Գագիկ Բեգլարյան. «Մոռացեք Դոմինգոյին, ինչի եք անընդհատ նրան հիշում»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 28, 2012 14:02

«Եթե նախարարությունում փոփոխություններ լինեն, ապա դրանց մասին Ձեզ անպայման կտեղեկացնեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ի դեպ, նա շատ պատրաստակամորեն էր պատասխանում լրագրողների հարցերին:

Հարցին, թե Դոմինգոյի «չարաբաստիկ» համերգը իր կարիերայի վրա ինչ ազդեցություն ունեցավ, Գ.Բեգլարյանը պատասխանեց. «Մոռացեք ամեն ինչ, արդեն նոր աշխատանք կա, նոր ոլորտ»: Նա չբացառեց, որ նախարարությունում կադրային փոփոխություններ կլինեն. «Մեզ մոտ սկզբունք կա` ով լավ աշխատում է, ապա լավ աշխատելու է միշտ»:

Հարցին, թե միթե՞ նախարարի մամուլի քարտուղարը լավ չէր աշխատում, որ աշխատանքից ազատման դիմում գրեց, Գ.Բեգլարյանը նշեց, որ նա էլ էր լավ աշխատում և արդեն տեղափոխվել է այլ աշխատանքի:

ՏԿ նախարարը վստահեցրեց, որ նախկինում թույլ տված բացերը կփորձի այս նախարարությունում լրացնել: «Յուրաքանչյուր մարդ առաջին հերթին պետք է ինքն իր գնահատականը տա և ժամանակի արված սխալների վրա ուղղվի»,- ընդգծեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե իրացման գոտիների բնակիչները բողոքում են, որ իր` քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ էլ եղել են անօրինականություններ, արդյոք կփորձի այսօր այդ հարցերը լուծել և այդ մարդկանց օգնություն ցույց տա, Գ.Բեգլարյանը նշեց, որ իր օրոք երբեք անօրինականություններ չեն եղել. «Եթե ինչ-որ մարդիկ հիշողությունը կորցրել են և ուզում են այդ ամենն ինձ վերագրել, ապա դա իրենց պրոբլեմն է»: Նա նաև նշեց, որ իրացման գոտիներում կառուցված նորակառույց շենքերում բնակարաններ չունի, իսկ եթե լինի գոն մեկ հատ, ապա` «նվեր եմ տալիս Ձեզ»: Իսկ արդյոք նախարարի եղբայրն այդ շենքերում բնակարաններ ունի հարցին, Գ.Բեգլարյանը պատասխանեց. «Եղբորինս չեմ կարող նվեր տալ Ձեզ»:

Այնուհետև անդրադառնալով Աբովյան փողոցների կրպակներին, որոնց սեփականատեր հանդիսանում էր նաև Բեգլարյանի եղբայրը, ՏԿ նախարարը նշեց, որ իր եղբայրը մեծ մարդ է և ինչ էլ ունի Աբովյան փողոցում` ունի 1990թ-ից: «Ինքը որոշում է կայացրել` հանուն հայրենիքի, առաջին հերթին նա էր կողմ, որ այդ կրպակները քանդվեին»:

-Պարոն Բեգլարյան, բայց ասում են, որ Ձեր աչքը քաղաքապետի պաշտոնի վրա էր:
– Ո՞վ է այդ մասին ասել:

– Ձեր մտերիմները:
– Էդ մտերիմների անուննները ինձ ասեք: Ես ուզում եմ իմ Հայաստանի, իմ պետության համար օգտակար լինեմ, աշխատեմ, անկախ նրանից որ ոլորտում կլինեմ:

Գ.Բեգլարյանը խոստացավ, որ, մասնավորապես, հասարակական տրանսպորտի ոլորտում փոփոխություններ կարվեն: Լրագրողները հետաքրքվեցին, թե վերջին անգամ երբ է հասարակական տրանսպորտից օգտվել, նախարարը նշեց, որ քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ, բայց խոստացավ, որ առիթի դեպքում նորից կօգտվի:

Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես նշեց Գ.Բեգլարյանը, գոհ է ներկայիս քաղաքապետի գործունեությունից. «Տարոն Մարգարյանը իրականում արժանի քաղաքապետ է, նրա հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Նա ինչի կարիք ունենա, ես նրա կողքին կանգնած եմ»:

Նրա խոսքերով` քաղաքապետի աշխատանքը ոչ մեկինը չի. «Դուք երևի չգիտեք, թե քաղաքապետի պաշտոնը ինչ պաշտոն է: Քաղաքում աշխատանքները երբեք չեն ավարտվում, քաղաքապետի աշխատանքները նույնպես, և յուրաքանչյուր քաղաքապետ պետք է շարունակի նախորդի լավ արածները և վերացնի վատ արածները: Բոլոր ոլորտներում էլ լուրջ աշխատանքներ կան և անկախ անձից դրանք բոլորը պետք է իրականացվեն: Ամենակարևորն այն է, որ հիմք դրվեն այնպիսի աշխատանքների, որոնք ի օգուտ ժողովրդի են, ի օգուտ քաղաքացիների»:

Վերջում լրագրողները հետաքրքրվեցին, թե պարոն Բեգլարյանը դարձյալ կգնա Դոմինգոյի համերգին, նա պատասխանեց. «Մեծ սիրով, բայց ես Դոմինգոյի համերգին չեմ էլ եղել: Ինչի՞ եք անընդհատ Դոմինգոյին հիշում»:

Panorama.am

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply