Տիգրան Փաշաբեզյան. «Հայ-թուրքական արձանագրությունը պարտադրված է 3-րդ ուժի կողմից»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 29, 2009 13:57

Տիգրան Փաշաբեզյան«Ուխտ Արարատի» Ազգային ազատամարտիկների ու նախկին քաղբանտարկյալների կազմակերպության համակարգող Տիգրան Փաշաբեզյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ իրենք բաց նամակ են ուղարկել գերտերություններին, որպեսզի վերջիններս առավել ուշադրություն դարձնեն հայ-թուրքական արձանագրության բովանդակությանը:
«Արձանագրությամբ հարցականի տակ է առնվում ոչ միայն Միջին Արևելքի երկրների սահմանները ամրագրող Սևրի պայմանգիրը, այլև Հայաստանի մասով ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը` Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերյալ ,- ասաց նա,- Արձանագրությունը փորձ է` շրջանառությունից հանելու «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ. ընդունած Կոնվենցիան»:
Փաշաբեզյանն ասաց, որ բաց նամակը չի հասել միայն ԱՄՆ դեսպանատուն, քանի որ նամակն հանձնող երիտասարդն իր մոտ անձ հաստատող փաստաթուղթ չի ունեցել, բայց այն կրկին կուղարկվի դեսպանին:
«Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման Հոկտեմբերյանի շրջանի միացյալ ջոկատի հիմնադիր հրամանատար Լյովա Սահակյանն էլ ասաց, որ եթե կառավարող շրջապատի բարձրաստիճան կուսակցական անձը (անունը չնշեց) համարձակվում է 9 միլիոն հայերի անվանել տականք միայն նրա համար, որ դեմ են արձանագրությանը, ապա իրենք ընդունում են այդ մարտահրավերը և պատրաստ են պատասխան տալ:
«Մեր գույնը հողի գույնն է, մեր դրոշը` եռագույնը,-ասաց նա,- Ես պնդում եմ, որ Սփյուռքի բացարձակ մեծամասնությունը դեմ է եղել արձանագրությանը, դե թող գոնե մեկը հարցներ` ինչու Թուրքիայի նախագահն էլ Սերժ Սարգսյանի նման չգնաց աշխարհով մեկ փռված թուրքական համայնքների հետ հանդիպման. որովհետև արձանագրությունը թուրքական է, ոչ թե հայկական»:
Փաշաբեզյանի խոսքով` արձանագրությունը պարտադրվել է 3-րդ ուժի կողմից, և այդ են փաստում 2008թ. Մեթյու Բրայզայի արած հայտարարությունը` «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլինա Ռայսի`«ԱՄՆ-ն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը» արտահայտությունը և Կոնգրսի ներկայացուցիչների պալատում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել ֆրիդի հայտարարությունը, թե Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը պայմանավորում է « նուրբ ու ցավալի» խնդիրների հաղթահարմամբ`«Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը և կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից թուրքիայի նկատմամաբ հողային որևէ պահանջ չունի»:
Ֆրիդի խոսքում Փաշաբազյանը հատկապես ընդգծեց «պետք է» բառը` ասելով, որ նման արտահայտություն չպետք է օգտագործվեր, գոնե պետք է լիներ «ցանկալի է, որ Հայաստանը…» և այլն: Նա մեջբերեց Տրոցկու ժամանակին ասած խոսքը, որ «Հանուն համաշխարհային հեղափոխության` հայերը պիտի զիջեն իրենց իրավունքները» և ասաց, որ հայերը հիմա էլ հանուն Եվրոպայի են զիջում իրենց իրավունքները, ինչը արդարացի չէ:
«Հայաստանն իր տարածքային ամբողջականությունն հաստատելու խնդիր ունի,-ասաց նա,- Մենք վաղուց ասել ու շարունակում ենք պնդել, որ իրավազրկված ժողովրդի ազատագրական պայքարում պետք է մշակել նմանատիպ ռազմավարություն`առաջին պլանում պետք է լինեն իրավական հարթությունում լուծվող խնդիրները, 2-րդում` քարոզչական մեխանիզմները, հետո նոր բանակն ու աշխարհազորը»:
Փաշաբեզյանի խոսքով` հայ-թուրքական արձանագրության վավերացումից հետո թե լավ, թե վատ իրադարձությունների համար առաջին հերթին պատասխան են տալու Ցյուրիխում ստորագրման պահին ներկա գտնվողներն ու երկու պետությունների` Թուրքիայի ու Հայաստանի ղեկավարները:

Դիտվել է 2309 անգամ:
Print Friendly

Leave a Reply