Եվրամիությունը 130 մլրդ եվրո կուղղի տնտեսական աճին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2012 15:10

Եվրոգոտու խոշորագույն 4 տնտեսությունների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի առաջնորդները Հռոմում պայմանավորվել են 130 մլրդ եվրո ուղղել տնտեսական աճը խթանող միջոցառումների իրականացմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երկրի մայրաքաղաքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ:

Բանակցությունների մասնակիցներն ընդգծել են, որ տնտեսական աճի խթանումից եվրոգոտում բյուջետային կարգապահությունը չի տուժի: Թե միջոցները կոնկրետ որ ուղղությամբ կծախսվեն, չի հաղորդվում:

Les Echos-ը գրում է, որ հանդիպմանը 4 երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև ֆինանսական գործառնություններում հարկեր մտցնելու հարցի շուրջ:
Ի դեպ, երեկ Լյուքսեմբուրգում կայացել է ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը, որի արդյունքում «Թոբինի հարկի» գաղափարը մեծ աջակցության չի արժանացել: Գաղափարն անվանակոչվել է Նոբելյան դափնեկիր Ջեյմս Թոբինի պատվին, ով առաջինն է առաջարկել միջազգային ֆինանսական գործարքներից գումարներ ուղղել զարգացող երկրների աջակցությանը:

Ինչպես հաղորդում է Le Monde-ը, նվազագույն 9 ձայնի դեպքում միայն 6 երկիր` Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Բելգիան, Պորտուգալիան ու Սլովենիան են հայտարարել գաղափարին աջակցության մասին: Մի քանի երկիր էլ ժամանակ է վերցրել խորհելու համար:

Ֆինանսական գործարքներից հարկեր գանձել առաջարկվում էր դեռ 2009թ.-ին: Իսկ 2011-ի ամռանը հարցը կրկին բարձրացրեցին Գերմանիան ու Ֆրանսիան: Իսկ հարցումները ցույց են տվել, որ «Թոբինի հարկին» կողմ է եվրոպացիների 66%-ը:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply