Թիկնապահների խմբում պետք է պարտադիր լինի մի վախկոտ. Ահարոն Ադիբեկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2012 17:38

Թիկնապահները պետք է պաշտպանեն այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Պահապան արծիվ” թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը:

Թիկնապահների մեջ լինում են պետական և մասնավոր աշխատողներ: Պետական աշխատակիցները կատարում են պետական կառույցների և այլ օբյեկտների պաշտպանություն, իսկ մասնավորները աշխատում են գործարարների, քաղաքական գործիչների և այլ անձանց համար:

Արսեն Դավթյանի կարծիքով թիկնապահը չպետք է լինի աչքի ընկնող չափսերով, բարձրահասակ, աժդահա կամ հաստավիզ: Իսկական թիկնապահները պետք է ունենան համապատասխան կրթություն և գրագիտություն: “Թիկնապահը նախ և առաջ մարդ է, հետո նոր թիկնապահ: Նա չպետք է երբեք բռնություն կիրառի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև իրավունք չունի զենք գործածելու, նույնիսկ գազային ատրճանակով օդ կրակելու: Թիկնապահը պետք է լինի հոգեկան հավասարակշիռ վիճակում, չլինի ագրեսիվ և պետք է աշխատի օրական 12 ժամից ոչ ավելի, քանի որ նա էլ է մարդ և նա էլ կարող է հոգնել”:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ հիմա մոդայիկ է թիկնապահ ընտրել կանանց, քանի որ հարձակման դեպքում հաղթանդամ թիկնապահներն անմիջապես աչքի են ընկնում և հանդիսանում են լավ թիրախ քիլլերների համար. “Ընդ որում, թիկնապահների խմբում պետք է պարտադիր լինի մի վախկոտ, անպայման չէ, որ բոլորը լինեն խիզախ ու արյունախում տպեր, քանի որ վախկոտի մոտ զգացողությունը դեպի վտանգը ավելի մշակված և նուրբ է լինում, քան այդ հաստավիզների մոտ”:

Ինչ վերաբերում է Հարսնաքարի դեպքին, ապա Արսեն Դավթյանն ասաց, որ առայժմ քննություն է ընթանում` պարզելու` սպային ծեծի ենթարկողները իսկապես թիկնապահ են եղել, թե ոչ. “Թիկնապահը ոչ մի դեպքում իրավունք չունի ընդհարվել  հաճախորդների հետ կամ խառնվել  այլ գործերի մեջ, նա պետք է որքան հնարավոր է խոսի հաճախորդների հետ, բացատրի, իսկ եթե չեն հասկանում` դիմի ոստիկանությանը, բայց ոչ երբեք ուժ կիրառի”:  Ուստի Դավթյանը դեռ կասկածում է` այդ մարդիկ իսկապես թիկնապահներ են եղել, թե ոչ:

“Թիկնապահներ կոչվում են այն անձինք, ովքեր ունեն համապատասխան փաստաթղթեր, դիպլոմներ և որ շատ կարևոր է` սերտիֆիկատներ”,-հստակեցնում է պրոֆեսիոնալ թիկնապահը:

Հայաստանում պետության կողմից օրենքով թիկնապահ տրամադրվում է երկրի նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին` առանց սահմանափակման: Սակայն մեր երկրում թիկնապահ թույլատրվում է ունենալ նաև ցանկացած մասնավոր անձի, ով համարում  է, որ  ինքն ունի պաշտպանության կարիք, սակայն այս դեպքում թիկնապահների քանակը սահմանափակվում է երեքով: Իսկ նմանատիպ անձանց դեպքում ուղեկցող մեքենաներ, Ա. Դավթյանի կարծիքով, ցանկալի է որ չլինեն կամ գոնե որքան հնարավոր է`քիչ լինեն:

Ի դեպ, Հայաստանում թիկնապահների աշխատավարձը, բանախոսի հայտնած տվյալներով, տատանվում է 60-150 հազար դրամի սահմաններում, իսկ որոշ մասնավոր վարձված թիկնապահներ  ստանում են մի փոքր ավելին` շուրջ հազար դոլար: Սակայն, ի տարբերություն Հայաստանի, արտասահմանյան երկրներում թիկնապահների աշխատանքը ամենաբարձր վարձատրվողներից է համարվում, և նրանց միջին աշխատավարձը կազմում է շուրջ 250.000 դոլար:

 

Վահե Մակարյան

 

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply