Մենք առաջնորդվել ենք չարյաց փոքրագույնի սկզբունքով. ԲՀԿ խմբակցության քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2012 14:27

Չնայած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի հայտարարություններին, թե ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 40 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին, դրանից հետ խմբակցության նիստ է հրավիրվել, ուր ծավալված բուռն քննարկումների արդյունքում վերանայվել է վերոնշյալ մոտեցումը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ վարկն ուղղվելու է հանրապետության ջրամատակարարման, ոռոգման և ջրահեռացման համակարգերի բարենորոգմանը:

«Անկեղծ պիտի լինեմ, որ այս դեպքում մենք առաջնորդվել ենք չարյաց փոքրագույնի տարբերակով՝ հասկանալով, որ կրկին վարկ վերցնելը լրջագույն ռիսկեր է պարունակում, հասկանալով, որ միշտ չէ, որ այդ վարկերը արդյունավետ են ծախսվել, և կան դա փաստող բազմաթիվ օրինակներ»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ որոշումը վերանայվել է, քանի որ ԲՀԿ-ն պատրաստվում է առաջարկ ներկայացնել, որպեսզի հայտարարվի վարկային նախագծերի վերաբերյալ մորատորիում՝ նկատի ունենալով Հայաստանի արտաքին պարտքի ռիսկայնության և կառավարելիության խնդիրը:

Նրա խոսքով՝ որոշման վերանայման պատճառն այն է, որ պաշտոնական քարոզարշավի ընթացքում, լինելով տարբեր գյուղական համայնքներում, ԲՀԿ ներկայացուցիչները գյուղացիների հետ հանդիպումների ընթացքում պարզել են, որ առկա խնդիրների առաջին եռյակում՝ ոռոգման, ջրահեռացման համակարգերի վերանորոգման հարցն է, քանի որ դրանք գտնվում են աղետալի վիճակում:

«Եվ ուղղակիորեն, մեր առջև խնդիր դրվեց՝ ինչ-որ կերպ խորհրդարանում բարձրացնել այս հարցը: Մենք, իհարկե, քննարկումների ժամանակ հարց բարձրացրինք, թե ինչո՞ւ հնարավոր չէ համակարգեը վերանորոգել բյուջետային միջոցներով, սակայն պատասխան տրվեց, որ ա՛յս, ա՛յս, ա՛յս արգումենտացիաներից ելնելով՝ դա հնարավոր չէ, և վարկը վերցվում է ութ տարի արտոնյալ պայմաններով, և այլն, և այլն: Եվ հիմա, փաստորեն, մենք այդ չարյաց փոքրագույնի տարբերակով ենք առաջնորդվել, որ գոնե, մի բան արվի, ինչպես նախագծում է նշված՝ 18 քաղաքային և 92 գյուղական համայնքների ջրամատակարաման աղետալի համակարգի վերականգնման ուղղությամբ»:

Իսկ որ վիճակն աղետելի է, Նաիրա Զոհրաբյանն համոզվել է անձամբ լինելով Արագածոտնի մարզի Հնաբերդ, Արագած, Տավուշի, Լոռու, Սյունիքի, Արարատի մարզերի բազմաթիվ գյուղերում, որտեղ որպես առաջնային խնդիր բարձրացրել է այդ համակարգերը վերջնական փլուզումից փրկելու հարցը:

 
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ նույն նկատառումներից ելնելով էլ կողմ են քվեարկել նաև Սևանա լճից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու՝ Կառավարության նախագծին:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply