Հայաստանում կա շուրջ 5000 թմրամոլ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 26, 2012 15:05


Հունիսի 26-ը թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրն է: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ամեն տարվա հունիսի 26-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քարոզարշավներ` նպատակաուղղված ապօրինի թմրամիջոցների պատճառած վնասների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը:
Այս առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում այսօր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ 2011 թվականին այս ոլորտում բացահատնել է հանցագործության 1525 դեպք, իսկ 2012 թվականի երեք ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործությունների 308 դեպք` նախորդ տարվա 235 դեպքի համեմատ:
“2011 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և առգրավվել է 128 կգ տարբեր տեսակի թմրանյութեր, 2012 թ. երեք ամսիների ընթացքում այդ թիվը կազմում է 4 կգ 800 գ”,- ավելացրեց բանախոսը:
Բանախոսը հայտնեց, որ նարկոլոգիական կլինիկայում պաշտոնապես գրանցված է 3800 թմրամոլ, իսկ ընդհանուրռ առմամբ պաշտոնական տվյալների համաձայն թմրամոլների թիվը կազմում է շուրջ 5000:
Թե որտեղից և ինչպիսի թմրամիջոցներ են ներմուծվում Հայաստան, ոստիկանության գնդապետը նշեց, որ հարևան երկրներից Հայաստան են ներմուծվում հիմնականում ափիոն և հերոին տեսակի թմրամիջոցներ. “Քանի որ Հայաստանի Հանրապետությունը շրջապատված է Իրանի Իսլամական և Թուրքիայի Հանրապետություններով, ապա Իրանից Հայաստան են ներմուծվում հիմնականում ափիոն և հերոին տեսակի, իսկ Թուրքիայից քիչ քանակությամբ հերոին տեսակի թմրամիջոց: Ֆրանսիայից ներմուծվում են սուպատեքս տեսակի դեղահաբեր, իսկ ՌԴ-ից` հիմնականում Սանկտ-Պետերբուրգից` ամֆիտամին և մետազոն տեսակի թմրադեղեր:
Թեպետ Հայաստանից թմրանյութեր տեղափոխելու փորձեր արվում են, սակայն Հարությունյանը նշեց, որ չի կարելի մեր երկիրը համարել տարանցիկ երկիր թմրամիջոոցների տեղափոխման համար: Ըստ նրա` ոստիկանությունն ավելի ակտիվ է սկսել աշխատել` համագործակցելով այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ, ինչպես նաև ոստիկանությունը վերազինվել է տեխնիկական նոր միջոցներով, և աշխատակիցներն էլ անցնում են վերապատրաստում, խստացվել է նաև հսկողությունը սահմանային անցակետերում:
Բանախոսի տեղեկացմամբ Հայաստանում թմրամոլությունը տարածված է հիմնականում 25-45 տարեկան անձանց շրջանում, իսկ անչափահասների շրջանում տարածվածությունն այդքան էլ մեծ չէ:
Վահե Մակարյան

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply