Նախարարը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների անելիքները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2012 17:34

Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների ՀՀ կառավարության ծրագրի կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  ՀՀ կառավարության ծրագրի  կրթությանը վերաբերող հատվածի հիմքում  ընկած են  ՀՀԿ  նախընտրական ծրագիրը և  ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը:  Դիտարկվել են նաև քաղաքական այլ ուժերի առաջարկները, որոնք, նախարարի խոսքով, հիմնականում վերաբերել են սոցիալական խնդիրներին, իսկ կրթության բովանդակությանը վերաբերող առաջարկներ գրեթե չեն եղել:  Նախարար Արմեն Աշոտյանի  բնորոշմամբ՝   հաստատված կրթական ծրագիրը մարդակենտրոն է և ընդգծում է կրթական համակարգում փոփոխությունների շարունակականությունը: “Գլխավոր գաղափարախոսությունը կրթական բարեփոխումների շարունակականությունն է, որոնք ոչ մի պահ չեն  դադարելու: Կրթական համակարգը դատապարտված է սպասարկելու տնտեսության և հասարակության զարգացումը: Գալիք 5 տարիներին  փոփոխություններն անխուսափելի են՝ անկախ այդ փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ խոսակցություններից. ես չեմ վախենում փոփոխություններից, ես չեմ վախենում քննադատությունից “,- նշել է Արմեն Աշոտյանը : Նրա խոսքով՝ այժմ մշակվում է ժամանակացույց, թե ինչպես են իրականացվելու նախանշված ծրագրերը՝ ըստ տարիների:
Առաջիկա հինգ տարիներին կրթության ոլորտի կարևորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է՝ 9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա կրթության: “Այժմ ՀՀ Սահմանադրությամբ  պարտադիր է համարվում հիմնական դպրոցի կրթությունը, որն ավարտվում է 9-րդ դասարանում: Նախատեսվում է, որ այդ շեմը կբարձրացվի, և կսահմանվի  պարտադիր 12-ամյա կրթության անցնելու կարգ: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն  ավարտելուց հետո պարտավոր կլինի կրթությունը շարունակել կամ ավագ դպրոցում, կամ էլ նախնական կամ միջին մասնագիտական  ուսումնական հաստատությունում: Սա նշանակում է, որ   բարձրացնելու ենք  հասարակության կրթական ցենզը՝ միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր: Մասնագիտական կրթությունը լինելու է անվճար. այս ոլորտում մենք անցնելու ենք տոտալ անվճար համակարգի”,- հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան 9-րդ դասարանն ավարտող շուրջ 4 հազար շրջանավարտ չի շարունակում կրթությունը:  Ըստ նրա՝ որպես այդ ծրագրի իրականացմանը միտված առաջին քայլ նախ պետք է համապատասխան օրենք ընդունվի: Հաջորդ գերակայությունը՝ յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայերեն կրթական բովանդակությամբ հագեցած համակարգիչ է տրամադրվելու, ինչը նպատակ է հետապնդում ամրապնդել տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում : “Յուրաքանչյուր առաջին դասարանցու ընտանիքում կհայտնվի համակարգիչ, ինչը կարող է նպաստել, որ տեղեկատվական հասարակությունում երեխաները մրցունակ լինեն”-,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը հավաստիացրել է, որ կառավարության համար թիրախային է համարվում նախակթարանների ցանցի ընդլայնումը. մինչև 2017 թվականը 5-6 տարեկան երեխաների 90 տոկոսը պետք է հնարավորություն ունենա այցելել նախակրթարան: Վերջին երեք տարիներին 25 տոկսով բարելավվել է նախակրթարանների հաճախելիության ցուցանիշը. 120 համայնքներում բացվել են նախակրթարաններ:
Նախատեսվում է դպրոցական ծրարգրերում ներառել նոր առարկա՝  ազգային երգ ու պար: “Թեև այս ծրագիրը ներառված է կառավարության ծրագրի մշակույթի ենթաբաժնում, բայց այն պետք է իրականացվի կրթության նախարարության հետ համատեղ: Նպատակը սեփական ինքնության ճանաչման և ինքնագիտակցման բարձրացումն է, ինչ շատ կարևոր է՝ հատկապես  գլոբալիզացիայի ռիսկերով պայմանավորված: Լավագույն մասնագետները կընդգրկվեն ծրագրերի և դասագրքերի մշակման գործընթացում”,-նշել  է Ա.Աշոտյանը և հավելել, որ առայժմ որոշված չէ, թե այդ առարկան որ դասարաններում կներդրվի, հարցը դեռ ուսումնասիրվում  և քննարկվում է մասնագիտական շրջանակներում: Նախարարը,  նկատի առնելով “Շախմատ” առարկայի ներդրման փորձը, համոզմունք է հայտնել, որ առարկայի ներմուծման համար 2-3 տարի կպահանջվի. “Մենք պետք է նաև մասնագետների, մանկավարժ-հոգեբանների հետ  խորհրդակցենք, որպեսզի հստակ լինի, թե հատկապես որ դասարաններում առավել արդյունավետ կլինի այդ առարկայի ներմուծումը”,- պարզաբանել է նախարարը:
Բուհական ոլորտում սպասվող բարեփոխումներից նախարարն առանձնացրել է բուհական ազատությունների ընդլայնումը և բուհերի միջազգային  հավատարմագրումը: Պետական բուհերը, ըստ նախարար Աշոտյանի, տարեցտարի պետք է վերափոխվեն հանրային բուհերի: Այդ  ծրագրի փորձնական մեկնարկը տրված է Ագրարային համալսարանում, ինչով պայմանավորված էլ՝ փոխվել է բուհի իրավաբանական կարգավիճակը: Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայաստանի պետական ագրարային համալասարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել է հիմնադրամի, ինչը գործունեության ավելի մեծ ազատություններ է ենթադրում: Կարևորելով բուհական կրթության որակի բարձրացումը՝ նախարարը որպես նպատակ հստակացրել է. “Մեզ համար խիստ կարևոր է, որ մինչև 2017 թվականն ունենալ ենք հայաստանյան 5 բուհեր, որոնք  կանցնեն միջազգային հավատարմագրում: Դա դիտվելու է որպես ուսանողներ ներգրավելու և կրթության որակի գլխավոր չափանիշներից մեկը: Նախարարությունը խրախուսում է այդ գործընթացը. բուհերն իրենք պետք է դիմեն հավատարմագրման համար և անցնեն այդ գործընթացը, եթե,  իհարկե,  համապատասխանում են միջազգային պահանջվող  չափանիշներին “,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ հավատարմագրման չափանիշները սահմանվում են միջազգային բուհական  հավատարմագրում իրականացնող կառույցների կողմից: “Առաջիկա երեք տարիներին Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը, ինչը հնարավորություն կտա մեր երկրում կենտրոնացնել եվրոպական լավագույն փորձը բարձրագույն կրթության ոլորտում, ինչը ևս կխթանի բարեփոխումների արդյունավետությունը”,- նշել է նախարարը:
Նա կարևորել է նաև  բուհերում ուսման վարձի հաշվարկման մեթոդաբանության մշակումը: “Անկեղծ ասած՝ ինձ համար ևս ուսման վարձին հաշվարկման սկզբունքները շատ դեպքերում անհասկանալի են. Օրինակ, ինչպե՞ս  է ստացվում, որ որևէ մասնավոր բուհում բարձրագույն իրավաբանական կրթություն՝ պետության կողմից երաշխավորված դիպլոմով կարելի է ստանալ՝ վճարելով տարեկան 180 հազար դրամ, իսկ Երևանի պետական համալսարանում նույնի համար պետք է վճարել օրինակ 800 հազար դրամ: Ակնհայտ է, որ այստեղ խնդիր ունենք հասկանալու՝ որն է տվյալ մասնագիտության համար արժանահավատ գնագոյացումը, խնդիր ունենք նաև սահմանելու  ուսման վարձի  վերին շեմ”,- նշել է  Ա. Աշոտյանը:
Բուհերի ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումը, ըստ Աշոտյանի, պետք է միտված լինի  բարձրագույն կրթության հասանելիության խնդիրը լուծմանը և   սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու իրավունքի իրացմանը: Ընդգծելով, որ սոցիալական շերտավորմամբ պայմանավորված բուհական կրթության հասանելիությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, ինչը փաստել են նաև հետազոտությունները, նախարարը նշել է. “Մենք տարաբնույթ մեխանիզմներով խրախուսելու ենք  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը”:
Արմեն Աշոտյանը շեշտել է նաև գիտության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: “Գիտության ոլորտում իրականացվելիք փոփոխությունները չեն լինելու հեշտ, հաճելի և միանշանակ ընկալելի հասարակության կողմից”,- նշել է նախարարը և հավելել, որ գիտության այժմյան տարանջատված  կառավարումն  արդյունավետության տեսակետից խոցելի է: “Մենք պետք է ֆինասավորենք մրցունակ հետաքրքիր ծրագրեր՝ իհարկե շեշտադրելով հայագիտական ոլորտի զարգացումը”,-ասել է նախարարը: Պատասխանելով լրագրողների հարցերին նախարարն անդրադարձել է նաև բուհական ընդունելությյան քննություններին, կրթական համակարգի կոռուպցիային և մի շարք այլ խնդիրների:
Նախարարի գնահատմամբ ընդունելության քննություններն անցնում են շատ բնականոն:Նրա խոսքով՝ նախարարությունը  դիմում–բողոքներ գրեթե չի ստացել, ԶԼՄ-ների արձագանքը ևս քննությունների վերաբերյալ հիմնականում դրական է:

“Եկե՛ք դուք էլ խոստովանեք, որ նման բարձր մակարդակի ընդունելության  քննություններ  Հայաստանում վաղուց չէին անցկացվել։ Ես քննությունների հետ կապված բողոքներ գրեթե չեմ ստացել, հակառակը՝ հաճախ մոտենում են ծնողներ և շտեմարանների և այլ բարեփոխումների համար շնորհակալություն հայտնում”,- ասել է  Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննություններին՝ նախարարը նշել է, որ պետպատվերի շրջանակում  ընդունելությունն արդեն ավարտվել է: Նախարարը իրազեկել է, որ  ասպիրատնուրայում և մագիտրատուրայում այս տարի տարկետման իրավունքով  պետպատվեր թափուր տեղեր կան, ինչը, ըստ նրա, պայմանավորված  է օտար լեզվի իմացության պահանջի խստացմամբ: “Այս պահին ասպիրանտուրայում ունենք 11 թափուր տեղ. դեռևս բժշկական մասնագիտությունների համար ընդունելությունն ավարտված չէ: Մագիստրատուրայում ունենք 39 անվճար թափուր տեղեր, որոնք բոլորը, կառավարության կողմից հատկացված 99 լրացուցիչ տեղերի հետ միասին,  հատկացվելու են  են բանակից զորացրվածներին”,- նշել է նախարարը  և հավելել.- “Այս  ծրագիրն ապացուցում է, որ զինծառայությունը չի տարանջատվում կրթությունից, այլ հակառակը՝ մենք խրախուսում ենք այն տղաներին, ովքեր զինծառայությունից հետո որոշում են շարունակել կրթությունը”:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ նախարարը նշել է, որ 2018 թվականից միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժները իրավունք չեն ունենա  դասավանդել դպրոցում: Ըստ նախարարի՝ օրենքն ընդունվել է 2011 թվականին, հետևաբար, դպրոցներում աշխատող ավելի քան 5000 բարձրագույն կրթություն չունեցեղ մանկավարժները 7 տարի ժամանակ ունեն համպատասխան կրթություն ստանալու և օրենքի պահանջը կատարելու համար: Անդրադառնալով բուհական  պետական ավարտական քննություններին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դրանք այս տարի առաջին անգամ անցկացվել են նոր կարգերի համաձայն: Պետական քննությունների հետ կապված բողոքների հոսքը դեպի նախարարություն այս տարի նվազել է, քանի որ նոր կարգով քննությունները ձայնագրվում և 48 ժամ պահպանվում են, ինչը  հնարավորություն է ընձեռում ուսանողներին անհարաժեշտության դեպքում բողոքարկել և պաշտպանել սեփական  իրավունքները:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply