“Հայաստան” համահայկական հիմնադրամի տնօրինությունն ու աշխատակազմը զայրացած են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 27, 2012 14:46
Այսօր, հունիսի 26-ին “Հրապարակ” օրաթերթում եւ hraparak.am կայքէջում զետեղված “ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին լավ ճանապարհներ պետք չեն” հրապարակումը /հեղ.Սյուզան Սիմոնյան/ անսպասելի ու անհասկանալի էր “Հայաստան” համահայկական հիմնադրամի տնօրինության ու աշխատակազմի համար:
Բավական է նշել հոդվածի առաջին պարբերության մեջ տեղ գտած ընդամենը երեք նախադասություն`հասկանալու համար, թե լրագրողը որքան հեռու է այն թեմայից եւ ոլորտից, որին փորձ է արել անդրադառնալ:
1. Այսօր բախտ վիճակվեց թերթել “Հայաստան” համահայկական հիմնադրամի տարեկան հաշվետվությունը….
Զարմանալի է, թե ինչու “բախտ վիճակվեց”, եթե Հիմնադրամի նմանօրինակ հաշվետվությունը, որ ամեն տարի հրատարակվում է 1000-1500 օրինակով եւ անվճար տրամադրվում հայաստանյան ամենատարբեր կազմակերպություններին, այդքան դժվար է ձեռք բերվել “Հրապարակ”-ի լրագրողի կողմից, ով պատրաստվում էր անդրադառնալ Հիմնադրամի վերջին շրջանի գործունեությանը: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ վերոհիշյալ հաշվետվությունը ուղարկվել է հայաստանյան նախարարություններին, բուհերին, բանկերին, եւ այլն, իսկ մայիսի 30-ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ բաժանվել բոլոր ներկա լրատվամիջոցներին: Ի դեպ, հենց երեկ, Հիմնադրամ այցելած Հասմիկ Գեւորգյանին /”Դե Ֆակտո” ամսագրի եւ irapes.am կայքէջի լրագրող/ Հիմնադրամի աշխատակցի առաջարկով` տրամադրվեց այս եւ նախորդ տարիների հաշվետվությունները:
2.Երեւում է, որ առնվազն մեկուկես-երկու մլն դոլար հատկացվել է տպագրական ծախսերին…
Տպագրության ոլորտի ծախսերի մասին լրագրողի անիրազեկ լինելու հանգամանքը եւս, մեղմ ասած, զարմանք է առաջացնում: Լրագրողին օգնելու համար տեղեկացնենք, որ 1.5 միլիոն դոլարը կազմում է 630 000 000 ՀՀ դրամ: Արդյոք լրագրողն իսկապես հավատում է, որ նման գումար կարող էր հատկացվել այս տպագրությանը:
3. 2011-ի նոյեմբերին, հերթական մարաթոնի ժամանակ, հիմնադրամը, ինչպես հայտնի է, հաջողացրեց ընդամենը 12 մլն դոլարից քիչ ավելի հավաքել, ինչը գրեթե եռակի պակաս է 2008-ի նոյեմբերին հավաքածից եւ մոտ 9 մլն դոլարով քիչ է նախորդ տարի հավաքած գումարից:
Հիշեցնենք, որ հավաքագրվել է.
2008-ին` – 35 009 156 ԱՄՆ դոլար,
2009-ին` 15 875 043, ԱՄՆ դոլար
2010-ին` 20 630 000ԱՄՆ դոլար
2011-ին`30 921 478 ԱՄՆ դոլար /12.286.478 հեռուստամարաթոն + 18.635.000 ճաշկերույթ/
Այս բարեգործական կառույցը, որի ջանքերով ամեն տարի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կառուցվում եւ վերակառուցվում են տասնյակ ենթակառուցվածքներ, արժանի է առավել պատասխանատու վերաբերմունքի եւ առավել եւս`լրագրողական էթիկայի պահպանման, եթե խոսք է գնում Հիմնադրամի գործունեությունը լուսաբանելու մասին:
Այս առնչությամբ, “Հրապարակ “ օրաթերթի խմբագրական կազմին եւ լրագրողներին առաջարկում ենք նախքան Հիմնադրամի գործունեությանը անդրադառնալը բարեխղճորեն ճշտել փաստերն ու թվերը, ինչպես նաեւ հայտնում մեր պատրաստակամությունը տեղեկատվություն տրամադրելու հարցում:
Հարգանքով
Հասմիկ Գրիգորյան
Հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու






Facebook
Tweet This
Email This Post
