Է. Շարմազանով. Իմ երկրի առաջին նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չպետք է հավասարության նշան դնի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 27, 2012 15:12
«Ուշադիր ընթերցեցի առաջին նախագահի ելույթը և հասկացա, որ քաղաքականության մեջ միշտ էլ կարելի է զարմանալու համար առիթներ գտնել: Զարմանալի է, երբ իմ երկրի առաջին նախագահը նմանատիպ վերլուծություն է անում և ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ համանախագահ երկրների հայտարարությունների անհաջող վերծանության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու փոխարեն նա իր համակիրներին ճշմարտությունն ասեր»,- Panorama.am-ի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՀԱԿ ղեկավարի՝ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունների վերաբերյալ հնչեցրած համեմատական վերլուծությունը, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ՀԱԿ ղեկավարը համեմատականներ տանելով համանախագահ երկրների վերջին տարիների համատեղ հայտարարությունների միջև, նշել էր, որ պարզ է մի անառարկելի իրողություն, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Իլհամ Ալիևի մանևրի դաշտը գնալով նեղանում է
ԱԺ փոխնախագահի խոսքերով, Տեր-Պետրոսյանը ավելի լավ կաներ իր վերլուծություններում նշեր այն պատճառները, թե ինչու ԼՂ հիմախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց չկա:
«Իսկ պատճառը, որի մասին անկասկած գիտի նաև առաջին նախագահը, Ադրբեջանի միլիտարիստական հայտարարություններն են, սպառազինության մրցավազքը, դիվերսիոն գործողությունները, հայատյացության քաղաքակությունը: Ես սպասում էի, որ նա այս մասին կընդգծեր իր ելույթներում, սակայն երբ մեր երկրի առաջին նախագահը հավասարության նշան է դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դա իմ համար զարմանալի է: Մենք միջազգային հանրությունից ենք պահանջում, որ անհասցե հայտարարություններ չանեն ու հավասարության նշան չդնեն, սակայն ինքն է նման կերպ վարվում»,- հավելեց նա:
Հարցին, թե ինչպես կգնահատեք ՀԱԿ ղեկավարի՝ երկրի ներիքն կյանքի վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, Է. Շարմազանովը նշեց. «Ես այն կբնութագրեի որպես մամուլի տեսություն և ձոն Բարգավաճ Հայաստանի»:





Facebook
Tweet This