Ռումինիայում ՀՀ դեսպան Հ. Գասպարյանի այցելությունը պատմական Արմենոպոլիս (Գեռլա) քաղաք

Պաշտոնական, Օրվա լուր | | June 25, 2012 18:27

Հունիսի 22-23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Տրանսիլվանիայի Գեռլա, պատմական Արմենոպոլիս քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ նորընտիր քաղաքապետ Մարիուս Սաբոյի հետ, տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա եղավ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին, ինչպես նաեւ մասնակցեց մշակութային միջոցառումների:

Հունիսի 23-ի առավոտյան քաղաքապետարանում ծավալված զրույցին, որին մասնակցում էին նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, Ռումանահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, ՌՀՄ գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, ՌՀՄ Գեռլայի մասնաճյուղի նախագահ Յանոշ Էստեգարը, Բուխարեստի «Արարատ» հրատարակչության տնօրեն Սիրուն Թերզյանը եւ առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանա Բոգդանը, մտքեր փոխանակվեցին Գեռլա քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ կապերի հաստատման մասին: Դեսպան Գասպարյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետին, նրան տեղեկացրեց նախորդ քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի՝ անցյալ հոկտեմբերի վերջին Հայաստան կատարած այցի մասին, որի ընթացքում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել եղբայրական կապեր հաստատելու երկու քաղաքների միջեւ: Քաղաքապետ Մարիուս Սաբոն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հոկտեմբերին Գեռլայում ընդունելու Իջեւանի նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանին եւ ստորագրելու համագործակցության համաձայնագիր:

Մարիուս Սաբոն իր նախորդի նման հավաստիացրեց, որ Գեռլայի պատմական կենտրոնը` նախկին Արմենոպոլիսը, որտեղ պահպանվում են հայկական հին հոգեւոր եւ աշխարհիկ շինություններն ու հաստատությունները, քաղաքի հարստությունն են եւ շարունակելու են գտնվել քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո: Երկուստեք նշվեց, որ ինչպես Գեռլայում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայերի դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը եւ ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը եւ փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները, ինչպես նաեւ ռումին սենատորներ, Կլուժի նահանգային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ Գեռլայի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա եղան Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ժամերգությանը:

Մշակութային միջոցառումներ Գեռլայում

Կեսօրից հետո Սուրբ Երրորդություն տաճարի ծխական սրահում տեղի ունեցավ Գեռլայի պատմության վերաբերյալ Քրիշտոֆ Սոնգոթի հունգարերեն մենագրության ռումիներեն թարգմանության շնորհանդեսը: 19-րդ դարավերջի Տրանսիլվանիայի հայազգի մտավորական, մանկավարժ եւ հրատարակիչ Քրիշտոֆ Սոնգոթի (1843-1907) գործունեության եւ հարուստ ժառանգության մասին պատմեցին սենատոր, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, պատմաբան Լուչիան Նաստասեն եւ «Հայ-հունգարական մայրաքաղաք, թագավորական ազատ քաղաք Գեռլայի մենագրությունը» գործի թարգմանիչ Անդրեա Գիտան:

Այնուհետեւ Գեռլայի նորաբաց Հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Գեռլայի 18-րդ դարի հայկական սրբապատկերների եւ հոգեւոր թեմայով գեղանկարների, ինչպես նաեւ տրանսիլվանահայ ժամանակակից նկարիչ Ազատուհի Վարդուկա-Խորենյանի գործերի զույգ ցուցահանդեսների բացումը: Ռումինիայի եւ, մասնավորապես, Տրանսիլվանիայի տնտեսական եւ մշակույթային կյանքի զարգացման մեջ հայերի ծանրակշիռ ավանդի մասին ելույթներով հանդես եկան Վարուժան Ոսկանյանը, արվեստաբան Պալ էմեսեն, պրոֆեսոր Նեգոիցա Լապտոյուն եւ խմբագիր Շանդոր Բոգլարկան: Միջոցառմանը տեղի երաժշտական լիցեյի սաների կատարմամբ հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի իմպրովիզացիաները եւ հայկական ժողովրդական մեղեդիներ:

Գեռլայում դեսպան Համլետ Գասպարյանը հարցազրույցներ տվեց ռումինական TVR1 կենտրոնական հեռուստատեսությանը:

Տեղեկանք: Ռումինիայի Կլուժ նահանգի Գեռլա քաղաքը հիմնվել է 18-րդ դարի սկզբին, հռոմեական նույնանուն բնակավայրի մոտ, Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից` ավստրո-հունգարական կայսերական հրովարտակով, որով հայերն ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Քաղաքն ուներ «թագավորական ազատ քաղաքի»  կարգավիճակ: Այն արդի Ռումինիայի եզակի բնակավայրերից է, կառուցված քաղաքաշինական հատուկ հատակագծով` բարոկկո ոճով, որ իրականացրել է հայերի հրավերով Հռոմից ժամանած հայազգի ճարտարապետ Ալեքսիսը: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս (Հայրաքաղաք), ուր գործում էին հայ աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններ, կրթական եւ հասարակական հաստատություներ: Մինչեւ 1918 թ. քաղաքապետերը եղել են հայեր, իսկ քաղաքը կառավարվում էր միջնադարյան հայկական օրենքներով:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply