Կոռուպցիան կխանգարի կառավարության ցանկացած ծրագրի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2012 14:50

«Անկախ արդյունքից, ես գտնում եմ, որ արդյունավետ քննարկում էր, հատկապես պառլամենտին հարիր քննարկում էր, եւ տա Աստված, որ այն որակը, որ կարողացավ ապահովել պառլամենտն այս քննարկման ժամանակ, շարունակվի: Դրանից մեր պետությունը, մեր ժողովուրդն անպայման կօգտվեն».- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով կառավարության` ԱԺ ներկայացրած ծրագրի քննարկումենրին, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ «Ժառանգությունը» դեմ քվեարկեց ծրագրին, քանի որ դեմ էր  ծրագրին, այլ ոչ կառավարությանը: Ռուբեն Հակոբյանը ասաց նաեւ, որ որեւէ կառավարություն ծրագիր ներկայացնելիս անպայման պետք է հաշվի առնի երեք հիմնական հարցեր. առաջինը` ինչքանով է այդ ծրագիրը բխում իրականությւոնից` ինչքանով է համարժեք իրականությանը: Երկրորդ` արդյոք առկա՞ են եւ համոզի՞չ են այն մեխանիզմները, գործիքները, որոնց միջոցով կառավարությունը պետք է իրականացնի այդ ծրագիրը: Եվ երրորդը` որ թերեւս ամենակարեւորն է` այն համակարգը, որում պետք է այդ ծրագիրն իրականացվի, ինչքանով է կենսական տարածք ստեղծում  այդ ծրագրի իրականացման համար: Այս երեք հարցերում «Ժառանգությունը» հանգել է այն եզրակացությանը, որ որեւէ մեկին ծրագիրը ամբողջայկան եւ դրական պատասխան չի տալիս: Բայց նաեւ առաջարկեցինք Ազգային Ժողովին, որ ձեւավորվի հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով` ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ:

«Ինչու ենք հատկապես նշում հակակոռուպցիոն հանձնաժողովի անհրաժեշտությունը` որովհետեւ այս 22 տարիների ընթացքում, որ բոլոր կառավարություններին մենք դիտում ենք մեկ օրգանական միասնության մեջ, այդ բոլոր կառավարությունները միասին այս ընթացքում եթե մնայուն մի բան ստեղծել են,  եւ դա շատ է զգացվում, դա կոռուպցիոն համակարգն է: Եվ քանի դեռ կոռուպցիան կա ու նրա դեմն առնել չի լինում, քանի դեռ ամեն քայլափոխի զգում ենք այդ հրեշի գոյությունը, խոսել որեւէ ծրագրի մասին, որը կարող է նպաստ բերել մեր պետությանն ու բարեփոխումներ իրականացնել պետության մեջ` առնվազն միամտություն է»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Նա հավելեց, որ սա գոնե մի փոքրիկ ճանապարհն է, որով կարելի է ինչ-որ կերպ մտնել իշխանական խոհանոց եւ տեսնել` ինչ է կատարվում այդ խոհանոցում: Իսկ այդ խոհանոցում, ինչպես նշեց Ժառանգության փոխնախագահը, իսկապես սարսափելի բաներ են կատարվում:

«Այդտեղ էն ձեւավորվում ստվերային տնտեսությունը, այդ խոհանոցում  է ձեւավորվում մենաշնորը, կոռուպցիան` ամբողջության մեջ, եւ ընդհանրապես այդ խոհանոցը պատերազմ է հայտարարել այսօր մեր մշակույթին, մեր ինտելեկտին, մեր երեխաների ապագային, եւ, վերջապես, մեր ամբողջ պետականությանը: Եվ պետականությանը իսկապես զրկել է իր բովանդակությունից: Եվ քանի դեռ մենք  չենք կարող հասկանալ, որ համակարգն է այդպիսին եւ որեւէ ծրագիր չի կարող կենսական տարածք ունենալ այդ համակարգում, կարծում եմ, իսկապես, միամտություն է մտածել, որ պետության մեջ իսկապես բարեփոխումներ կլինեն»,- մասնավորապես պարզաբանեց Ռուբեն Հակոբյանը:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply