Աշնանային նորաձեւության տասը միտումները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 27, 2009 17:58

Եվրոպական պոդիումներում շարունակվում են աշուն 2009-ի ցուցադրությունները, եւ արդեն նշմարվում են նորաձեւության ընդհանուր միտումները` պրակտիկ, զգայուն, հանելուկային ու էքսպրեսիվ:

Շատ հայտնի դիզայներների աշխատանքներում երեւում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի տրամադրություններ, ուստի` աշուն– 2009-ի նորաձեւությունը հանդես է գալիս պարզ ձեւվածքներով, մուգ գունային ներկապնակով, սեւի ընդլայնմամբ:

Ընդհանուր առմամբ, հետեւելով նորաձեւության ցուցադրություններին, կարելի է նշմարել տասը միտում:

Մուգ ներկապնակ

Ճգնաժամի ժամանակաշրջանում տրամաբանական կլիներ, եթե դիզայներները, հասարակության հոգեբանական անկումը բարձրացնելու համար, ցուցադրեին վառ, կենսուրախ երանգներ: Սակայն հակառակը. նրանք պոդիումներում, կարծես, ցուցադրել են իրենց իսկ վախն ու դեպրեսիան: Աշուն-2009-ի հավաքածուների մեծ մասը ստեղծված է մուգ երանգներից` շագանակագույն, մուգ մոխրագույն, սեւ: Եթե անգամ նկատվում են այլ գույներ, ապա դրանք մուգ երանգավորում ունեն` մուգ կապույտ, մուգ կարմրագույն, մուգ կանաչ:

Մուգ սեւ

Սեզոնի գերակայող գույնը վստահորեն կարելի է համարել սեւը. ոչ թե պարզապես սեւը, այլ` մուգ սեւը: Ընտրեք ամբողջովին սեւ իրեր, աքսեսուարներ, մոխրագույն երանգներով աչքերի մակիաժ, եւ դուք միանշանակ կհայտնվեք նորաձեւության կենտրոնում: Սեւ պետք է լինի բացարձակապես ամբողջ հագուստը` գլխարկը, ձեռնոցները, բլուզը, կիսաշրջազգեստը կամ տաբատը, զուգագուլպաները, պայուսակը եւ վերարկուն:

Բրիտանական ոճ

Գունային ներկապնակի եւ նորաձեւության ընդհանուր ոճի մեջ նկատվում է անգլիական ոճի վերադարձը: Այս ոճն ունի հավատարիմ երկրպագուներ, ովքեր միշտ ուրախ են դրա պաշտոնական վերադարձի համար: Ուղիղ բրդյա կամ բամբակյա տաբատներ, ուղիղ պիջակներ, ժիլետներ` տղամարդու ոճով, հասարակ բլուզներ` շապկային ձեւվածքով: Երանգները` մոխրագույն, շագանակագույն, բեժ:

Կաշի

Կաշվե իրերը լցրել են համաշխարհային պոդիումները:

Միգուցե դա եւս թելադրել է պրակտիկ ոճը, քանի որ դասական կաշվե վերարկուները կարելի է կրել մի քանի սեզոն, եթե ոչ ավելի, եւ խնայել ընտանեկան բյուջեն: Այս աշնանն ամենուր կարելի է հանդիպել կաշվից վերարկուների, կուրտկաների, տաբատների, կիսաշրջազգեստների, ձեռնոցների, անգամ «տոպերի»:

Գլխավոր գույնն այստեղ եւս սեւն է, սակայն ներկայացվել են նաեւ կաշվե հագուստի լայն տեսականի` շագանակագույն երանգներով:

Լայն ուսեր

Սա այն մի քանի միտումներից մեկն է, որոնք աշնանային նորաձեւություն են տեղափոխվել ամառային հավաքածուներից:

Լայն ուսերը կիրառվել են ինչպես ռոմանտիկ, երեկոյան զգեստների, այնպես էլփ խիստ գործնական, պիջակների եւ ամենօրյա հագուստի դեպքում:

Հաստ զուգագուլպաներ

Դրանք եւս չափազանց նորաձեւ են եւ աշնանային նորաձեւություն են մուտք գործել 80-ականներից: Որոշ կանայք դրանք տանել չեն կարողանում, ուրիշներըփ պաշտում են:

Այս աշնանը հաստ զուգագուլպաները չունեն 80-ականներին բնորոշ էլեկտրիկ երանգները, այլ ավելի զուսպ են ու սպորտային: Դրանք կարելի է կրել ոչ միայն երկար բլուզներով, որոնք, ի դեպ, եւս շատ նորաձեւ են, այլեւ կիսաշրջազգեստի, շորտերի եւ շրջազգեստի հետ:

Նեղ տաբատներ

Միգուցե դիզայներները դրանով որոշել են տնտեսել կտորը, ամեն դեպքում աշնանային նորաձեւության մեջ ամենաակտուալը նեղ, ներքեւում ավելի նեղ տաբատներն են, որոնք ոտքի կոճից ներքեւ չեն իջնում:

Քառասնական թվականներ

Չնայած ամեն ինչին, կանանց մի մասը ձգտում է էլեգանտ երեւալ: Իսկ քառասնականների ոճը հենց այդպիսին է: Պատերազմի տարիներին թելի ամեն մի գրամը հաշվվում էր, իսկ զարդանախշը ստեղծվում էր, գրեթե, ոչնչից: Քառասնականների զուսպ, կանացի եւ էլեգանտ ոճը, կարծես, ճգնաժամի հաղթահարման մի տարբերակ է: Այդպես այս աշնան նորաձեւության մեջ հայտնվեցին նեղ տաբատները, նրբագեղ բլուզները` բոլերոժակետների հետ, փոքրիկ, կոկետ գլխարկները:

Էլեգանտ պարզություն

Անցյալ ձմռան բարդ ճարտարապետական կառուցվածքները, պարզապես, դուրս են մղվել նորաձեւությունից: Հագուստը մեծ մասամբ զարդարված է թեթեւ, նուրբ զարդարանքներով: Այս սեզոնին գործնական կանանց համար ամենաիդեալական տարբերակը, ըստ դիզայներների, ուղիղ դասական տաբատներն են եւ հասարակ, փափուկ «վոդոլազկաները»:

«Էքստրավագանտ» անձրեւային վերարկուներ

Համաշխարհային հայտնի դիզայներների ստեղծագործական միտքը չէր կարող սահմանափակվել միայն հակաճգնաժամային հավաքածուներով: Դրանց մեջ կան նաեւ յուրօրինակ եւ էքստրավագանտ տարբերակներ: Այդպիսի օրինակ են անձրեւային վերարկուները, որոնք կարծես հիշեցնում են լատինամերիկյան հովվի կամ զինվորական անձրեւային վրան: Մի խոսքով, սա ծավալուն ու խոշոր մի բան է, որը կարող է լիովին պաշտպանել անձրեւից ու ցրտից:

Դիտվել է 4507 անգամ:
Print Friendly

Leave a Reply