Դավիթ Գրաֆը Հայաստանում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 27, 2012 14:51
Գերմանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը Հայաստանում է: Նա հայրենիք է ժամանել հանգստանալու և լիցքաթափվելու վերջին մենամարտից և այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց իր վերջին մենամարտում բավականին ուժեղ մրցակցի` Աթիլա Պալկոյի հանդեպ տարած հաղթանակի մասին:
“Մենամարտը լավ անցավ, հակառակորդը պինդ տղա էր, 4 ռաունդ տևեց, որից հետո երևի արդեն հոգնել էր մրցակիցս, և հարմար հարված կպավ իմ կողմից ու նա նոկաուտի ենթարկվեց”,- համեստորեն պատմեց բռնցքամարտիկը:
Մենամարտից հետո Դավիթը ժամանել է Հայաստան, ու մի քանի օրից պատրաստվում է մեկնել Ծաղկաձոր` այնտեղ սկսելու մարզումներն ու պատրաստվելու հաջորդ մենամարտին:
Թե ով է լինելու Դավթի հաջորդ մրցակիցը, նա դժվարացավ նշել, քանզի առայժմ դեռ պարզ չէ, թե ում կնշանակեն:
Դավիթն ունեցել է յոթ մենամարտ, յոթում էլ տարել է հաղթանակ, որոնցից վեցն ավարտվել է նոկաուտով:
Ճիշտ է, այս պահին հայազգի բռնցքամարտիկը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներրքո, սակայն նա ցանկություն ունի հնարավորության դեպքում ներկայացնել Հայաստանը: Իսկ թե ինչն է խանգարում հանդես գալ Հայաստնի դրոշի ներքո, Դավիթը հստակ չկարողացավ նշել` պատճառաբանելով հիմնականում կազմակերպչական հարցերը. “Ես առայժմ հանդես եմ գալիս Գերմանիայի դրոշի տակ, որը մենեջմենթի հետ կապված հարց է, ինչը ես առայժմ չեմ կարող լուծել, հուսով եմ, որ ապագայում այդ հարցը ևս կլուծվի”:
Դաֆիթ Գրաֆը դեմ չէ նաև Հայաստանից հարս տանելուն, և չնայած կարծում է, որ ամուսնության մասին դեռ վաղ է մտածել, բայց հավաստիացրեց, որ երբ օրը գա, իր ապագա կինը միանշանակ հայ կլինի ու անպայման Հայաստանից:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
