Մանկական «Նոր ալիք 2012»-ում Հայաստանի հաջողությունն ապահովված է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 26, 2012 11:15

Մանկական «Նոր ալիք 2012» երգի մրցույթին, որն ավանդաբար անցկացվում է Ղրիմի «Արտեկ» ճամբարում, Հայաստանը կներկայացնեն երկու մասնակից` Սոնա Գյուլխասյանը եւ Արինա Մալխասյանը:

«Դեռեւս որոշված  չեն այն երգերը, որոնք աղջիկները կկատարեն  եզրափակչում, սակայն այժմ նրանք ակտիվորեն նախապատրաստվում են մրցույթին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ալիք» մրցույթի PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանը:   Հայաստանը ներկայացնող մասնակիցները Նադեժդա Սարգսյանի սաներն են եւ նրա օգնությամբ էլ նախապատրաստվում  են մրցույթին: Բաղդասարյանի տեղեկացմամբ` այս տարվա  մրցույթում հայկական նորալիքյան կենսագրության մեջ առաջին անգամ է, որ մեր երկիրը ներկայանում է միաժամանակ երկու մասնակիցներով:

«Նախընտրական փուլի ընթացքում ժյուրին պարզապես չկարողացավ ընտրություն կատարել նրանց միջեւ, անգամ Իգոր Կրուտոյն  է նշել, որ Հայաստանի հաջողությունը, այսինքն` լավագույն եռյակում հայտնվելու ուղեգիրն ապահովված է »,- պատմեց Բաղդասարյանը: Նա ավելացրեց նաեւ, որ աղջիկների կանխատեսելի  հաղթանակի մասին խոսում են բոլորը:

«Մանկական նոր ալիք 2012» -ի հաղթողին կորոշի միջազգային ժյուրին, որի շարքում են ռուսաստանցի եւ օտարազգի հանրահայտ երաժիշտներ, պրոդյուսերներ:

Նախորդ տարի` մանկական «Նոր ալիք -2011» միջազգային երգի մրցույթում,  Հայաստանի ներկայացուցիչ 12-ամյա Լիդուշիկը (Լիդա Առաքելյան) իտալական «Ռաունա» հեռուստաընկերության կողմից  արժանացել էր հատուկ մրցանակի :

Մանկական «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթն ամենավառ մշակութային իրադարձություններից է, որին ամբողջ աշխարհում հետեւում են միլիոնավոր հեռուստադիտողներ:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply