնավորապես` Երևանի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի դեմ:

 

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply