Հանդիպում-շնորհանդես Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 13:00
Հունիսի 27-ին Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում տեղի է ունեցել հանդիպում-շնորհանդես՝ նվիրված 2012/13 ուստարվա համար հաստատված հայոց լեզվի՝ որպես արեւելյան առաջին լեզվի, հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրմանն ուղղված կրթական ծրագրին:

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Մ.Մեյերը, Մոսկվայի համայնքային կառույցների ու հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր խոսքում նշել է, որ Մոսկվայի պետական համալսարանում հայոց լեզվի ուսուցանումը ունի բացառիկ կարեւորություն: Ընդգծելով, որ լեզվի ուսումնասիրությունն ազգերի միջեւ շփումների ապահովման կարեւորագույն միջոցն է, ՌԴ-ում ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ հաստատված կրթական ծրագիրը կծառայի ի նպաստ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ երկու երկրների հասարակությունների առավել մերձեցմանը: Օլեգ Եսայանը հավելել է նաեւ, որ  ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է համակողմանի աջակցություն տրամադրել Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտին՝ ծրագրի իրականացման  ընթացքում:

Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Մ.Մեյերի խոսքով հայոց լեզվի ուսումնասիրությունը բուհում առաջնահերթ խնդիր է՝ ելնելով հայոց պատմության եւ հայկական մշակույթի հարուստ ժառանգության ուսումնասիրության անհրաժեշտությունից: Ըստ պրն. Մեյերի՝ կրթական ուղղության հաստատման նպատակներից մեկն էլ հանդիսանում է ռուսաստանյան հասարակության շրջանում  Հայաստանի եւ երկրի պատմության ու մշակույթի մասին գիտելիքների տարածման ապահովումը: Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը վստահություն է հայտնել, որ այսօր անհրաժեշտ է պատրաստել ռուսաստանցի մասնագետներ, որոնք կտիրապետեն աշխարհիկ հայերենին ու գրաբարին եւ կզբաղվեն հայագիտությամբ:

Ծրագրի շնրոհանդես-հանդիպմանը ելույթներով հանդես են եկել նաեւ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ, գիտության եւ մշակույթի հայտնի ներկայացուցիչներ:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply