Հոգեբան. «Պետք չէ ստել երեխաներին. նրանց արագիլը չի բերում»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 27, 2009 13:10

sexԲժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով՝ մեծ բացթողում է, որ դպրոցներում չկա հոգեսեռական զարգացման մասին որևէ դասընթաց: «Դպրոցում անցնում են միայն անատոմիա, և սա շատ քիչ է»,-ասում է Շահրամանյանը:

Հոգեբան Սվետլանա Հարությունյանը խորհուրդ է տալիս դեռևս նախադպրոցական տարիքում երեխաների հոգեսեռական դաստիարակությամբ զբաղվել: «Երբեք պետք չէ երեխայի «որտեղի՞ց եմ ես» հարցին պատասխանել «քեզ արագիլն է բերել», կամ «կաղամբի միջից» , կամ առավել ևս «քեզ գնել ենք խանութից». երեխայի մոտ վախ կառաջանա, որ իրեն կարող են «հետ տանել խանութ»,- ասում է Հարությունյանը:

Հոգեբանի խոսքերով` կարելի է երեխայի բազմաթիվ հարցերին պատասխանել` նախ պատմելով կյանքի ու մահվան մասին, հետո բացատրել, թե ինչպես եք հանդիպել հայրիկին կամ մայրիկին, սիրահարվել, հետո սկսել միասին ապրել:

«4-5 տարեկան երեխային լիովին կարող եք բացատրել, թե ինչպես պետք է լինեն աղջիկ-տղա հարաբերությունները, սակայն հիմնականում հարաբերությունների մոդելը երեխաները ֆիքսում են հենց իրենց ծնողների օրինակով»,-ասում է Հարությունյանը:

Այժմ կան սեռական դաստիարակության ու խնդիրների մասին բազմաթիվ հրատարակություններ` տարբեր գրքեր ու ամսագրերում բաժիններ, որոնք հիմնականում գրված են սիրողական մակարդակով: Հարությունյանն ասում է, որ պատահական գրականություն պետք չէ կարդալ:

«Այսօր իրենից վտանգ է ներկայացնում նաև ինտերնետը, որը անսահմանափակ ինֆորմացիա է պարունակում և ավելի հաճախ դեզինֆորմացիա»,- ասում է Շահրամանյանը:

«Մեզ մոտ գալիս են այցելուներ, որոնք այն աստիճան անհեթեթ բաներ են կարդացել ամսագրերից կամ ինտերնետից (հաճախ այդ հոդվածները լինում են անստորագիր ու անհեղինակ), որ մնում ես ապշած. պացիենտներից մեկն ինչ-որ տեղ կարդացել էր, թե իբր սեռական ակտը տևում է 30 րոպե, և համարելով, որ իր մոտ խնդիրներ կան՝ եկել էր բուժվելու»,-պատմում է սեքսապաթոլոգը:

Բժիշկ-սեքսապաթոլոգը վտանգավոր է համարում, որ ինտերնետում ազատ է մուտքը դեպի տարբեր ուղղվածության կայքեր (հոմոսեքսուալ, բիսեքսուալ), որոնք դեռահասներին կարող են ազդեցության տակ գցել, քանի որ նրանց մոտ դեռ չկան հստակ պատկերացումներ:

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply