ՀՀ սահմանակից երկրներից միայն Իրանն է, որ հակահայկական լրատվություն չի մատուցում

Օրվա լուր | | October 29, 2009 12:58

asulis1Ադրբեջանական մամուլն աչքի տակով անցկացնելով օրն սկսելու միտում այսօր կարծես թե չկա, բայց դրա փոխարեն մեծացել է թուրքական քարոզչության դերը. այսօր լրագրողներին ասաց «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպության խորհրդի անդամ Տիգրան Քոչարյանը, ով հայտնի բլոգեր է: (pigh.livejournal.com)

Քոչարյանն ասում է, որ դրա պատճառը  հայ-թուրքական հարաբերությունների աշխուժացմամբ պայմանավորված` հայկական լրատվական դաշտում  թուրքական կողմին վերաբերող ինֆորմացիայի պահանջի մեծացումն է:

«Մեր պաշտոնական աղբյուրները կարող են Դավութօղլու հայտարարությունից դնել այն հատվածը, որը համարում են անհրաժեշտ և չդնել այն մասը, որը պարունակում է հակահայկական ինֆորմացիա,- ասում է Քոչարյանը,- այդ պատճառով էլ շատացել է Սաբահ , Զաման կամ այլ թուրքական պարբերականներ ընթերցողների քանակը: Նրանք դա շատ լավ գիտեն և տեղադրում են հայկական լսարանի համար նախատեսված նյութեր»:

Մոտ 3 ամիս առաջ ստեղծված ոչ կառավարական «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կառույցի (www.stopxenophobia.org) գործունեության նպատակը համացանցում տիրող այլատյացության և անհանդուրժողականության մթնոլորտի ամենօրյա մոնիտորինգն է :

Կազմակերպությունն աշխատում է համացանցում բացահայտել հակահայկական տեղեկատվությունը և դրանից ազատել այն: Կազմակերպության անցկացրած մոնիտորինգի արդյունքում արձանագրվել  է, որ Հայաստանին սահմանակից պետություններից միայն իրանական ինֆորմացիոն դաշտն է, որ ազատ է հակահայկական տրամադրություններից:

Քոչարյանն ասում է, որ  կազմակերպության կայքում հավաքում են բոլոր հայատյաց կարկառուն գործիչների ելույթներն ու հայտարարությունները: Նրանցից մեկն էլ Հեյդար Ջեմալն է, ով օրերս ադրբեջանական  «Զերկալո» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստան և Իսրայել պետությունները չպետք է գոյություն ունենան և Հայաստանի ոչնչացմամբ կլուծվի նաև Ղարաբաղի հարցը:

Կազմակերպության խորհրդի անդամ Արմինե Ադիբեկյանն ասում է, որ շատացել են այն կայքերի քանակը, որոնք հայերի անունից փորձում են այլատյացական բնույթի քարոզչություն անցկացնել. մասնավորապես, հայտնաբերվել է http://antirussia.org/ կայքը, որի հետևում կանգնած են վրացիները, որոնք հայերի անունից իրականացնում են հակառուսական քարոզչություն:

Քոչարյանն ասում է, որ կազմակերպությունն աշխատում է ՊՆ, ԱԳՆ նախարարությունների համպատասխան գերատեսչությունների հետ, որոնք իրենց իրավասությունների սահմաններում կարողանում են պայքարել դրա դեմ:

Կազմակերպությունը ՀՀ դատախազության հետ համատեղ իրականացնում է մի նախագիծ, որը զբաղվում է Սումգայիթյան ջարդերի արխիվի ուսումնասիրմամբ, դրանց հետ կապված դատական գործերի բացահայտմամբ:

«Արխիվում Աումգաիթյան ջարդերի հետևանքով Հայաստան էվակուացված հազարավոր մարդկանց բազմաթիվ վկայություններ կան, որոնց ուսումնասիրություններից պարզ է դառնում, օրինակ, ադրբեջանական իշխանությունների անմիջական մասնակցությունն ու կազմակերպությունը ջարդերին»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը(http://kornelij.livejournal.com/), ով կազմակերպությունում զբաղվում է հենց Սումգայիթյան արխիվներով: Նա ասաց, որ մոտ ժամանակներոս պատրաստ կլինի նաև նախագծի կայքը:

Դիտվել է 2516 անգամ:
Print Friendly

Leave a Reply