Սիրիան և թուրքական մղձավանջը…
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | June 27, 2012 16:18
Սիրիային ծնկի բերելու տարածաշրջանային թիվ 1 դերակատար Թուրքիայի ամիսներից ի վեր քարոզչական, քաղաքական և խափանարարական սադրիչ մեքենայությունները, որոնք հարատևորեն ուղեկցվում էին Գյուլ-Էրդողան-Դավութօղլու եռյակի ամենօրյա հոխորտանքներով, մայիս-հունիս ամիսների ընթացքում զարմանալիորեն դադարելու, գեթ վերջիններիս կողմից լռության մատնվելու, հոլովույթ էին ապրում: Առերևույթ թվում էր, թե Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցապետերը երկրի ներքին այլախոհական ուժերին չգայթակղելու մտոք են դիմել այդ «լռության մարտավարությանը», թեև կային նաև ու մանավանդ արտաքին գործոն-պատճառներ ևս:
1. Եգիպտոսում ձևավորվող և արդեն տեսանելիª իսլամական պաղեստինամետ ուժերի հաղթանակըª նախագահական ընտրություններում, որոնք ինչ խոսքª ոչ միանշանականորեն էին վերաբերվելու Թուրքիայի հակաասադական դիրքորոշմանը:
2. Միջին ու Մերձավոր Արևելքի և մասնավորապես Սիրիայի զարգացումներում Ռուսաստանի հետմեդվեդևյան նոր շրջանի ավելի անզուսպ և մինչև իսկ կտրուկ հայտարարություն-դիրքորոշումները, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի մակարդակում արդեն Չինաստանի հետ համատեղ Թուրքիայի նման արբանյակային, բայց տարածաշրջանում նոր ախորժակներ փայփայող երկրի հասկացնում էին, որ վերջինս անցել է թույլատրելի սահմանները…
3. Հունաստանում և հատկապես Ֆրանսիայում նոր իշխանությունների ձևավորումըª Եվրամիության համընդհանուր և ներկայիս տնտեսա-քաղաքական ոչ միատարր կարգուսարքի վրա դրա ազդեցությունը: Զորօրինակ, հենց սիրիական տագնապի առնչությամբ Գերմանիան որդեգրել է բացառապես քաղաքական լուծման եղանակն ու աջակցություն է հայտնում Քոֆի Անանի նախագծին:
4. Չէր կարող Թուրքիայի վերը մատնանշած մարտավարական զսպվածությունն ու լռությունը փոխկապակցված չլիներ տարածաշրջանում ու մասնավորապես Սիրիական հարցում ծանրակշիռ դերակատարություն ունեցող Իրանի սիրիամետ կեցվածքով ու դիրքորոշմամբ:
5. Պետք է նույնպես հաշվի առնել Իրաքի սաստկացող հակաթուրքիա կեցվածքները, հատկապես վարչապետ Նուրի Մալիքիի դերակատարությամբ, որը որպես Իրաքի շիա ազգաբնակչության ներկայացուցիչª մշտապես գտնվել է Իրանի տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում:
Քաղաքական այսպիսի մղձավանջային հոլովույթի դեմ հանդիման կանգնելու թուրքական «համբերատարությունը» սպառեց անցյալ շաբաթասկզբին կայացած G20-ի գագաթաժողովից անմիջապես հետո, որի ընթացքում թուրք վարչապետն ԱՄՆ-ի նախագահի հետ լուրջ քննության առարկա էր դարձրել սիրիական թնջուկը և դրանից բխած նորª ընդ որում ձախորդ պայմանները, որոնք այլապես ուղեկցվում էին ի շահ Ռուսաստանի և Իրանի:
…Ահավասիկ, ուրբաթ, հունիսի 22-ին Սիրիայի տարածք ներխուժած թուրքական F-4 ռազմօդանավը զգետնվում է Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգի կողմից ու դրանով էլ ամբողջովին նոր էջ է բացվում Արևմուտքի հակասիրիա զորաշարժային ավելի քան մեկամյա սցենարում, անկասկած, նոր դերաբաշխումներով…
Ներկայիս դրությամբ, սակայն, Թուրքիայի անցնող երեք օրերի շանտաժային, ապատեղեկատվական ու ամեն կարգի քարոզչական հնարքները բերել են նրան, որ Եվրաիությունը երեկ Լյուքսեմբուրգում Սիրիայի դեմ մինչ այդ կիրառվող տնտեսական շրջափակումներն ավելիով սաստկացնելու որոշում կայացրեց, իսկ այսօր իսկ Բրուսելում, նույնինքն Թուրքիայի պահանջով ՆԱՏՕ-ն քննության է ենթարկելու իր զինակից-դաշնակցի «վնասից հատուցման» ռազմաքաղաքական այլընտրանքները, որոնք այսպես թե այնպես միտում են ավելիով ուժեղացնել-ամրագրել Թուրքիայի ներկայությունն ու դերակատարությունը տարածաշրջանում և անշուշտ ի վնաս նախª Թուրքիայի անմիջական հարևանների և ապաª Ռուսաստանիª որպես շրջանային և միջազգային դերակատար գերուժի, հատկապես սիրիական տագնապում:
«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր
Դերենիկ Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
