Նոթբուքի գները Հայաստանում մի քանի անգամ թանկ են. որտեղի՞ց է շահավետ գնելը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 29, 2009 11:18

Զիգզագ«Զիգզագում» վաճառվող sony-vaio նոթբուքերն երեք անգամ ավելի թանկ են` քան ինտերնետ խանութներում վաճառվողները: Ավելին, «Զիգզագի» այդ թանկ տեսականին հաճախ արտադրությունից հանված է ու իր պարամետրերով զիջում է sony.com-ում վաճառվող ավելի էժան նոր մոդելներին:

«Զիգզագի» խորհրդատու-վաճառողները գնորդներին որպես լավագույն նոթբուք առաջարկում են SONY VAIO VGN-FW11SR մոդելը( RAM-3GB, HDD-300GB, Rlu- Ray, WebCamera, Bluetooth, էկրանը` 16,4 դույմ), արժեքը` 1 222 500 դրամ (3260 դոլար): Այս նոթբուքը, որ նախատեսված է 3D խաղերի համար արտադրվել է 2008-ին եւ արդեն արտադրությունից դուրս է եկել:
Իսկ արտադրող ընկերության կայքում` sony.com-ում, SONY VAIO SR մոդելի նորույթ համակարգիչները` HDD-320 GB, RAM-4 GB, ֆիրման առաջարկում է գնել 1240 դոլարով` «Զիգզագի» գնից 2060 դոլար էժան: Ընդ որում` ֆիրմայի առաջարկածն ավելի լավ պարամետրեր ունի` միայն հիշողությունը 20 gb-ով ավելի է:

Զիգզագ խանութի աշխատակիցն ասում է, թե իրենց գները բարձր են, քանի որ բարձրորակ նոթբուքեր են վաճառում եւ, որ դրանց ֆիրմայի գինն էլ բարձր է: Սակայն, ինչպես երեւում է, նրա ասածը չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանում, այսուհանդերձ, նոթբուքերի ամենաթարմ եւ ամենամեծ տեսականին Զիգզագում է: Մյուս խանութներում վաճառվող նոթբուքերը մեծամասամբ ավելի հին մոդելներ են քան` Զիգզագինը:

Կրեդիտ քարտեր ունեցողների համար(օրինակ visa), ովքեր կարող են օն-լայն վճարումներ կատարել, ձեռնտու է ոչ թե տեղում նոութբուք գնել, այլ օն-լայն խանութից: Իսկ ով չունի քրեդիտ քարտ, կարող է խնդրել ունեցողին`օգնել իրեն նոթբուք գնելու հարցում:
Այսպես, SONY VAIO SR մոդելի նոթբուքը օն-լայնով գնելու դեպքում կնստի 1618 դոլար` նոթբուքը` 1240 դոլար, 21 դոլար ճանապարհածախս, 126 դոլար մաքսատուրք (գնի եւ ճանապարհածախսի 10 տոկոսը), 252 դոլար ավելացված արժեքի հարկ (գնի 20 տոկոսը):

ՀՀ Մաքսային օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ կետի համաձայն` մաքսատուրքից զերծ է մինչեւ 20 կգ եւ մինչեւ 50 հազար դրամ մաքսային արժեք ունեցող փոստային առաքումը: Բնականաբար, նոթբուքի արժեքը գերազանցում է օրենքով սահմանված գինը, եւ գնորդը ստիպված է մաքսատուրք վճարել:

Ամենաշահավետն է արտասահանից եկող որեւէ ծանոթի խնդրել, որ նոթբուք բերի. մեկ նոութբուքի դեպքում` մաքսատուրք չի գանձվում:
Օրենքը չի նշում, թե քանի նոթբուք կարող է անհատը սահմանն անցկացնել անվճար, սակայն ՀՀ Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անհատը սահմանով կարող է անցկացնել մինչեւ 50 կգ եւ մինչեւ 150 հազար դրամ մաքսային արժեքով իրեր (մաքսային արժեքը ապրանքի շուկայական գնի եւ ճանապարհածախսի արժեքի հանրագումարն է):
Հայաստանյան խանութների տեսականին դժվար է գտնել արտերկրյա օն-լայն խանութներում` հիմնականում նշվում է, որ այդ մոդելը վաղուց սպառվել է եւ վաճառքում չկա:

Սակայն Զիգզագում վաճառվողները, երբեմն, հանդիպում են օն-լայն խանութներում: Այսպես.
SONY VAIO VGN-FZ-31ER նոթբուքը HDD-200 GB, RAM-2GB (մինչեւ 4 GB ավելացնելու հնարավորություն), Bluetooth, էկրանը` 15, 4 դույմ պարամետրերով կարելի է գնել օրինակ` www.nbprice.ru խանութում 1370 դոլարով, իսկ Հայաստանում` Զիգզագում` 2100 դոլարով. տարբերությունը 730 դոլար է:

SONY VAIO VGN FW-11ER նոթբուքը` HDD-250 GB, RAM-3GB, էկրանը` 16, 4 դույմ, Զիգզագում արժի 926 100 դրամ կամ 2470 դոլար, իսկ computers.wikimart.ru, amazon.com, buy.com կայքերում` 1000-1200 դոլար` տարբերությունը մոտ 1300 դոլար է:
Հայաստանում համեմատաբար մատչելի են գները compact.do.am/blog կայքում, որը օն-լայն մասնավոր խանութ է (գներն այստեղ սկսվում են 800 դոլարից):

Toshiba A 300-20Q նոութբուքը` (RAM- 2GB, HDD-250 GB, Bluetooth, Wi-Fi, DVD-RW, Web Camera, էկրանը` 16, 9 դույմ պարամետրերով) http: //tehnotrade.com օն-լայն խանութում արժի 728 դոլար, www.notik.ru օն-լայն խանութում 833 դոլար, իսկ Հայաստանյան խանութներում` 1376 դոլար:

Toshiba A300-22X նոութբուքը` (HDD-320GB, RAM-3GB, WebCamera, Wi-Fi, էկրանը` 15 դույմ) ռուսական optimo.ru օն-լայն խանութում արժի 920 դոլար, իսկ Երեւանի «Պլազմա քոմփյութերս» խանութում մոտ 600 դոլար թանկ` 1500 դոլար:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ Հայաստանում համակարգիչների գները բարձր են, քանի որ ներկրվում են օդային ճանապարհով, իսկ օդային փոխադրումներն ավելի թանկ են, քան ծովայինը. օդայինով յուրաքանչյուր կիլոգրամի համար գանձվում է մինչեւ 5 եվրո ճանապարհածախս:

«Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանն էլ ասում է, որ բարձր գների պատճառ է եւ այն, որ հայաստանյան շուկան փոքր է, եւ ապրանք է ներկրվում փոքր ծավալով` ոչ մեծածախ գներով: Ըստ նրա` ռուսական ընկերությունը, որ գնում է 50 հազար համակարգիչ, արտադրող ընկերության հետ կարող է հատուկ գնային պայմանագիր կնքել, ինչը չի կարող անել օրինակ, 50 համակարգիչ գնող հայկական ընկերությունը:

Այս պարագայում նույն իրավիճակը կլիներ նաեւ սովորական համակարգիչների դեպքում: Սակայն արտերկրում վաճառվող համակարգիչների եւ հայաստանյանի միջեւ գնային տարբերությունն այդքան մեծ չէ. արտերկրում համակարգչի արժեքը սկսվում է 350 դոլարից, Հայաստանում ` 430 դոլարից: Գնային տարբերությունն ընդամենը 80 դոլար է:

Այս տարի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ներկրվել 452 577 համակարգիչ, որոնցից 3220-ը` նոութբուք:
15-ամյա Արթուրն անցած ամբողջ տարին դպրոցում գերազանց էր սովորում` խոստացված պարգեւին արժանանալու համար. շատ էր ուզում նոթբուք համակարգիչ ունենալ: Տարեվերջին, երբ գերազանցությամբ ավարտեց ուսումնական կիսամյակը, հորեղբայրը Ռուսաստանից նրան նոթբուք բերեց` 250 գեգաբայթ հիշողության ծավալով եւ 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ:

Համակարգիչը Ռուսաստանից գնել էին 600 դոլարով, մինչդեռ Հայաստանում այս պարամետրերով համակարգիչ կարելի է գնել մոտ 1000 դոլարով: Հորեղբայրը համակարգիչը սահմանն անցկացրել էր որպես անձնական օգտագործման իր, իսկ այս պարագայում ապրանքը մաքսազերծելու անհրաժեշտություն չկա, հետեւաբար այսպիսի գնումը շահավետ է:

Անկախի խմբագիր Վահան Իշխանյանը իր ազգականի միջոցով ԱՄՆ-ից գնեց sony-valio նոթբուք 700 դոլարով, որի ավելի թույլ պարամետրերովը` Զիգզագում արժեր 3, 5 անգամ ավելի` մոտ 3000 դոլար:

Դիտվել է 10415 անգամ:
Print Friendly

Leave a Reply