Ռուսերենի բանավոր 3-օրյա քննությունը մեկնարկել է, հանձնաժողովը գոհ չէ դիմորդների գիտելիքների մակարդակից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2012 13:06

Այսօր ռուսերենի բանավոր քննության առաջին օրն է: Քննական երեք օրերին բանավոր քննություն  պետք է հանձնեն 120 դիմորդներ: Այսօր Ագրարային համալսարանում ձևավորված քննակենտրոնում քննություն են հանձնում 40-ը:

Լսարաններից մեկում ծնողները լուռ էկրանին են հետևում` տեսախցիկը նկարահանում է պատասխանող դիմորդին, ձայնն էլ լսվում է: Այնպես ոչ լսարանում քար լռություն է, միայն էկրանից դիմորդի ձայնն է հնչում:

Մեկ այլ լսարանում դիմորդներն են` սպասում են քննասենյակ մտնելու իրենց հերթին: Ոմանք լարված դես ու դեն են քայլում, ոմանք զրուցում են, մի քանիսն էլ լարված ու «քարացած» նստած են:

Դիմորդներից Ինան ասում է, որ հուզված չէ` երկու տարի պարապել է, այնպես որ մարտական է տրամադրված: «Դպրոցի գիտելիքներով գրավոր քննությունը  մի կերպ կարող ես հանձնել, բայց բանավորն անհնար է»,- ասում է նա: Միևնույն ժամանակ մի այլ դիմորդ, որ ձիգ նստած է, ասում է, որ չի պարապել կրկնուսույցի մոտ և իր ուժերն է փորձում:

Քննասենյակում լրագրողների մուտք գործելու պահին Վեդիի դպրոցի շրջանավարտներից մեկն է պատասխանում:

Պատասխանելուց հետո հանձնաժողովը գումարում է երեք հարցերից  վաստակած միավորները և հայտնում, որ աղջիկը 14 միավոր է վաստակել: Դիմորդը, սակայն, դժգոհ է իր գնահատականից և առաջարկում է լրացուցիչ հարցեր տալ և բարձրացնել գնահատականը: Շարահյուսական վերլուծության համար մեկ այլ տոմս են տալիս, սակայն ապարդյուն` աղջկա պատասխանում հանձնաժողովի անդամները նորանոր սխալներ են գտնում և ի վերջո հայտարարում, որ քերականական նման գիտելիքների պարագայում 14-ն էլ բարձր գնահատական է: Սակայն աղջիկը համառում է, սկսում է լացել, հրաժարվում է ստորագրել թերթիկի վրա: Պնդում է, որ իրեն բարձր գնահատական է հարկավոր անվճար ընդունվելու համար: Սակայն գնահատականն անփոփոխ է մնում, ու աղջիկը լացելով դուրս է վազում քննասենյակից:

«Ինքն էլ խոստովանեց, որ դպրոցն իրեն ոչինչ չի տվել, բայց հույս ուներ, որ այդ աղքատիկ ռուսերենով կընդունվեր անվճար: Գրավոր քննությունից 17 է ստացել: Դա խոսում է այն մասին, որ  բավականին լուրջ երեխա է և ձգտում ունի: Բայց  համոզված եմ, որ  անվճարի երեխաները քննությունից պետք է դուրս գան վստահ, որ իրենց գիտելիքը իրենց վաղվա հացն է»,- ասում է քննական հանձնաժողովի նախագահ Լիլյա Բալասանյանը:

Նշում է, որ դեռևս 10-15-ի սահմաններում են գնահատականները, լավ պատասխան էլ չի եղել. «Դեռ ոչ մի պատասխան չի եղել, որի համար ժպտայի և ասեի հրաշալի պատասխան է, շատ տխուր պատկեր է: Որակը նախորդ տարիների հետ համեմատությամբ դեռ նույնն է, տխուր տպավորությունների շղթան շարունակվում է»:

Բալասանյանն ասում է, որ տարեցտարի դիմորդների գիտելիքները ռուսերենից նվազում են, իսկ պատճառները տարբեր են` դասագիրք, ուսումնական ծրագիր, մանկավարժների որակ և այլն:

Քննասենյակից դուրս եկած հաջորդ դիմորդն էլի 14 է ստացել, սակայն ի տարբերություն նախորդ աղջկա, գոհ է: Տաթևիկ Կիրակոսյանը ժպտալով ասում է, որ հարցերը ծրագրի շրջանակներում են եղել, հանձնաժողովը նորմալ վերաբերմունք է ցուցաբերել, թողել են, որ պատասխանի:

Աղջիկը ժպտալով դուրս է վազում, որտեղ էլ արդեն հեռախոսազանգով հարազատներին է իրազեկում իր գնահատականի մասին:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply