Ադրբեջանում զինված խումբը գնդակոծել է պաշտոնյաներին և անհետացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2012 17:44

Ադրբեջանի Սամուխի շրջանի Գարասագգալ անտառային գոտում փոխհրաձգություն է տեղի ունեցել: «Ազադլիգ»-ի տեղեկացմամբ` անտառի Քուռ և Գյանջա գետերի միախառնման շրջանում ավտոմատով զինված խումբը հարձակում է գործել Ադրբեջանի բնապահպանության և բնական հարստությունների նախարարության շրջակա միջավարի պահպանության վարչության Սամուխի շրջանի բաժնի ղեկավարի առաջին տեղակալ Գլիբ Մեհդիևի և նրա երկու աշխատակիցների վրա: Որոշ տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ին:

Ձիավորների խումբը «ձեռքերդ վեր» հրաման է տվել նախարարության աշխատակիցներին, հետո հրամանին չենթարկվածների վրա զգուշացնող կրակ բացել: Դրանից հետո նախարարության աշխատակիցները փախել և թաքնվել են անտառում և բջջայինով օգնություն խնդրել անվտանգության ներքին մարմիններից:

Սամուխի ոստիկանությանը տագնապ է հայտարարվել: Ոստիկանությունն անմիջապես որոնողական գործողություն է սկսել անտառում, սակայն ավազակախմբին չի կարողացել գտնել: Անարդյունք որոնումները շարունակվել են երկու օր: Նախարարության աշխատակիցները պատմել են, որ ավազակախմբի անդամները մորուքներով են եղել: Որոշ վարկածներով` նրանք վահաբականներ են եղել: Սակայն այլ ենթադրություններով` այդ անձինք Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինված խմբի անդամներն են եղել: Ենթադրվում է, որ նրանք թաքնվել են Սամուխի շրջանում Քուռ գետի հովիտում քրդերին պատկանող ֆերմերային տնտեսություններում: Ենթադրվում է, որ քրդերի ֆերմաներում ռազմական ճամբար կա: Ադրբեջանի ոստիկանությունը դեռևս հետազոտում է այդ վարկածները:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply