Կառավարության ծրագրում նույնիսկ կոսմետիկ փոփոխություններ չեն եղել. Արամ Աբրահամյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 25, 2012 15:57


«Կառավարության նոր ծրագրի վրա մեծ ջանքեր չեն թափվել»,- կարծում է Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Քանի որ խոսքը, ըստ էության, նույն կառավարության, նույն վարչապետի մասին է, որը իրեն այնքան էլ լավ չդրսևորեց նախորդ շրջանում, ապա բնական է, որ հաջորդ հինգ տարիների ծրագիրը գրելիս կլիներ վերլուծություն, թե ինչու նախորդ խոստումներն ու ծագիրը չեն կատարվել: Ես, լինելով 17 տարվա խմբագիր, շատ լավ զգում եմ, թե այս կամ այն նյութի վրա, լինի դա հոդված, ֆեյսբուքյան գրառում, թե կառավարության ծրագիր, քրտինք թափած է, թե ոչ: Այս ծրագրի վրա հեղինակները մեծ ջանքեր չեն թափել, որովհետեև, հակառակ դեպքում, այդ ծրագիրը կլիներ ավելի մանրամասն, ավելի սպեցիֆիկ»,- նկատում է Առավոտի խմբագիրը:
Աբրահամյանը նաև դեմ է «հին մեռելներին» հիշելուն, թե 90-ականներին ով ինչ է արել, քանի որ, ըստ բանախոսի, սխալ է միշտ քաղաքական քննարկումներում այդ մասին հիշելն ու խոսելը:
Երկրորդ հանգամանքը, թե ինչու այդքան շատ ջանք չի թափվել այս ծրագրի վրա, Ա. Աբրահամյանը կապում է փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ. «Փետրվարին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որի ժամանակ, անկախ նրանից, թե ով կհաղթի, նոր կամ նույն` վերընտրված նախագահը, պետք է կազմի նոր կառավարություն: Ճիշտ է, էլի կարող է լինել նույն վարչապետն ու նույն կառավարությունը, բայց այն, միևնույն է, կոչվելու է «նոր կառավարություն»»:
«Անկախ»-ի այն հարցին, թե որևէ լավ բան տեսնում է նա այս և նախորդ տարիների ծրագրում, Աբրահամյանը պատասխանեց. «Ես, ընդհանրապես, դրական բաներ շատ եմ նկատել, բայց դրանք վերաբերում են ավելի շատ ժողովրդավարության զարգացմանը, այն մթնոլորտին, որը տիրում է հանրության մեջ, քաղաքական դաշտում և լրատվամիջոցներում, բայց սոցիալ-տնտեսական բլոկում ես չեմ տեսնում, որ որևէ բան փոխվել է կամ մոտակա ժամանակներս կփոխվի»:
Իսկ մեր այն հարցին, թե կարելի է ասել, որ այդ փոփոխությունները սոսկ կոսմետիկ բնույթ են կրել, Աբրահամյանը փաստեց. «Նույնիսկ կոսմետիկ էլ առանձնապես չեն եղել»:

Վահե Մակարյան

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply