Շենքի սեյսմակայունությունը` կարևորագույն պայման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2012 20:30

«ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ պատվերով Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղին հարող տարածքում` Սևանա լճի ափին «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից մշակվել և կառուցվել է երկհարկանի, եռաշերտ ու ջերմամեկուսիչ երկաթբետոնե կրող պատերով փորձարարական կառույց: Դա հանգստյան գոտիներից մեկի ապագա քոթեջներից է, որի շինարարության եղանակը նոր է, բավական խնայողական ու արդյունավետ` սեյսմակայունության տեսակետից։ Այն լայնածավալ կիրառություն է գտել սեյսմավտանգ շատ երկրների շինարարությունում, իսկ Հայաստանում այն կիրառվում է առաջին անգամ:
Ըստ Հայաստանում գործող նորմերի` դրանցով չկանոնակարգված կառույցների, ինչպես նաև ծավալահատակագծային պայմաններին ու չափսերին չհամապատասխանող շենքերի և կառուցվածքների նախագծումը պետք է իրականացնել համապատասխան լրացուցիչ հիմնավորվածությամբ: Բացի այդ, նույն նորմերի համաձայն` նոր նախագծվող կառուցվածքների և շենքերի կառուցումից հետո պետք է կազմվեն տեխնիկական անձնագրեր:

 

Ինչ սարքերով ենք զինված

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության համակարգի «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի կողմից աշխատանքներ են տարվում վերը նշված փորձարարական կառույցի սեյսմիկ փորձարկումների ուղղությամբ: Հարկ է նշել, որ կենտրոնն ունի եվրոպական և միջազգային ստանդարտներին համապատասխան փորձարարական լաբորատորիա՝ տարածաշրջանում միակ «Ակտուեյտոր» տիպի ժամանակակից սարքավորումով: Այն հնարավորություն է ընձեռում 0-100 Հց հաճախականությունների տիրույթում կառույցին հաղորդել մինչև 100 տ դինամիկ բեռնվածություն: Սարքը գործարկելու համար փորձարարական լաբորատորիայում ստեղծվել է հատուկ ուժային համակարգ, որի միջոցով ստուգվում են ինչպես տարբեր շինարարական նյութերի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, այնպես էլ շենքերի կառուցվածքային տարրեր, հանգույցներ, պատերի հատվածներ ու շենքերի դինամիկական մոդելներ:

Լաբորատորիան համալրված է նաև գրունտների ուժեղ տատանումները գրանցող SMACH-SM2 տիպի շվեյցարական արտադրության թվային սարքով:
Առաջին անգամ. փորձարկում դաշտային պայմաններում


Սևանա լճի ափին կառուցված շենքի կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով` շենքին կից կառուցվել է կոշտ միաձույլ երկաթբետոնե հենարան, որի վրա տեղադրվել է սեյսմիկ փորձարկումնների համար նախատեսված «Ակտուեյտոր» սարքը: Հարկ է նշել, որ այդ սարքը առաջին անգամ է օգտագործվում դաշտային պայմաններում շենքի բնական դինամիկ փորձարկումների համար:
Այս փորձի նպատակն է ստուգել կառուցված շենքի սեյսմակայունությունը: Նախնական փորձարկումներն արդեն կատարվել են, որոնց ընթացքում շենքի վրա 0-35 Հց հաճախականությունների տիրույթում կիրառվել են 10-30 տ հորիզոնական ուժեր: Շենքի վրա չափումներն իրականացվել են SMACH-SM2 սարքով:

Չնայած փորձարկման տվյալները դեռևս գտնվում են վերլուծության փուլում` ստացված արդյունքները հուսադրող են և կարելի է ասել, որ Հայաստանում արդեն կա հնարավորություն ստուգելու և գնահատելու շենքի սեյսմակայությունը շինարարության ընթացքում:

Զավեն Խլղաթյան, տեխնիկական գիտ. թեկնածու, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության համակարգի «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply