Տիգրան Դավթյան. «Կարևորը ոչ թե թվերն են, այլ տենդենցը»
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | October 28, 2009 13:18
Հայաստանն արդեն մտել է տնտեսության կայունացման փուլ. այսօր լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Հունվար- սեպտեմբեր ամիսների կտրվածքով արձանագրվել է 18.3 տոկոս անկում, որը 0.1 տոկոսով պակաս է հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշից, իսկ սեպտեմբերը օգոստոսի նկատմամբ արձանագրել է 4.8 տոկոս աճ:
«7օր» էլեկտրոնային պարբերականի խմբագիր, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ եթե տնտեսության անկումը ամեն ամիս 0.1 տոկոսով պակասի, ապա 15 տարուց Հայաստանի տնտեսությունը հետ կվերադառնա 2008թ. վիճակին:
«Կարևորը թվերը չեն, այլ տենդենցը,- ասաց Դավթյանը,- իսկ այժմ վիճակը կանխատեսելի է»:
Ֆինանսների նախարարն ասաց, որ օպտիմիզմի հիմքեր կան, և, եթե հուլիսին նախատեսում էին անկման կասեցման միտումներ, ապա այժմ դրանք արձանագրվել են. «Աճ է դիտվել արդյունաբերության, արտահանման ծավալներում, որը պայմանավորված է նախ համաշխարհային տնտեսության կայունացմամբ, ապա տնտեսությունը խթանելու նպատակով պետության միջամտությամբ»:
Միայն Ռուսական վարկից 160 մլրդ դրամ ուղղվել է տնտեսություն, որից 65 մլրդն այս պահի դրությամբ արդեն հասել է տնտեսություն: «Սրանց ազդեցությունն ավելի շատ կարտահայտվի մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամսվա ցուցանիշներում»:
Նախարար Դավթյանն ասում է, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում արդեն տարվա վերջում կերևա ճգնաժամից դուրս գալու սկիզբը: «Իսկ մյուս տարվա համար նախատեսված 1.2 տոկոս տնտեսական աճը շատ զգուշավոր հաշվարկ է և կարող է լինել նվազագույն շեմ»:
Կապահովվի արդյո՞ք բյուջեի ծախսային մասի կատարողականը(բյուջեի ծախսային մասը 945 մլրդ դրամ է). Տիգրան Դավթյան ասաց, որ մոտ 900 մլրդ-ից ոչ պակաս չափով կկատարվի: Ծախսային մասի չկատարված մասը կկազմի 4-5 տոկոս: «Սա սեկվեստոր չի»,- ասաց Դավթյանը:
Նախօրոք հայտարարված 93 մլրդ դրամ չափով բյուջեի ծախսային մասի կրճատումը փոխվել է: Դավթյանն ասաց, որ դրանից հետո կառավարությունը ավելացրել է որոշ ծախսեր, մասնավորապես 24 մլրդ դրամ աղետի գոտու շինարարության համար:
Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ հաջորդ տարվա բյուջեն իրատեսական է, և ծախսային մասն ապահովելու ոչ մի խնդիր չկա. «դրա կեսը նախատեսված է արտաքին, մյուս կեսը` ներքին աղբյուրներով»:






Facebook
Tweet This
Email This Post
