Մհերը ներկայանում է նոր իմիջով. Նա վերջ է դնում բոլոր ասեկոսեներին, թե ինչո՞ւ այս տարի Հայաստանը չմասնակցեց Յուրմալայի մրցույթին

Շաբաթվա լուր | | October 27, 2009 19:39

Մհերը հայկական շոուբիզնեսում առաջին երգիչն է, որ Հայաստանը ներկայացնելով Յուրմալայում` «Նովոյա Վոլնա» միջազգային մրցույթին, միանգամից աչքի ընկավ հզոր վոկալով եւ մրցութային երեք օրերի կարճ հաղորդագրությունների արդյունքում առաջ անցավ բոլոր 17 մասնակիցներից ու արժանացավ հանդիսատեսի համակրանք մրցանակին: Նա «Սմոլենսկի բրիլիանտի» ընկերությունից որպես պարգեւ ստացավ «Ադամանդե ալիք» ոսկյա արձանիկը:

Մրցույթում նրա «Հայաստան» երգն ստիպեց ռուս հանդիսականին ոտքի կանգնել ու ծափահարել հայ մասնակցին: Այդ մրցույթում նա, անգամ, արժանացավ Ալլա Պուգաչովայի ծափահարություններին, երբ երգեց «Queen» խմբի «We are the champions» երգը:

Մինչ այս, Հայաստանը բազմիցս ներկայացել է «Նովոյա Վոլնա» մրցույթին: Վերջին հինգ տարիների ընթացքում երկիրը ներկայացրել են երգչուհի Էմմին երկու անգամ` մի անգամը պառակտված «Հայեր» խմբի հետ, Արման Գրիգորյանը, Ռազմիկ Ամյանը: Նրանք մրցանակային տեղեր չեն գրավել:

Նոր իմիջով Մհերի հետ հանդիպեցինք փողոցում ու քայլեցինք դեպի այգի: Երգիչը սիրում է հանդիպել ու զրուցել լրագրողների հետ, սիրով կատարում ֆոտոլրագրողի պահանջներն ու, անգամ, ինքն է ցանկություն հայտնում երկար ֆոտոսեսիաներ անել, որ «գոնե մի կադր լավը լինի»:

Մհեր Մեսրոպյանը, ծնվել է 1981թ. նոյեմբերի 13-ին, Երեւանում: Հիմա նա կրկին վերադարձել է Հայաստան: Սիրում է հաճախ թողնել աղմկոտ Մոսկվան ու լինել Երեւանում, որտեղ կյանքը երգչի համար ավելի հանգիստ է:

Մհերը 1998-ին ընդունվել է Ռուսաստանի «Գնեսինների» անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, որտեղ ուսանել է Վլադիմիր Խաչատուրովի դասարանում: «Հենց այս մարդն իմ կյանքում մեծ դեր խաղաց» – ասում է երգիչը:

2001թին Մհերն ընդունվում է Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտի երրորդ կուրս:

Երգիչն իրեն համարում է ընտանիքի երրորդ սերնդի երաժիշտ: Հարազատները ստացել են երաժշտական կրթություն, հայրն ու մայրը ծանոթացել են Արաքսյա Գյուլզադյանի նվագախմբում: Հայրը դուդուկահար է, մայրը` քանոնահարուհի: Երգիչը մանկուց մասնակցել է տան բոլոր երաժշտական փորձերին, «լարել» լսողությունը: Երբ 1991թին տեղափոխվել են Մոսկվա, հստակ որոշել է ընդունվել բժշկական համալսարան եւ ստանալ գինեկոլոգի մասնագիտություն: Դպրոցական տարիներին, երբ Մհերը դառնում է «Утренняя звездочка» մրցույթի հաղթողը, հասկանում է, որ ծնվել է երգելու համար:

Ուսումնարանում մեկ տարի ուսանելուց հետո, Մհերը դառնում է «Ֆեստոս» միջազգային մրցույթի դափնեկիր, որից հետո մեկըմյուսի ետեւից մասնակցում տարբեր միջազգային մրցույթների:

Երգիչը միշտ նշում է, որ մրցույթներին մասնակցում է հաղթելու համար.

«Ես չեմ ընդունում, որ երգիչը մասնակցում է որեւէ մրցույթի ու ասում է, թե մասնակցությունն արդեն բավական է: Ոչ, ես գտնում եմ, որ եթե մասնակցում ես, ապա պետք է վստահ լինես, որ հաղթելու ես», –ասում է Մհերն ու պատմում իրականություն դարձած երազանքի` «Նովոյա Վոլնա» մրցույթի մասին.

«Մեկնարկային կետ է սկսնակ երգչի համար, եւ Յուրմալան երգչին շատ բան է տալիս, երեք օրում տարբեր երգեր կատարելով` պետք է յուրահատուկ լինես: Մրցույթը նաեւ մեծ ճանաչում է բերում նորեկ երգչին, որից հետո համերգների մեկնելու շատ առաջարկներ են լինում»:1234654654

Այդ տարի մրցույթում Մհերի պրոդյուսերը` երգչուհի Նադեժդա Սարգսյանը, անցած տարի եւս նշել էր, որ ինքը Մհերից նույնպես հաղթանակ է ակնկալում, քանի որ շատ լավ ծանոթ է նրա տվյալներին: Այն ժամանակ Նադեժդա Սարգսյանն ասել էր. «Առաջին հերթին պիտի նշեմ, որ նա կիրթ ու խելացի անձնավորություն է, օժտված է հիասքանչ վոկալով»:

Ինչպես 2007թին, այնպես էլ այս տարի Հայաստանին չթույլատրեցին մասնակցել «Նովոյա Վոլնա» մրցույթին: Մասնակցելու հայտ էր ներկայացրել երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, որը հաղթել էր նախնական փուլերում, բայց դա նրան մասնակցության լիարժեք իրավունք չէր տալիս: Բամբասանքներ էին պտտվում, թե «Նովոյա Վոլնա»-ն մերժել է Հայաստանին, քանի որ Մհերը չի վճարել մրցույթի հեռարձակման գումարը: Նադեժդա Սարգսյանն այս տարի հրաժարվեց խոսել այդ թեմայով: Եթե այդպես էր եւ Մհերի մեղավորությունն էր Հայաստանի չմասնակցելու պատճառը, ապա ինչո՞ւ «Նովոյա Վոլնայի» կազմկոմիտեն թույլ տվեց Հայաստանի մասնակիցներին հայտ ներկայացնել:

Մհերը հերքում է բամբասանքները եւ ասում, որ ինքը վճարել է եւ կարող է ցույց տալ վճարման կտրոնը:

Մհերի կարծիքով, այդ բամբասանքները հայկական շոուբիզնեսում ուղղակի նախանձի արդյունք են:

«Հռիփսիմե Հակոբյանն է տարածել, որ Մհերի պատճառով նա չի մասնակցել մրցույթին: /Այս խոսքերին Մհերը հեգնանքով վերաբերվեց/: Իմ կարծիքով, լավագույն պաշտպանությունը` հարձակումն է, երբ դու սխալ քայլեր ես անում, սկսում ես մեկին մեղադրել, որ քո մեղքը չերեւա եւ, եթե մի մարդ մեկին մեղադրում է, գոնե փաստեր պետք է ունենա: Ես հեռարձակման իրավունքը գնել եմ ինքնուրույն, գինը փակ ինֆորմացիա է, չեմ կարող ասել, բայց հաստատ վճարել եմ եւ ունեմ փաստեր` դա ամենակարեւոր ապացույցն է»:

Այն հարցին, թե ո՞վ կարող է ներկայացնել Հայաստանն այս մրցույթում` Մհերն ասաց միայն մեկ անուն` Սոնա Շահգելդյան:

«Նա ունի հզոր ձայն եւ պետք է աշխատի մրցույթին համապատասխան լավ երգեր ընտրի: Ես ամեն ինչով կօգնեմ, որ Սոնան մյուս տարի Յուրմալայում ներկայացնի Հայաստանը»:

Մհերն ասում է, որ Հայաստանում չկա շոուբիզնես, ինչպիսին կա աշխարհում:

Մհերը չի հավատում հորոսկոպին ու աստղերի հուշմամբ ոչինչ չի պլանավորում, իր հաջողությունը համարում է ի վերուստ տրված շնորհ եւ լավ թիմային աշխատանքը:

Սիրում է նայել դեդեկտիվներ, կոմեդիաներ, տանել չի կարողանում «ուժըսը»:

Երգիչը ցանկանում է ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»: Անցած տարի նախընտրական փուլում միայն զիջեց Արշակյան քույրերին:

«Այս տարի չգիտեմ, շատ նախագծեր ունեմ, չեմ կարող վստահ ասել, թե կմասնակցեմ: Ձգտողները այս տարի շատ են, դրա համար ուզում եմ տեսնեմ` ովքեր են մասնակցում, նոր կորոշեմ: Ես ուրիշ երգիչների պես չեմ թաքցնում իմ ցանկությունը: Ես ուզում եմ ներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլում» եւ դա էլ կանեմ, թող օրը գա, բարին էլ` հետը»:

Երգիչն ասում է, որ պետք չէ Եվրատեսիլում սփյուռքի հանդիսատեսի վրա հույս դնել, որ նրա քվեարկությամբ բարձր տեղ զբաղեցնես.

«Պետք է երգը լինի հիթային, հաղթանակող եւ ուժեղ ու եվրոպացի հանդիսականի ականջին ընդունելի: Ինչո՞ւ Սիրուշոն ունեցավ հաջողություն, որովհետեւ դիսկո ռիթմը եվրոպացի լսողին ծանոթ է, հայ պրոդյուսերները նույնպես պետք է լուրջ մոտենան այս մրցույթին եւ ընդունեն իրենց սխալները»:

Մշակույթի նախարարության աղմուկ հանած որոշումը` վերջ ֆոնոգրամաներին, ամենից շատ ուրախացրել է հենց Մհերին, եւ մրցույթներին մասնակցելու նախապայման նա տեսնում է ձայնային տվյալները:

Նոր իմիջով երգիչը մի քանի օրից կամ հենց ծննդյան օրը` նոյեմբերի 13-ին, անակնկալ կմատուցի իր երկրպագուներին: Լույս կտեսնի անցած տարի նոյեմբերին կայացած մենահամերգի տեսասկավառակը, եւ նա կպարգեւի երկրպագուներին հաճելի անակնկալ` համերգի կենդանի երգերի ձայնասկավառակը:

«Յուրմալայից հետո մարդիկ ինձանից ինչոր բան էին սպասում, որ շփվեն, տեսնեն` ես ով եմ, դրա համար էլ տվեցի մենահամերգը: Շատ կարեւոր համերգ էր, եւ փորձեցի պահել մրցույթում ցույց տված նույն մակարդակը»:

Երգիչը նախընտրում է համագործակցել տարբեր երգահանների հետ, որ երգերը միատարր չլինեն.

«Մաղթում եմ հետագայում մեր բոլոր երգիչերգչուհիներին հաղթանակներ, հաջողություններ բոլոր մրցույթներում, բայց որ նրանք վերաբերվեն լուրջ, հասկանան, որ այդ ամենը խաղ ու պար չի. վերջապես դու երկիր ես ներկայացնում»:

Որպես վերջաբան Մհերը շնորհակալություն հայտնեց իր բոլոր երկրպագուներին հավատարմության համար եւ խոստացավ չդադարել նրանց համար անակնկալներ մատուցելուց:

Դիտվել է 2146 անգամ:
Print Friendly

Leave a Reply