Հայ շախմատիստները շարունակում են հաղթական ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 29, 2009 12:47

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի առաջնության 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը սկզբունքային խաղում 2,5:1,5 հաշվով հաղթեց առաջատարին` Ադրբեջանի ընտրանուն: Լևոն Արոնյանը և Թեյմուր Ռաջաբովը, Վլադիմիր Հակոբյանը և Վուգար Հաշիմովը, ՏիգրանՊետրոսյանը և Շահրիյար Մամեդյարովը խաղաղ դաշն կնքեցին: Իսկ մեր թիմին հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը: Նա առավելության հասավ Գադիր Հուսեյնովի նկատմամբ:

11-ական միավորով առաջատարների ցուցակը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի հավաքականները: Նրանց 10-ական միավորով հաջորդում են Ուկրաինայի, Լեհաստանի և Հոլանդիայի թիմերը:

Իսկ ահա կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Ռումինիայի ներկայացուցիչների նկատմամբ: Էլինա Դանիելյանը հաղթեց Ելենա Կոզմային, Լիլիթ Մկրտչյանը` Կորինա Փեփտանին, Լիլիթ Գալոյանը` Կարմեն Վոյչին: Նելլի Աղինյանը միավորը բաժանեց Ալինա Մատոկի հետ: Մեր ընտրանին 10 միավորով 3-րդ տեղում է: Առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են 12-ական միավոր վաստակած Ռուսաստանի և Վրաստանի հավաքականները:

Դիտվել է 1930 անգամ:
Print Friendly

Leave a Reply