Սամվել Տեր-Սահակյան. «Համակարգիչը հեշտացնում է գործը, սակայն դրանից պետք է ճիշտ օգտվել»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 27, 2009 17:23

mhm32019-copyՍեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին շունչ առնելու ժամանակ չուներ շախմատիստ Սամվել ՏերՍահակյանը: Նա սեպտեմբերի 19-ին Իտալիայի Ֆերմո քաղաքում կայացած մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը, հետո էլ Թուրքիայի Ախիսար քաղաքում Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում գերազանց խաղաց մեր երկրի հավաքականի կազմում եւ հոկտեմբերի 2-ին իր խաղընկերների հետ արժանացավ բրոնզե մեդալի:

Եվրոպայի առաջնության մասնակիցների մեջ մեր ամենաերիտասարդ: 15-ամյա գրոսմայստերն ուներ 8-րդ վարկանիշը, իսկ օլիմպիադայում հանդես էր գալիս առաջին խաղատախտակի վրա եւ մրցում ամենաուժեղ մրցակիցների հետ: Սամվել ՏերՍահակյանը սիրով պատասխանեց «Անկախի» հարցերին:

Քանի՞ տարեկանից ես շախմատ խաղում:

Սկսել եմ շախմատ խաղալ 5 տարեկանից: Երկու մեծ հաջողություն եմ ունեցել: 2003-ին Սերբիայում դարձա մինչեւ 10 տարեկան շախմատիստների Եվրոպայի չեմպիոն: Դրանից հետո աչքի ընկա միջազգային մի շարք մրցաշարերում: Եվ ահա, Իտալիայում նոր հաջողության հասա: 14 տարեկանում դարձել եմ գրոսմայստեր:

– 2007-ին Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում դու կրկին մոտ էիր հաջողությանը: Շատ էր ցավում մարզիչդ (միջազգային վարպետ Էդվարդ Մնացականյանը), քանի որ վերջին տուրում իր սովորեցրած սկզբնախաղից շեղվել էիր եւ ձախողվել: Ո՞րն էր դրա պատճառը:

Վերջին տուրից առաջ 10 հնարավորից ունեի 8 միավոր: Եթե անգամ լեհ մրցակցիս հետ ոչոքի խաղայի, արծաթե մեդալ կստանայի, առնվազն կդառնայի մրցանակակիր: Հաղթանակի դեպքում կհռչակվեի չեմպիոն: Սկզբնախաղում կիրառվեց Ռուբինշտեյնի պաշտպանության տարբերակներից մեկը: Աշխարհում դրա քաջ գիտակ է համարվում Մնացականյանը: Մեր պարապմունքների ժամանակ լավ ուսումնասիրել էինք, թե ինչ պետք է արվի: Սակայն հանդիպման ժամանակ, երբ մտածեցի, ինձ թվաց, թե կարող եմ ավելի ուժեղ քայլ կատարել: Մինչդեռ, փորձված ճանապարհով գնալու դեպքում` հնարավոր էր առնվազն կես միավոր վաստակել եւ չպարտվել: Ի դեպ, այդ քայլից անմիջապես հետո զգացի, որ թույլ շարունակություն եմ ընտրել:

Որտե՞ղ ես բնակվում, ով է եղել առաջին մարզիչդ: Բացի շախմատն ինչո՞վ ես զբաղվում:

Բնակվում եմ Վանաձորում: Այժմ ցանկանում ենք ընտանիքով տեղափոխվել Երեւան: Առաջին մարզիչս եղել է Տիգրան Գյոզալյանը: Ապա ինձ մարզել է Մնացականյանը, իսկ այժմ` արդեն մեկ ամիս է, մարզիչս Տիգրան Նալբանդյանն է:

Երկու անգամ խաղացել ես տղամարդկանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում, եւ տարբեր արդյունքներ են արձանագրվել: Ինչո՞վ ես բացատրում կատարվածը:

– 2008-ին ես դարձա բրոնզե մեդալակիր, իսկ այս տարի հայտնվեցի նախավերջին` 13-րդ տեղում: Հայաստանի առաջնությունները մասնակիցների ուժեղ կազմ են հավաքում, այնպես որ` ամեն բան հնարավոր է: Առաջին անգամ խաղը ստացվեց: Իսկ երկրորդ անգամ մեկնարկից սկսած, գործերս լավ չընթացան:

Օրական քանի՞ ժամ ես շախմատին տրամադրում:

Հինգ ժամ:

Հայաստանի բոլոր շախմատիստներն էլ, գրեթե, դպրոց չեն հաճախել, դասերից բացակայել են: Դու ինչպե՞ս ես սովորում:

Մրցումների մասնակցելու պատճառով, ես էլ հաճախ եմ դասերը բաց թողնում: Լավ սովորել չի ստացվում: Մտադիր եմ ուսումս շարունակել ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժնում:

Նախորդ տարի, շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունից առաջ դու «ՖԻՄԱ»-ի կազմում էիր, սակայն կռվախնձոր էիր դարձել, եւ քեզ ցանկանում էր իր կազմում տեսնել «Միկան», որը նույնպես մասնակցելու էր այդ ստուգատեսին: Դժվար չէ՞ր քեզ համար:

Ինչ խոսք, ես գտա միակ ճիշտ տարբերակը եւ ուղեւորվեցի Վիետնամ, որպեսզի մասնակցեմ, գրեթե, համաժամանակ անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությանը: Այդ ստուգատեսում հանդես էի գալիս մինչ– 18 տարեկանների մրցաշարում եւ բաժանեցի 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով ես 4-րդն էի:

Շախմատային կուռքեր ունե՞ս:

Միխայիլ Տալն է, հետո` Գարրի Կասպարովը: Մեր շախմատիստներից ինձ շատ է դուր գալիս Լեւոն Արոնյանի խաղը:

Դու քեզ «կոմպյուտերային» շախմատի՞ստ ես համարում, այսինքն` շա՞տ ես ապավինում հանակարգչային վերլուծություններին:

Իհարկե, համակարգիչը հեշտացնում է գործը, սակայն դրանից պետք է ճիշտ օգտվել:

Դու շախմատում սնահավա՞տ ես:

Բաներ կան, որոնց հավատում եմ: Ամեն դեպքուն սիրում եմ, որ խաղից առաջ ուրախ տրամադրություն եմ ունենում:

Ե՞րբ պատրաստ կլինես խաղալ խոշորամասշտաբ մրցաշարերում:

Այդ մասին դեռ վաղ է խոսել, պետք է շախմատում զարգանալ:

Բացի շախմատը, քեզ ո՞ր մարզաձեւերն են հոգեհարազատ:

Սպորտը շատ եմ սիրում, սակայն խաղում եմ միայն ֆուտբոլ եւ թենիս:

Դիտվել է 1880 անգամ:
Print Friendly

Leave a Reply