Սևանա լճի ձկնային պաշարների քանակը կտրուկ նվազել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 26, 2012 17:10


“Սևանի կենդանական ռեսուրսների վիճակը այսօր էլ մնում է ոչ բարենպաստ: Սևանա լճի պատմության մեջ վերջին տարներին ձկնային պաշարները գտնվում են ամենավատ վիճակում”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը:
Բանախոսը ցավով հայտնեց, որ եթե տարիներ առաջ ժամանակ առ ժամանակ Սևանա լճում որևէ ձկնատեսակ գերակշռել է` ունենալով արդյունագործական նշանակություն, ապա այսօր մենք, փաստորեն, այդպիսի արժեքավոր ձկան պաշար չունենք:
“Վերջին 4 տարիներին մենք առաջարկել ենք ընդհանրապես արգելք դնել բոլոր ձկնատեսակների որսի վրա, սակայն, ինչպես տեսնում ենք, որսագողությունը շարունակվում է”,-ասաց Գարբրիելյանն ու ավելացրեց, որ շուկաներում այսօր էլ համատարած վաճառվում է և’ իշխան, և’ սիգ, և եթե իշխանի դեպքում դժվար է հստակ տարբերել` դա Սևանի իշխան է, թե ոչ, ապա սիգը միանշանակ Սևանա լճից է հանված կամ Կեչուտի ջրամբարից:
“Եթե 1990-ականների սկզբին Սևանա լճում կար 28-30 հազար տոննա ձուկ, ապա այսօրվա դրությամբ լճում կա ընդամենը 8-9 տոննա ձուկ, այն էլ ոչ արդյունագործական չափերի”,- ահազանգում է Գաբրիելյանը:
Հ. Գաբրիելյանը խնդրի լուծումը համալիր ծրագրի մշակման և իրագործման մեջ է տեսնում:
Ճիշտ է, այսօր Կառավարությունն ընդունել է որոշում Սևանա լճում առկա ձկնատեսակների պոպուլյացիայի վերականգնման վերաբերյալ, և լիճ են բաց թողնվում իշխան տեսակի մանր ձկնիկներ, սակայն մասնագետը կարծում է, որ դա բավական չէ խնդրի լուծման համար. հարկավոր է քայլեր կատարել նաև այդ տարածաշրջանում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, որպեսզի տեղի բնակիչները իրենց գոյությունն ապահովելու համար ստիպված չլինեն դիմել ապօրնի ձկնորսությանը:
Իսկ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ, խոսելով Սևանա լճում առկա խեցգետնի պաշարների մասին, նշեց, որ խեցգետին Սևանա լճում սկսել է հայտնվել 1980-ականների սկզբին: Այս տարիների ընթացքում խեցգետինը դարձել է արդյունագործական օբյեկտ շատ մարդկանց համար և համարվում է Սևանի ավազանի բնակչության եկամտի հիմնական աղբյուրը: Ուստի, բանախոսը նշեց, որ այս ընթացքում խեցգետնի պաշարները Սևանա լճում ևս նվազել են` շուրջ երկու անգամ:
Է. Ղուկասյանը նաև հայտնեց, որ այս տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան 110 տոննա խեցգետին:
Վահե Մակարյան

Դիտվել է 2004 անգամ:
Print Friendly

Leave a Reply