“Հեռուստատեսությունը չի կարող լինել առանց սերիալի”. Ժիրայր Դադասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2012 13:19

Անորակ հեռուստասերիալների ու հաղորդումների վատ ազդեցությունը ապացուցվել է գիտականորեն: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին ու անորակ հաղորդումների դեմ տարվող պայքարի մասին խոսեցին “Հեռուստաեթերի մաքրման պահանջ” հասարակական նախաձեռնություն  խմբի անդամները:

“Նախաձեռնությունը հիմնականում սոցիալական ցանցերում գործող խումբ է: Վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ լսվում են բողոքներ հեռուստատեսության որակի հետ կապված` սերիալներ, հումորային հաղորդումներ և այլն, և գաղափար առաջացավ գիտականորեն ուսումնասիրել ու փորձել հասկանալ` իրականում իրավիճակը այդպիսին է, թե մարդկանց սուբյեկտիվ դժգոհությունների հետևանք են,”- ասաց ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, հասարակական նախաձեռնության անդամ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանը:

Բանախոսը նշեց, որ երկու տարի առաջ գիտական հետազոտություններ են կատարվել այս ոլորտում, որոնք հրատարակվել են միջազգային սերտիֆիկատ ունեցող գիտական ամսագրերում:  “Արդյունքում`այն բոլոր դժգոհությունները, որ կային հասարակության կողմից, ապացուցվեցին նաև գիտականորեն”,- փաստեց տեղեկատվական անվտանգության մասնագետը:

Ըստ Միրաքյանի` մշակութային արժեք ներկայացվող ֆիլմում ցուցադրվող ագրեսիան և անորակ հեռուստասերիալներում պարբերաբար ցուցադրվող և բացասական ազդեցություն ունեցող ագրեսիան տարբեր են. “Կան չափորոշիչներ, որոնց կիրառման դեպքում ագրեսիան չի դառնում կրկնօրինակման առարկա: Մեր հեռուստատեսությունների գլխավոր բացասական կողմն այն է, որ ագրեսիան ցուցադրվում է որպես ամենօրյա սոցիալական մշակույթ”:

ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանն էլ նշեց, որ ավելի քան 2 տարի առաջ իրենք նախաձեռնեցին չափորոշիչների մշակման գործընթացը, որի արդյունքում ընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 22-րդ հոդվածը, որտեղ հստակ նշված է, թե օրվա որ ժամին պետք է ցուցադրվեն այն հաղորդումները, որոնցում դաժանության, բռնության և էրոտիկ տեսարաններ կան”:

Սակայն, իրականությունն այն է, որ  այդ չափորոշիչներն այսօր չեն կիրառվում և օրենքի փոփոխության պատճառով կարճ ժամանակ անց սկսեցին չգործել դրանք, մինչդեռ Դադասյանը կարծում է, որ սխալ է միանշանակ արգելել ցուցադրել, այլ պետք է կանոնակարգել, և այդ խնդրի լուծումը նա տեսնում է ոչ արտաքին միջամտությունների մեջ. “Ես այն կարծիքին եմ, որ հեռաուստատեսությունները ավելի շատ պետք է գնան ինքնակարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե ձևավորվեն արտաքին միջամտությունների, արգելանքների կամ ինչ-որ չափորոշիչների մոջոցով”:

Ժ. Դադասյանը նաև կարծում է, որ հեռուստատեսությունը չի կարող լինել առանց սերիալների, այլ բան է, թե այդ սերիալներն ինչ են քարոզում:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply