Թուրքիայում տարեկան 60-70 իսլամացած հայ մկրտվում է և վերականգնում իր քրիստոնեական ինքնությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 26, 2012 18:38

Մինչև 1914թ. Օսմանյան կայսրության սահմանների մեջ պատրիարքարանի ենթակայության ներքո եղել է հայկական 2170 եկեղեցի և շուրջ 2000 դպրոց: Բայց հետո` հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում գործող եկեղեցիների թիվը նվազել է  հասնելով 45-ի, դպրոցներինը` 13-ի: Այս մասին «Ermenihaber.am»-ին հայտնել է Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ըստ նրա, գործող են համարվում բոլոր այն հայկական եկեղեցիները, որոնք տարվա մեջ թեկուզ մենք անգամ բացում են իրենց դռները պատարագի համար:

«Հայ առաքելական եկեղեցուց դուրս ունենք նաև հայ կաթողիկե համայնք (2000 մարդ), հայ բողոքական համայնք (500 հոգի): Իսկ առաքելական եկեղեցու հետևորդների թիվը Թուքիայում հասնում է 70.000-ի: Մենք ակտիվ գործող համայնք ենք, Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունների համեմատ շատ ավելի մեծ թիվ ենք կազմում: Օրինակ` ասորական համայնքը հաշվվում է շուրջ 25.000, հրեականը` 20.000, մյուսները շատ ավելի քիչ թիվ կներկայացնեն»,- պատմել է արքեպիսկոպոս Աթեշյանը:

Անդրադառնով այն դժգոհությանը, թե ինչու թուրքական իշխանությունները պատրիարքարանի իրավասությանն ու խնամքին չեն վերադարձնում հայկական բոլոր պատմական եկեղեցիները` արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ իրենք չունեն այն հսկայական ֆինանսական միջոցները, որ հնարավոր լինի բարեկարգել վնասված եկեղեցիները: Բացի այդ էլ մարդկային ռեսուրսների պակաս կա, հոգևորականների թիվը շատ քիչ է (22-23 հոգի):

 

«Մենք այսօր Տիգրանակերտի եկեղեցին չենք կարողանում նորոգել-վերջացնել: Մի եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ է մոտավորապես 1մլն դոլար: Եթե անգամ 500 եկեղեցի վերադարձնեն մեզ, այդ ամենի վերանորոգման համար կպահանջվի մեկ միլիարդ դոլար: Բայց մենք ոչ միայն այդքան գումար չենք կարող ապահովել, այլև անգամ պահակ չենք կարող կարգել բոլոր այդ եկեղեցիներում: Թեև պետությունը վերանորոգելուց հետո եկեղեցին օգտագործում է որպես թանգարան կամ ասենք մշակույթի տուն, այնուամենայնիվ, մենք համարում ենք, որ եկեղեցին փրկվեց ավերակ մնալուց և վերջնական կործանվելուց:

«Ermenihaner.ам»-ի այն հարցին, թե իսլամացված հայերից կան այնպիսիք, ովքեր իրենց հայկական և քրիստոնեական ինքնությունը վերականգնելու համար դիմում են Կ. Պոլսի պատրիարքարան, արքեպիսկիպոսը պատասխանեց. «Այն հայերը, որոնք կարողանում եմ փաստեր ներկայացնել, որ հայկական ծագում ունեն, որ իրենց արմատը հայկական է, ես անմիջապես ընդունում եմ, նա 6 ամսվա դասընթաց է անցնում քրիստոնեության, մկրտության և հայ լինելու մասին: Այնուհետև անձնաթուղթը պաշտոնապես փոխել եմ տալիս, որտեղ նշվում է որպես քրիստոնյա, ապա մկրտվում է և դառնում հայ եկեղեցու անդամ: Տարեկան մոտ 60-70 հոգի այդ կերպ վերականգնում են իրենց հայ քրիստոնյայի ինքնությունը»:

Հիշեցնենք, որ Պոլսի հայոց պատրիարքարանը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից է` հիմնված 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Սբ. Աստվածածին Մայր եկեղեցին է: Առաջին պատրիարքը եղել է Հովակիմ եպիսկոպոսը (1461-78թթ): Մինչև օրս եղել է 84 պատրիարք: Սկզբնական շրջանում սուլթանն է նշանակել պատրիարքին: Ներկայումս Պոլսո հայոց պատրիարքն ընտրվում է համայնքի ներկայացուցիչների պատգամավորական ժողովում:

Panorama.am

Դիտվել է 1777 անգամ:
Print Friendly

Leave a Reply