Վրաստանի դպրոցներում կրկին փոփոխվեց ավարտական քննությունների համակարգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 25, 2012 12:25

Իշխանությունները հավաստիացնում են, որ քննական նոր համակարգն ավելի պարզեցված է, սակայն բարեփոխումների քննադատները պնդում են, որ այն կբերի դիմորդների կրթական մակարդակի անկմանը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու վարչակարգի կողմից իրականացվող բարեփոխումները դպրոցական քննական համակարգում հարուցել են կրթության ոլորտի նախկին պաշտոնյաների դժգոհությունը:

Վրաստանի պետական քննական կենտրոնի նախկին նախագահ Մայա Միմինոշվիլին նշում է, որ նոր քննական համակարգը չափազանց պարզունակ է, ինչի հետեւանքով բուհերը բարձր մակարդակի ուսանողներ չեն ունենա:

Գործող նախագահի օրոք քննական համակարգը մեկ անգամ արդեն իսկ ենթարկվել է բարեփոխումների. 2003-ին գալով իշխանության`Սահակաշվիլին բանավոր դարձրեց դպրոցներում բուհական ընդունելության համար անցկացվող ավարտական քննությունները, ինչի հետեւանքով այս համակարգը խոցելի դարձավ կաշառակերության եւ անազնիվ գործարքների տեսանկյունից:

Այնուհետեւ նորընտիր նախագահը հիմնավորապես սկսեց զբաղվել քննական համակարգով: 2004-ին նա փոխարինեց բանավոր քննությունները Միասնական պետական քննությամբ, որի հետեւանքով դիմորդների`բուհ ընդունվելու հավանականությունն ամբողջությամբ կախված էր լինում դպրոցում ուսման առաջադիմությունից:

Սակայն դպրոցական ավարտական քննությունների համակարգում անցյալ տարի կրկին փոփոխություններ կատարվեցին, եւ այժմ աշակերտները ստիպված կլինեն Միասնական պետական քննությունից բացի, նաեւ հավելյալ թեստեր հանձնել:

Հունիսի 7-ին հանդիպելով ուսուցիչների հետ`Սահակաշվիլին հայտարարեց, որ քննական համակարգում նոր փոփոխություններ են սպասվում, որոնց արդյունքում 2013-ին Միասնական պետական քննության համակարգը կփոխարինվի դպրոցական ավարտական քննություններով: «8+1» կոչվող այս նոր համակարգը ներառում է ութ ավարտական քննություններ եւ ընդհանուր գիտելիքները ստուգող մեկ գրավոր աշխատանք, որը նախատեսված է ոչ միայն բուհ ընդունվողների, այլ անխտիր բոլոր շրջանավարտների համար:

Սահակաշվիլին նշել է, որ Միասնական պետական քննությունը ժամանակին հաջող բարեփոխում էր իրենից ներկայացնում, սակայն ժամանակակից դպրոցական ավարտական վկայականներն այն անհարկի են համարում: Նրա խոսքերով`երկու տարբերակով թեստերի մշակման կապակցությամբ գործադրվող ճնշումը խտրականության դրսեւորում է ավելի թույլ առաջադիմություն ունեցող երեխաների նկատմամբ, ովքեր նվազ հնարավորություններ ունեն բուհ ընդունվելու համար:

Մայիսի 28-ին, նախքան Սահակաշվիլին կհայտարարեր քննական համակարգում կատարվող նոր բարեփոխումների մասին, Միմինոշվիլուն հեռացրեցին Վրաստանի Պետական քննական կենտրոնի ղեկավարի պաշտոնից:

Մեկնաբանելով տեղի ունեցածը`կրթության նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Միմինոշվիլին զրկվել է պաշտոնից քննությունների համակարգում սպասվող բարեփոխումների վերաբերյալ «կարծիքների տարբերության պատճառով»:

Ինքը`Միմինոշվիլին, սակայն, պնդում է, որ պաշտոնանկ է արվել, քանի որ իր որդին մասնակցել էր մայիսի 27-ին տեղի ունեցած բողոքի ցույցին. «Այս որոշումն անակնկալի բերեց ինձ: Կարծում եմ`այն քաղաքական դրդապատճառներ ունի»:

Բողոքելով Միմինոշվիլուն աշխատանքից ազատելու դեմ`Պետական քննական կենտրոնի աշխատակիցների շուրջ 70 տոկոսը հրաժարական է տվել:

Իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ անձնակազմում, ինչպես նաեւ քննական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն անհրաժեշտ են դպրոցական բոլոր շրջանավարտների համար հավասար պայմաններ ստեղծելու համար:

Թբիլիսիի դպրոցներից մեկի տնօրեն եւ քաղաքային խորհրդի անդամ Գիա Մուրգուլիան քննական համակարգում կատարվող բարեփոխումների կողմնակիցներից է:

«Նախկինում դպրոցների շրջանավարտները ստիպված էին նախ դպրոցական քննությունները հանձնել, այնուհետեւ`պետականները, եւ այդ ամբողջը պետք է հասցնեին կարժ ժամկետում: Ուստի, միասնական քննություններ անցկացնելը միշտ էլ օրակարգում է եղել», – ասում է նա:

Սակայն բարեփոխումների հակառակորդները, այդ թվում`Միմինոշվիլին, նախազգուշացնում են, որ քննական համակարգը կարող է չափազանց պարզունակ դառնալ, ինչը կհանգեցնի ավելի ցածր կրթական չափանիշների հաստատմանը եւ այդ քննությունները հանձնողների քանակի աճին:

Նախկինում քննական հանձնաժողովի անդամ եւ Վրաստանի խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովի խորհրդական Զուրաբ Վախանիան նշում է, որ բուհերը ուսանողների մեծ ներհոսք ապահովելու, հետեւաբար`գումար աշխատելու խնդիր ունեն, եւ ավելի հեշտ քննությունները թույլ կտան հասնել սրան:

Միրիամ Նինիձեն այս տարի ավարտում է դպրոցը, եւ ասում է, որ այս ավարտական քննություններն ավելի հեշտ էին, քան Միասնական պետական քննությունը, որը հանձնելու համար նա այժմ պարապում է, որպեսզի կարողանա բուհ ընդունվել:

«Կարելի է ասել, որ հեշտ էին, հատկապես հումանիտար առարկաները: Եթե դպրոցը հաջորդ տարի ավարտեի, ապա իմ հանձնած քննությունների արդյունքներով կկարողանայի բուհ ընդունվել: Միասնական պետական քննությունը շատ ավելի դժվար է լինելու, բայց կարծում եմ`եթե բախտս բերի, կհանձնեմ այն»:

Երբ անցյալ տարի հաստատվեց դպրոցների ավարտական քննական նոր համակարգը, քննությունները տապալողների թիվը կազմեց 17 տոկոս, բայց այս տարի այս ցուցանիշը կրճատվել է`հասնելով 5 տոկոսի:

Պետական քննական կենտրոնի նոր ղեկավար Խաթիա Դեկանոիձեն, սակայն, պնդում է, թե սա միայն ապացուցում է, որ այս տարվա շրջանավարտները գիտելիքների ավելի մեծ պաշար ունեն, քան նախորդները:

Նրա կարծիքով`Վրաստանի կրթական համակարգի բարեփոխումները հաջող են ընթանում:

«Այս ավարտական քննություններն անցկացվել են հատուկ տեխնոլոգիաների օգտագործմամբ: Այժմ համացանցի միացումն անխափան է գործում, դպրոցները վերանորոգվել են: Կրթական համակարգը համալրվել է նոր տեխնոլոգիաներով, որակյալ մասնագետներով եւ բազում այլ տարրերով: Բարեփոխումների նոր ալիքը կօգնի երեխաներին ավելի մեծ առաջադիմություն ունենալ ուսման մեջ, եւ սա կլինի միայն նրանց աշխատանքային կարիերայի սկիզբը», – ասում է նա:

Իլյա Ճավճավաձեի անվան Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Սիմոն Ջանաշիան այն կարծիքին է, որ քննությունների արդյունքներին չափազանց մեծ նշանակություն տալը ստիպում է դպրոցներին ազատվել թույլ աշակերտներից:

«Խնդիրն այն է, որ քննություններն օգտագործվում են ոչ միայն աշակերտներին գնահատելու, այլ նաեւ դպրոցների տնօրեններին պատժելու համար: Եթե աշակերտները լավ չեն հանձնում քննությունները, ապա սա տնօրենի խնդիրն է: Սա նշանակում է, որ դպրոցները ցանկանում են ազատվել ցածր առաջադիմություն ունեցող աշակերտներից: Միայն անցյալ տարի այս ամենի պատճառով 15 հազար աշակերտներ ստիպված են եղել դադարեցնել ուսումը դպրոցում», – ասում է նա:

 

Նաթիա Կուպրաշվիլին IWPR-ի կողմից վերապատրաստված լրագրող է եւ Վրաստանի շրջանային հեռարձակողների միության տնօրենը:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net

Դիտվել է 2184 անգամ:
Print Friendly

Leave a Reply