Կոնսերվատորիայի շենքը չի վաճառվում եւ կրճատումներ չեն ընթանում. Արմեն Աշոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 26, 2012 14:54
Ոչ մի բուհական շենք չի վաճառվում, դրանք անիմաստ խոսակցություններ են: Այս մասին այսօր` հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոռյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառվում է:
Ինչ վերաբերում է այսօր թերթերում տարածված տեղեկություններին, թե Կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է, նախարարը հերքեց նաեւ այդ տեղեկությունները: «Եթե ես` որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, այնքան սուտ, ապատեղեկատվություն տարածեի, ինչքան որոշ չորրորդ իշխանություններ են անում, դուք վաղուց կպահանջեիք իմ հրաժարականը»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, խոսքը չի գնում կրճատումների մասին, այլ «Աշխատանքային օրենսգրքից» ելնելով` պայմանագրային փոփոխություններ են նախատեսվում, պայմանագրերն են փոխվում եւ այլն:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: «Խոսակցություններ կան, որ այդ հողի վրա կոնսերվատորիայում ահավոր մեծ դժգոհության ալիք է բարձրացել, եւ այսօր բացառված չէ, որ կրճատված աշխատակիցները հանդես գան հրապարակային հայտարարություններով»,- նշել էր թերթը:
news.am






Facebook
Tweet This
Email This Post
