«Դեմ ըլլալով` կողմ կըլլանք…»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 28, 2012 17:51

ԱԺ ընտրություններից առաջ և հետընտրական շրջանում Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկն այս էր. ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա՞, թե՞ մաս կկազմի իշխանական կոալիցիային:

Դատելով ԲՀԿ-ի նախընտրական արշավում որդեգրած հռետորաբանությունից և գործողությունների հաջորդականության տրամաբանությունից` շատերը համոզված էին, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն: Առավել ևս, երբ այս քաղաքական ուժը սկսեց համագործակցել, թեկուզ մեկ կամ մի քանի հարցերում, ընդդիմադիր ուժերի հետ: Բայց այս մտավախությունը ցրվեց, երբ ԲՀԿ-ն բավականին երկար «մտածում էր»` ավելի լավ է միանալ «բողոքողների համքարությանը» և  ընդդիմությո՞ւն դառնալ, թե՞ մնալ կյանքն ու Հայաստան աշխարհը վարդագույն ակնոցով դիտարկող իշխանությունների կազմում: Բայց ԲՀԿ-ն, կես քայլից մատ արեց իր մասին չարը կամ բարին մտածողներին. մի այնպիսի ձևակերպում հորինեց, որ բոլորի սրտով էլ կարող է լինել, ով ցանկանում է, կարող են իրեն համարել ընդդիմադիր ուժ, իսկ ով ցանկանում է` իշխանամետ ուժ: Միայն ԲՀԿ-ականներն են իրենց համարում (nota bene) «այլընտրանք»…

Այստեղ մի քանի հետաքրքիր հանգամանքներ կան, որոնք ուղղակի չի կարելի հաշվի չառնել` դիտարկելով ԲՀԿ-ին` որպես քաղաքական օբյեկտի: Նախ` ԱԺ կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն. «Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, և խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձ կառավարության կազմում ընդգրկված չէ: Եթե կառավարության կազմում ընդգրկվում է խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձ, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ, ապա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր»:

Ահա, հունիսի 20-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին իրենց ընդդիմադիր լինելու մասին: ՀՅԴ անունից նման հայտարարություն արեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ի անունից` խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը,  իսկ «Ժառանգության» ընդդիմություն լինելու մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրանց խմբակցությունից որևէ մեկը չհայտարարեց ընդդիմադիր լինելու մասին, չնայած հրաժարվել է կոալիցիա կազմելուց և կառավարությունում որևէ պաշտոն զբաղեցնելուց: Հետաքրքիր համադրություն է ստացվում. ընդդիմադիր լինելու մասին չես հայտարարում, բայց իշխանությանն էլ մաս չես կազմում, եթե, իհարկե, կարելի է այդպես համարել:  Բանն այն է, որ նորանշանակ նախարարներից մեկը ԲՀԿ անդամ էր, գոնե մինչև նախարար նշանակվելու պահը, հետո ասացին, որ նա այլևս կուսակցական չէ, իսկ նախարարն անձամբ հայտարարեց, որ «արդարացնելու է Գագիկ Ծառուկյանի` իր հետ կապված հույսերը»: Դե թող քաղաքական մեկնաբանները, տեսաբանները, քաղտեխնոլոգները և քաղաքագիտության ներկայացուցիչները կռահեն, թե ինչ ճաշ է եփել ԲՀԿ-ն:

Հայտարարություն չանելու քայլը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին բացատրել է հետևյալ կերպ.  «Բոլոր բացթողումները քննադատելու ենք, բայց ոչ թե ինքնանպատակ, որ ամեն անգամ հաստատվի ընդդիմադրի տիտղոսը, այլ` օբյեկտիվորեն: Մենք ինքնանպատակ, անկապ, անիմաստ բղավոցներով չենք զբաղվելու: Տպավորություն կա` ով ինչքան բարձր գոռա, վկայություն է նրա ընդդիմադիր լինելու: Իսկ մենք բոլոր այն նախագծերին, որոնք չեն բխելու ժողովրդի շահերից,  չենք միանալու և այդ մասին խոսելու ենք բարձրաձայն: Ի դեպ, ԱԺ-ի կանոնակարգ օրենքը հրամայական պահանջ չի առաջացնում, որ մենք անպայման հայտարարենք` ընդդիմադիր ենք»:

Հարց է առաջանում` մի՞թե ոչ ոք Նաիրա Զոհրաբյանից ավելի լավ չի հասկացել և չի կարողանում մեկնաբանել ԱԺ կանոնակարգ-օրենքը ընդդիմություն լինելու մասին: Բայց սա կարևոր չէ. անգամ կարևոր չէ այն, որ այդ նույն օրենքը, եթե պահանջ չի ներկայացնում, ապա դա միմիայն «այլընտրանք» կատեգորիայի մասին է. ո՛չ ԱԺ կանոնակարգ-օրենքը և ո՛չ էլ մեկ այլ օրենք չեն սահմանում, թե ինչ կատեգորիա է սա: Կարևոր է այն, թե ում կամ ինչի այլընտրանքն է ԲՀԿ-ն:

Դիտարկելով ԲՀԿ-ի` արդեն նշված նախընտրական և հետընտրական պահվածքը` կարելի էր ենթադրել, որ ԲՀԿ-ականներն իրենց իշխանության «այլընտրանք» են համարում: Ինչնե՞րն է պակաս, որ… Օլիգարխներ իրենք էլ ունեն, նախկին կառավարության հետ իրենք էլ են զբաղվել Հայաստան կոչվող «երկիրաշինությամբ» ու «պետականաշինությամբ», իրենք էլ կարող են նեկայացնել «ծրագիր» կոչվող ցանկությունների մատյան և այլն: Բայց սխալված չենք լինի նաև կարծելով, որ ԲՀԿ-ն կարող է իրեն «այլընտրանք» համարել նաև ընդդիմությանը: Այստեղ էլ նրանք համապատասխանություններ ունեն. կարող են մոռանալ, որ ընդամենը նախորդ ԱԺ-ում կողմ էին քվեարկում այնպիսի օրենքների և օրինագծերի, որոնց «գործադրումից» այսօր մի լավ կարող են դժգոհել ու քննադատել:

Մի խոսքով, թե ում կամ ինչի «այլընտրանքն» է ԲՀԿ-ն, ցույց կտա ժամանակը: Ժամանակը ցույց կտա նաև, թե ինչ ասել է «այլընտրանք». թե չէ քաղաքական և քաղաքագիտական շրջանակները «կոտորվեցին»` գուշակելով այս կատեգորիայի էությունը, որը միայն այն հորինողներին է հայտնի:

 

 

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply