Երևանի քաղաքապետի մասնակցությամբ կայացել է եռաչափ նկարի շնորհանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 26, 2012 21:49


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի և “Ամերիբանկի” համագործակցության արդյունքում հունիսի 1-20 անցկացված “Երազանքների պատ” ծրագրի շրջանակում իրականացված եռաչափ նկարի շնորհանդեսին:
Հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին “Երազանքների պատերին” տեղ գտած բազմաթիվ խնդրանքները, կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակը ձևավորվել է եռաչափ պատկերով: Այդ նպատակով “Բի Բի Մեդիա” գովազդային գործակալության միջոցով Երևան էր հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը: Մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ: Ի դեպ, երևանյան նկարն իր չափերով նկարչի նմանատիպ ամենամեծ աշխատանքն է աշխարհում:
Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս նախաձեռնությունը քաղաքապետարան-մասնավոր կառույցներ արդյունավետ համագործակցության հերթական օրինակն է, որը լինելու է շարունակական: “Մեր գործընկերոջ հետ նախաձեռնելով “Երազանքների պատ” ակցիան նպատակ էինք դրել տեղեկանալ Երևանի զարգացման ու գեղեցկացման հարցում մեր համաքաղաքացիների և, ինչու չէ, նաև մայրաքաղաքի հյուրերի մոտեցումներին: Առաջիկայում կամփոփվեն բոլոր երազանքները և կմշակվի հատուկ նախագիծ, որը կներկայացնի հավաքական այն երազանքը, որի իրագործման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր”,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ տեսնելով քաղաքացիների ոգևորությունը` Ազնավուրի հրապարակի եռաչափ նկարը թերևս միակը չի լինի Երևանում:

Աշխատանքը 5 օր շարունակ կատարվել է ծածկի տակ ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով: Նկարը եռաչափ պատկերով տեսնել հնարավոր է միայն նշված մեկ կետից: Լուսանկարվել ֆոնին երևանցիները կկարողանան դեռ մի քանի ամիս շարունակ:

” Քաղաքն օրեցօր ու հաճելիորեն կերպարանափոխվում է: Ու այս հարցում, անշուշտ, իր մեծ ներդրումն ունի անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դա ևս մեկ խթան է, որ մենք շարունակենք համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և փորձենք կյանքի կոչել նոր ծրագրեր ու մտահղացումներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքի արտաքին տեսքի էլ ավելի գեղեցիկ ձևավորմանը”,- նշել է “Ամերիաբանկի” գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նշենք, որ “Երազանքների պատերին” և ֆեյսբուքյան էջին տեղ են գտել ավելի քան 4000 տարբեր երազանքներ ու ցանկություններ, որոնցից մոտ 800-ը եղել են 3D ստրիտ արտի վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply