Աղամանների ցուցահանդես՝ ՆԱՄ-ում
Օրվա լուր | ankakh | June 27, 2012 16:26
Հունիսի 27-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ հայկական աղամանների ցուցահանդեսի բացումը:
Աշխատանքների հեղինակները երեխաներն են` «Տերրակոտտա» մանկական խմբի սաները: Խմբի գեղարվեստական ղեկավարն է Նանա Մանուչարյանը:
Բացման խոսքում Ն. Մանուչարյանը շեշտեց փաստը, որ իրենք չեն պատրաստում շուկայական նմուշներ. «Սիրելի երեխաներ, այս աշխատանքներից յուրաքանչյուրն ունեն ձեզնից մի մաս, եւ նրանք այլեւս չեն կրկնվում»,-ասաց նա` նշելով, որ այս ցուցահանդեսի նպատակը նաեւ երեխաներին ոգեշնչելն է, որպեսզի սեպտեբերից սկսած նրանք ավելի ոգեւորված սկսեն աշխատել, ստեղծագործել:
Նանայի խոսքերով տեղեկատվական այս ժամանակաշրջանում, երբ ամեն կողմից նոր ինֆորմացիա ենք ստանում, մեր ուղեղում առաջանում է մշակութային քաոս, ուստի այս պարագայում շատ կարեւոր է, որ մենք նախ մերը ճանաչենք, մեր մշակույթը, որից հետո էլ կկարողանանք ճանաչել մյուսներինը:
Այս իմաստով աղամանները կարեւոր նշանակություն ունեն. «Կանացի կերպարներով աղամաններ միայն Հայաստանի տարածաշրջանում են պատրաստում, սա տիպիկ հայկական է»,-նշեց Նանան` շնորհակալություն հայտնելով ՆԱՄ-ին ցուցահանդեսի կայացմանն աջակցելու համար:
Իր հերթին ՆԱՄ նախագահ Նարեկ Հարթունյանը նշեց, որ ուրախ է ՆԱՄ-ում այսքան տաղանդավոր երեխաների աշխատանքներ տեսնել:
Նա երեխաներին որպես օրվա հուշ Հովհաննես Թումանյանի ծոռան՝ Ռուբեն Քանքանյանի կողմից նկարազարդված օրացույցներ նվիրեց, իսկ Նանային՝ ՆԱՄ խորհրդանշական նվերներից նուռն ու Հ. Թումանյանի մանկական բանաստեղծությունների գիրքը՝ դարձյալ Ռուբեն Քանքանյանի նկարազարդմամբ:
Ցուցահանդեսին մասնակցում են 6-14 տարեկան 20 երեխա:
«Սա Հռիփսիմեն է: Նա շատ նման է իմ հայրիկի տատիկին. նրա նման ուրախ է, աշխատասեր»,-բացատրում է 11-ամյա Լուսին Հարությունյանը:
Իսկ ահա 14-ամյա Ադրա Խաչատուրյանն իր աղամանը «Մարե» է կոչել: Աղամանն` ինչպես մայր. «Հղի կին է, կյանք կա մեջը»,-մեկնաբանում է նա:
Խմբի ամենափոքրիկ անդամներից 6-ամյա Սոֆյան էլ «Լիլիթ» է կոչել իր աղամանը:
«Սրբուհի», «Նաիրի», «Հրարփի», «Հոռոմ», «Անի», «Անահիտ»…. Երեխաների կողմից ստեղծված կանացի հայ կերպարներով աղամանների ցուցահանդեսը կարող եք դիտել Նարեկացի արվեստի միությունում մինչև հուլիսի 2-ը:
Հ.Գ. «Տերրակոտտա» մանկական խմբակն այս պահին ունի տարածքի եւ վառարանի խնդիր: Խմբակին այս հարցում օգնել ցանկացողները կարող են զանգահարել 093 84 04 25 հեռախոսահամարով:
Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն






Facebook
Tweet This
Email This Post
