Վազքարշավ` նվիրված միջազգային օլիմպիական օրվան
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 25, 2012 14:07
1894-ի հունիսի 23-ին Սորբոնի համալսարանում կայացած սպորտի միջազգային կոնգրեսում ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի առաջարկով որոշվեց վերականգնել ժամանակակից օլիմպիական խաղերը , ստեղծել միջազգային օլիմպիական կոմիտե /ՄՕԿ/ և անցկացնել մրցումներ` անտիկ շրջանի օլիմպիական խաղերի օրինակով : Այդ օրը մոլորակի վրա նշվում է որպես միջազգային օլիմպիական օր:
Ամեն տարի ՄՕԿ-ի հովանու ներքո աշխարհի բոլոր երկրներում, համաշխարհային այդ իրադարձությունը նշանավորելու նպատակով, միջոցառումներ են կազմակերպվում: Ազգային օլիմպիական կոմիտեներն /ԱՕԿ/ այն կարող են անցկացնել մեկ շաբաթվա տարբերությամբ: Ավանդույթի համաձայն ամենամասսայականը վազքարշավն է , որին մասնակցելու համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն /ՀԱՕԿ / հրավիրել էր 13 -ից բարձր տարիքի վազքասերների: Նրանց թվում էին սայլակավոր մարզիկներ , մանկապատանեկան մարզադպրոցների սաներ, ԲՈՒՀ-երի , քոլեջների ուսանողներ, վետերան վազորդներ /շուրջ չորս հազար մարդ /: Երևանի հանրապետության հրապարակում առավոտյան ժամը 10-ին տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը :
Ներկա էին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը , ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար , ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը , ՀԱՕԿ –ի փոխնախագահներ Ռազմիկ Ստեփանյանը , Դերենիկ Գաբրիելյանը , սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության , մարզական պետական ու հասարակական կազմակերպությունների պատասխանատու աշխատողներ , անվանի մարզիկներ , լրագրողներ :
Մասնակիցներին ողջունեց և օլիմպիական առողջություն մաղթեց Գագիկ Ծառուկյանը: Նա ընդգծեց , որ մեկ ամսից հետո , հուլիսի 27-ին , Լոնդոնում մեկնարկող օլիմպիական ամառային 30-րդ խաղերում իրենց ունակությունները կդրսևորեն նաև մեր երկրի պատվիրակները, հույս հայտնվեց, որ մեր մարզիկները ջանք չեն խնայի ազնիվ պայքարում հաջողության հասնելու , պատվո պատվանդան բարձրանալու և մեր հայրենիքի մարզական դրոշի պատիվը բարձր պահելու համար:
Վազորդներն անցան Հանրապետության հրապարակ -Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – ստորգետնյա անցում – ,, Հաղթանակի ,, կամուրջ երթուղով և վերջնագիծը հատեցին ,,Հրազդան ,, մարզադաշտի հարավային հրապարակում:
Յոթ տարիքային խմբով անցկացված վազքարշավի հաղթողներն ու մրցանակակիրները ստացան ՄՕԿ-ի հավաստագրեր , դրամական մրցանակներ , իսկ մասնակիցները` մարզաշապիկներ :
Վազքարշավի ամենատարեց մասնակիցներն էին 78 – ամյա Գոհար Գրիգորյանը և 90 –ամյա Բաբկեն Սահակյանը :
Օլիմպիական օրվա առթիվ բոլոր ԱՕԿ-ներին ուղերձ էր հղել ՄՕԿ –ի նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն , որտեղ մասնավորապես ասված է.
Հարգելի մասնակիցներ , հանդիսականներ, ամեն տարի , հունիսի 23 –ին , աշխարհը տոնում է միջազգային օլիմպիական օրը :
Այն սովորական միջոցառում չէ : Այդ օրը նշվում է ժամանակակից օլիմպիական շարժման ծնունդը:Ազգային օլիմպիական կոմիտեներն իրենց շուրջն են հավաքում հազարավոր մարդկանց` միասին կիսելու օլիմպիական ոգին: Պետք է այնպես անել , որ սպորտով զբաղվելը հաճելի լինի բոլորի համար ` անկախ տարիքից ու սեռից , մարզական ունակություններից: Տարին օլիմպիական է և դա հնարավորություն է տալիս շարժվել , սովորել ու միասին բացահայտել սպորտի բարձր արժեքներն ու նշանակությունը: Կարևոր չէ հաղթանակը կամ պարտությունը , այլ այն , որ ամենուրեք մարդիկ մրցում են: Սպորտը բոլոր սերունդների կյանքը դարձնում է ավելի հավասարակշռված ու առողջ, բարելավում մարդկանց ինքնազգացողությունը: Հարգելի մասնակիցներ, հանդիսականներ , վայելեք 2012 թվականի օլիմպիական օրվա յուրաքանչյուր պահը և սպորտից ստացած հաճույքը :
ՀԱՕԿ –ի լրատվության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
